Ապրիլ 27, 2024
2227 դիտում

Յուրգեն Կլոպի ու Պեպ Գվարդիոլայի ջենթլմենական ու տակտիկական պայքարը


Լուսանկարը` Premier League

Լուսանկարը` Goal

Լուսանկարը` Goal

Լուսանկարը` Goal

Լուսանկարը` Goal

Լուսանկարը` Goal

Լուսանկարը` Goal

Լուսանկարը` The42

Լուսանկարը` si

Լուսանկարը` si


Ֆուտբոլասերների համար աննկարագրելի հաճելի է ոչ միայն հիանալ «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Սիթիի» դիմակայություններով, այլ նաեւ նրանց գլխավոր մարզիչներ Պեպ Գվարդիոլայի ու Յուրգեն Կլոպի պայքարով:

Երկու ամենահետաքրքիր ու խարիզմայով մարզիչներին հետեւելն իսկական վայելք է: Երկուսն էլ կրքով են մոտենում ֆուտբոլին, ունեն իրենց ուրույն հայացքն ու նվիրումը խաղի նկատմամբ: Գվարդիոլան ու Կլոպը նաեւ իրենց ֆուտբոլային յուրահատուկ էներգիայի առումով են առանձնանում:

Անձնական հաշիվները

Նախորդ շաբաթվա ընթացքում նրանց թիմերը 2 անգամ հանդիպեցին միմյանց հետ: Նախ Անգլիայի առաջնությունում գրանցվեց 2:2 հաշիվը, ապա Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Լիվերպուլը» 3:2 հաշվով ուժեղ էր «Մանչեսթեր Սիթիից»: Կլոպը դարձավ միակ մարզիչը, որին հաջողվել է 10 անգամ հաղթել Գվարդիոլայի թիմերին:

Լուսանկարը` Goal


Մինչ այդ նրանց անձնական պայքարի հաշիվն 9:9 էր՝ ներառյալ «Բավարիայում» եւ «Բորուսիայում» աշխատելու տարիները: Փոխարենը Գվարդիոլան շատ ավելի տիտղոսների է հասել, նա 10 գավաթ է նվաճել, Կլոպը զգալիորեն զիջում է 5 տիտղոսով: Իսպանացին նաեւ 11 անգամ դարձել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ, Կլոպն ունի 9 արձանիկ:

Սակայն Պեպը երբեք էլ իր նվաճումներով գլուխ չի գովում, չի հիշատակում 3 առաջնություններում ունեցած 3 չեմպիոնական տիտղոսներն ու ՉԼ-ում հաղթանակները: Կլոպն էլ իր հերթին բարձր ինքնագնահատական ունի, բայց փաստերն էլ շատ հեշտությամբ է ընդունում: Բացի այդ էլ երբեք չի վախենում իսպանացու թիմերից ու գիտի նրանց հետ դեմ առ դեմ խաղերում հաղթելու ձեւը:

2 տիտղոսի համար պայքարը

«Չգիտեմ, արդյոք հարգո՞ւմ է ինձ Յուրգենը: Բայց նա պետք է իմանա, որ ես իրեն շատ եմ հարգում: Նա ինձ ավելի լավն է դարձրել: Նրա թիմը միշտ մեզ մոտ է, միշտ ագրեսիվ: Մենք ընկերներ չենք ու երբեք էլ չենք տեսնվում: Թեեւ ունեմ նրա համարը, բայց երբեք չեմ զանգահարում: Հարգում եմ Կլոպին, բայց գիտի, որ մեր ամեն հաջորդ խաղում փորձելու եմ հաղթել նրան»,- խոստովանել է Գվարդիոլան:

Լուսանկարը` Goal


Կլոպն էլ պատմել է, որ դեռ հունվարին գիտեին, որ մինչեւ մրցաշրջանի ավարտն իրենց թիմերին միայն մեկական անգամ կարող են ոչ-ոքի թույլ տալ. «Առաջնությունում մեր վերջին պայքարը նման էր բռնցքամարտի մենամարտի՝ հենց մի վայրկյան ձեռքերդ իջեցնում էիր, ուժեղ հարված էիր ստանում: Շատ բաներ հավանեցի, ուրախ էր իսկապես: Գիտեմ, թե «Սիթին» որքան լավն է, նրա որակները պետք է հարգել»:

Մինչեւ մրցաշրջանի ավարտը Գվարդիոլան ու Կլոպը շարունակելու են պայքարել 2 տիտղոսի համար: Անգլիայի Գավաթի խաղարկությունում «Սիթին» զիջեց դիրքերը, սակայն մյուսներում դեռ կարող է շատ թեժ լինել:

Պրեմիեր Լիգայում առաջատարը Գվարդիոլայի թիմն է՝ միավորով գերազանցելով «Լիվերպուլին», իսկ Չեմպիոնների Լիգայում թիմերը հասել են մինչեւ կիսաեզրափակիչ:  «Մանչեսթեր Սիթին» հանդիպելու է Մադրիդի «Ռեալին», իսկ «Լիվերպուլին» բաժին է ընկել «Վիլյառեալը»: Այնպես որ, իսպանական ակումբներին հաղթելու դեպքում նրանք կարող են ապահովել զուտ անգլիական եզրափակիչ:

Լուսանկարը` Goal


Եվրոպայի տակտիկական պայքարը

Կլոպի ու Գվարդիոլայի դիմակայությունը մեկ բառով կարող է բնորոշել՝ զուտ ջենթլմենական, թեեւ հանդիպումները թեժ պայքարում են անցնում: Դրանք ոչ մի դեպքում չեն համեմատվի, օրինակ, Գվարդիոլայի ու Մոուրինյոյի հետ տարած պայքարի հետ, որոնք լի էին խայտառակ վեճերով ու ծեծկռտուքներով:

Գվարդիոլա-Կլոպ մարզչական զույգը նաեւ տակտիկապես ամենաուժեղն է համարվում Եվրոպայում: Կլոպի կենսագիր Ռաֆայել Հոնինգշթայնը գերմանացու ակումբները կրիպտոնիտ է համարում Գվարդիոլայի համար: Ուժեղ մրցակցի հետ խաղերում զիջելն օգնում է իսպանացուն ավելի շատ զարգանալ ու նոր հարցերի պատասխաններ գտնել:

«Մանչեսթեր Սիթիի» մասին պատմող «Ամեն ինչ կամ ոչինչ» ֆիլմում, որը նկարահանվել է չեմպիոնական մրցաշրջանից հետո, տեղ է գտել Գվարդիոլայի կարճ զրույցն իր օգնականների հետ. «Նրանք վախեցնում են ինձ: Նկատի ունեմ, որ նրանք վտանգավոր են»,- ասել է Պեպը «Լիվերպուլի» մասին:

Լուսանկարը` Goal


Նա վաղուց կարողանում է իր թիմերին հարմարեցնել մրցակցի ոճին, բայց «Լիվերպուլն» ամեն անգամ կարողանում է նրան դժվար կացության առաջ կանգնեցնել: Այդ մասին խոսել է նաեւ Գվարդիոլան ու դա, երեւի, լավագույն գովասանք է, որը կարելի է ստանալ նման մասնագետից:

Կլոպ

Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է, դրանում բոլորս կհամաձայնվենք: Միայն հանգամանքների բերումով չի ստացվել, որ նա «Մանչեսթեր Սիթիի» հետ հաղթի Չեմպիոնների լիգայում:

Իսկ հիմա չեմպիոնական պայքարից խոսենք: Կարեւորն այն է, որ մենք մոտ լինենք մրցաշարային աղյուսակի 1-ին տեղին, ինչ էլ որ պատահի:

Վերջին 4 մրցաշրջանի ընթացքում «Մանչեսթեր Սիթիին» մոտ չենք քայլել, մեկ անգամ մեր սխալների պատճառում, իսկ 3՝ կատաղի մրցավազք է ընթացել: Երկու թիմերն էլ ունակ են գործելու հատուկ կերպով: Ամենայն հարգանով եմ ասում՝ «Սիթին» կարող է անհավանական լինել:

Լուսանկարը` Goal


Կարծում եմ միմյանց առաջ ենք մղում, ու ոչ միայն մենք: Պետք չէ մոռանալ նաեւ «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» ու «Տոտենհեմի» մասին: Մեզանից ոչ մեկը չի կարող ռիսկի դիմել, քանի որ մրցակիցը շատ զգոն է:

Պեպն ասել է, որ ասեք փուշ լինենք խրված նրանց ոտքի մեջ, հիանալի նկարագրություն է: Այդպես էլ պետք է լինի: Փորձում ենք մրցակցին նյարդայնացնել որքան հնարավոր է շատ, մինչեւ որ կարողանանք շրջանցել նրան: Բայց չգիտեմ, թե դա երբ տեղի կունենա, կամ առհասարկ կլինի, թե ոչ:

Գվարդիոլա

Երբեք չեմ հավատա Կլոպին, թե նրա թիմը հրաժարվել է չեմպիոնության համար պայքարից: Նրա փոխարեն ես կզգայի, որ ջանքեր գործադրելու շնորհիվ կարող ենք առաջինը լինել: Եթե նա էլ այդպես չկարծեր, մենք մրցաշարային աղյուսակում իրար այսքան մոտ չէինք լինի՝ ընդամենը 1 միավորի տարբերությամբ:

Կլոպը հույս ունի մեզ բռնացնել սխալների վրա: Ֆուտբոլն այնպիսի մարզաձեւ է, որ երկար մրցատարածություններում ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ: Միեւնույն ժամանակ, Կլոպը հիանալի հասկանում է, որ իր թիմը պետք է հաղթի համարյա թե մնացած բոլոր խաղերում:

Լուսանկարը` Goal


Նույնն էլ մենք գիտենք, որ եթե հաղթենք բոլոր տուրերում, չեմպիոնության հետ կապված հարցերը կլուծենք:

Եթե միավորների տարբերությունը լիներ 14-16, այդ ժամանակ կարող էի ասել, որ մոտ ենք չեմպիոն հռչակվելուն: Դեռ ամեն ինչ էլ կարող է պատահել:

Մեր ակումբները վերջին տարիներին ցույց են տվել, որ կարող են անել անհնար պոռթկումներ ու արդյունքում հասնել հաղթանակի: Եթե մի անգամ ստացվել է, ինչո՞ւ նորից չենք կարող կրկնել: Մարզիչները նույնն են, թիմերի կազմերը քիչ են փոխվել, մնացել է նույն փիլիսոփայությունը, ամեն ինչ իր տեղում է:

Լուսանկարը` The42


Կլոպն ինձ անվանել է աշխարհի լավագույն մարզիչը, բայց ես այդպիսին չեմ, թեեւ այս աշխատանքով զբաղվում եմ հենց այդ նպատակով:

Կլոպը ֆուտբոլային աշխարհն ավելի լավն է դարձնում: Նա մրցակցության նկատմամբ շատ դիմացկուն է, դա երեւում է նրա թիմերի ցուցադրած խաղից: Յուրգենը հիանալի մարդ է նաեւ, դեռ Գերմանիայում աշխատելու տարիներին եմ դրանում համոզվել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին