Ապրիլ 26, 2024
exclusive
4357 դիտում

Երեւանը պատրաստ է ԵԱ-ին. Ճնշված վիճակից դուրս գալու լավ ձեւը հաղթանակներն են


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` AIBA

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` AIBA

Լուսանկարը` Մեդիամաքս


Մայիսի 21-31-ը Երեւանում կայանալու է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարի մեկնարկից օրեր առաջ Mediamax Sport-ը զրուցել է ԿԳՄՍ-ի փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ:

Նա պատմել է արդեն իրականացված աշխատանքների, կարեւոր գնումների, ծախսած գումարների ու մեծ փորձի ձեռքբերման մասին:

«Առաջնության նախապատրաստական աշխատանքները շատ եռուն փուլում են, արդեն ավարտվել է մասնակիցների գրանցումը: Մեր երկիր կժամանի 38 երկրի հավաքական: Այդ թիվը կարող էր ավելի մեծ լինել, եթե չլինեին աշխարհաքաղաքական խնդիրները: Առաջնությունը բաց կթողնեն Ռուսաստանը, Բելառուսն ու Ադրբեջանը, Ուկրաինայի թիմը կժամանի:

Հիմա քաշային կարգերն ավելացել են ու դարձել 13-ը, ինչի արդյունքում ավելի շատ մասնակիցներ կլինեն: Երեւանում ելույթ կունենան 280 բռնցքմարտիկներ, ընդհանուր ժամանողների թիվը կկազմի 500:

Լուսանկարը` AIBA


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նորոգման աշխատանքները 2-3 օր հետո կավարտվեն: Իրականացրել ենք սենյակների ու հատակի կոսմետիկ նորոգում, ինչպես նաեւ՝ արտաքին նորոգում:

80 մլն դրամով Օլիմպիական երկու ռինգ ենք ձեռք բերել, գնել ենք նաեւ ձեռնոցներ ու տանձիկներ: Դրանք մնալու են մեր երկրում, երկար տարիներ գույքային խնդիր չենք ունենա եւ միջազգային մրցումներ էլ կկարողանանք անցկացնել: Շատ գեղեցիկ է կահավորված լինելու դահլիճը:  

Առաջնությունը բրենդավորող ընկերությունը, որը պետք է կազմակերպի բացման ու փակման արարողությունները, նույնպես ակտիվ ու նպատակային աշխատում է: Կառավարական հանձնաժողովը հաճախ հավաքվում է ու փորձում լուծում տալ բոլոր հարցերին: Նկարահանման հետ կապված հարցերն ենք կարգավորել, Հայաստանում մենամարտերը ցուցադրելու են Առաջին ալիքն ու Vivaro News-ը: Հյուրանոցները պատրաստ են, տրանսպորտային հարցերը՝ լուծված, այս պահին չկա անլուծելի որեւէ բան:

Ընդունել ենք բռնցքամարտի միջազգային ու եվրոպական ֆեդերացիաների ներկայացուցիչներին, շատ բարձր կարծիքով ու գնահատականով են հեռացել: Մինչեւ առաջնության մեկնարկը եւս կգան, եթե որոշակի խնդիրներ լինեն, դրանք էլ կհարթվեն: Վստահ եմ, որ ամբողջովին պատրաստ կլինենք առաջնությանը:

Լուսանկարը` Photolure


Մայիսի 22-ին կլինի բացման արարողությունը, որը կմեկնարկի ժամը 21:00-ին, իսկ մեկ օր անց կսկսվեն նախնական մենամարտերը: Մայիսի 28-ին ազատ օր է, 29-ին կլինեն կիսաեզրափակիչները, իսկ որոշիչ մենամարտերը՝ մայիսի 30-ին:

Շատ կարեւոր է, որ մեր հավաքականը պատրաստ լինի առաջնությանը: Բնականաբար, մարզաշխարհում միշտ զգուշավոր պատասխաններ են տալիս, երբ հարցնում ես պատրաստվածության մասին: Մենք պրոֆեսիոնալներ ենք, առանձնապես չենք ճնշում ու խանգարում:

Մեր հավաքականի նախապատրաստական փուլն ամբողջովին հարթ է անցնում, մրցաշարի են մասնակցել, հավաք անցկացրել, այդ թվում՝ Իսրայելի ու Լիտվայի հետ համատեղ, որպեսզի բարձր քաշային կարգերի մարզիկներն էլ մրցակիցներ ունենան: Ամբողջական թիմով ենք մասնակցելու՝ կունենանք 13 բռնցքամարտիկ: Կարեւոր է, որ տղաները լավ մարզավիճակում մոտենան առաջնությանը: Լավատես եմ ու հավատում եմ, որ չեմպիոն կունենանք:   

Լուսանկարը` Մեդիամաքս


Հովհաննես Բաչկովի մասնակցության մասին վերջնական պատասխան դեռ չկա, բայց շատ ենք ուզում, որ նա էլ լինի թիմի կազմում: Բաչկովը մեր առաջատարն է, ամենափորձառուն ու տիտղոսակիրը, նրա մասնակցությունը շատ կօգնի ունենալ պինդ եւ ուժեղ թիմ:

2021-ին IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովի հրավերով ներկա էի Սերբիայում կայացած Աշխարհի առաջնությանը: Նա ցանկացել էր, որ ինքներս տեսնենք ինչպես են անցկացնում առաջնությունն ու ինչ պահանջ են ունենալու մեզնից: Բավական լուրջ գումարներ էին ծախսել ու հաջող առաջնություն կազմակերպել: Շատ բարձր խոսքեր չասեմ, բայց մենք ավելի քիչ գումարով ավելի լավն ենք անցկացնելու:

Առաջնության համար նախատեսված գումարի առյուծի բաժինը պետությունն է հատկացրել: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան էլ բավական գումար է ծախսում, հովանավորներ էլ կան: Առաջնության օրերին Հայաստանում մեծ թվով մարդիկ են լինելու, հաստատ պետությունը շատ ավելին հետ կստանա, քան ծախսել է: Ֆինանսապես այս առաջնությունից չենք տուժի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզահամերգային համալիրը նաեւ սպորտի համար է կառուցվել, բայց վերջին շրջանում միայն համերգային մասն էր գործում: Հիմա այդ հրաշալի կառույցին կվերադարձնենք ակունքներին՝ աշխուժացնելով նաեւ սպորտային տեսանկյունից:

Համալիրն ամբողջությամբ բաշխված է, թիմերի համար առանձին մարզումային դահլիճ ու նախապատրաստման գոտի է լինելու, մամուլի կենտրոն: Բացի այդ էլ «Դինամոյում» ու Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում կլիներ ռինգեր մարզվել ցանկացող հավաքականների համար:

Տոմսերն արդեն վաճառքում են, արժեն 1000-10000 դրամ: Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցներին, վետերան բռնցքամարտիկներին ու հաշմանդամություն ունեցող մարզիկներին հրավիրատոմսեր կհատկացվեն: Հույս ունեմ, որ մնացածը կվաճառվեն, մեր մարզիկներն ունեն երկրպագուների աջակցության կարիքը: Այնպես անենք, որ իրենք հասկանան՝ տանն են մենամարտում, դա շատ կարեւոր է ու հաղթանակի ճանապարհին խթան:

Լուսանկարը` AIBA


Այս առաջնության շնորհիվ կազմակերպման փորձ ձեռք կբերենք եւ մյուս տարի էլ ծանրամարտի առաջնությունը կանցկացնենք, որը վարկանշային է լինելու ու շատ ավելի բարձր հարկի:

Նախնական պայմանավորվածություն կա նաեւ Աշխարհի առաջնություն անցկացնելու, բայց դեռ չեմ նշի որ մարզաձեւից:

Սա փորձ ձեռք բերելու եւ երկիրը լավ ներկայացնելու միջոց է: Ի վերջո, հայ ազգն իրավունք ունի հաղթանակի բերկրանք վայելել, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպես լինի: Այս հոգեբանական ճնշված վիճակից դուրս գալու ամենակարճ ու լավ ձեւը սպորտային հաջողություններն ու հաղթանակներն են»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին