Ապրիլ 27, 2024
exclusive
2927 դիտում

Անգլոիսպանական վերջնապայքար՝ Չեմպիոնների լիգայում


Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Liverpool FC

Լուսանկարը` Villarreal C.F.

Լուսանկարը` Manchester City

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Manchester City


Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հանդիպումներում եղան թե՛ սպասելի արդյունքներ, թե՛ անակնկալներ։

Այժմ պայքարում մնացել են չորս ուժեղագույն ակումբներ, ինչը նշանակում է, որ մրցաշարը լինելու է ավելի թեժ եւ ինտրիգային։

Մրցաշրջանի անակնկալն ու անգլիական գրանդի շանսերը

Լուսանկարը` Villarreal C.F.


Այս մրցաշրջանի անակնկալը, անխոս, համարվում է իսպանական «Վիլյառեալը»։ Չնայած դեղին սուզանավը Լա Լիգայում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը եւ ոչ այնքան հաջող է հանդես գալիս, Չեմպիոնների լիգայում բավականին նախանձելի ֆուտբոլ է ցուցադրում։ Ունայ Էմերիի ընտրած մարտավարությունն արդարացնում է գրանդ ակումբների դեմ խաղերում։ Ակտիվ պաշտպանություն, բայց ոչ դասական ավտոբուս։

«Վիլյառեալը», ի տարբերություն իսպանական մյուս ակումբի՝ «Ատլետիկոյի», չի փակվում պաշտպանությունում եւ, կիրառելով բարձր պրեսսինգ, տհաճ անակնկալներ է մատուցում իրենից խաղամակարդակով բարձր թիմերին։ «Վիլյառեալը» հաջողության հասավ այնպիսի թիմերի նկատմամբ, ինչպիսիք են «Յուվենթձուսն» ու «Բավարիան»։ Դեղին սուզանավը կիսաեզրափակչում կհանդիպի «Լիվերպուլին»։

Անգլիական գրանդը լուրջ թափ է հավաքել եւ այս մրցաշրջանում կարող է նվաճել միանգամից չորս տիտղոս։ Ձմռանը մերսիսայդցիներն արդեն նվաճել են Անգլիայի Լիգայի գավաթը։ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում կարմիրները կհանդիպեն իրենց հիմնական մրցակցին՝ «Մանչեսթեր Սիթիին»։ Պրեմիեր լիգայում, նույնպես, պայքարն ընթանում է այս երկու թիմերի միջեւ․ «Լիվերպուլը» քաղաքաբնակներից հետ է մնում ընդամենը մեկ միավոր։

Լուսանկարը` Liverpool FC


«Վիլյառեալն» արդեն մեծ փորձ ունի հարձակողական թիմերին դիմակայելու։ Սա նշանակում է, որ «Լիվերպուլն» ամենայն լրջությամբ պետք է մոտենա սպասվող դիմակայությանը։ «Վիլյառեալին» կարող է օգնել նաեւ այն հանգամանքը, որ «Լիվերպուլն» այս պահին դժվարին պայքար է մղում նաեւ այլ մրցաշարերում։ Թիմերի միջեւ առաջին հանդիպումը տեղի է ունենալու Էնֆիլդում։ Իսպանական ակումբին եթե հաջողվի չպարտվել «Լիվերպուլի» հարկի տակ, ապա շանսերը կմեծանան, որ իսպանացիներն, իրենց հարկի տակ, հասնեն հերթական հաղթանակին։

Սերուցքայինների հաղթաթուղթն ու հատուկ հակաթույնի կարիքը

Լուսանկարը` Manchester City


Կիսաեզրափակչի հաջորդ զույգը ձեւավորվել է, համեմատաբար, հավասարազոր թիմերով։ «Մադրիդի Ռեալը» եզրափակչի ուղեգրի համար կպայքարի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Կառլո Անչելոտիի սաները մրցաշրջանի սկզբից էլ լավ մարզավիճակում են եւ ամեն ինչ կանեն Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում սերուցքայինների հաղթաթուղթն է համարվում Բենզեմա – Վինիսիուս զույգը։ Ընթացիկ մրցաշրջանում, գոլ գումարած պաս համակարգով, նրանք իրենց ակտիվում ունեն 85 արդյունավետ գործողություն։ Մադրիդյան ակումբը վստահորեն գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից» առաջ է 12 միավորով (վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել)։

Իսկ «Ռեալի» մրցակիցը Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» է։ Մանչեսթերյան ակումբն ինչ-որ չափով նման է «Լիվերպուլին»։ «Սիթին» նույնպես պայքարում է երեք ճակատով եւ չի կարող կենտրոնանալ միայն Չեմպիոնների լիգայի վրա։ Քաղաքաբնակները մեծ դժվարությամբ հաղթահարեցին կիսաեզրափակչում մադրիդյան մյուս թիմի՝ «Ատլետիկոյի» դիմադրությունը։

Լուսանկարը` Real Madrid


Արդեն երեւում է, որ Գվարդիոլայի՝ գնդակին տիրելու եւ դիրքային գրոհներ իրականացնելու մարտավարությունը ոչ բոլոր թիմերի հետ է աշխատում։ Առաջին հանդիպմանը հաղթելով նվազագույն հաշվով՝ Մադրիդում անգլիական ակումբը մեծ դժվարությամբ անառիկ պահեց դարպասը։ Իսկ «Ռեալը» կարգով ավելի բարձր ակումբ է ատլետներից, ինչը նշանակում է, որ մանչեսթերյան ակումբի վրա ճնշումը լինելու է էլ ավելի ուժգին։ Գվարդիոլան մայրաքաղաքայինների համար պետք է հատուկ հակաթույն ստեղծի եզրափակիչ հասնելու համար։

Եզրափակչին հասնելու շարժառիթները

Այս չորս ակումբներից երկուսը վերջին շրջանում արդեն նվաճել են Չեմպիոնների լիգայի տիտղոսը՝ «Ռեալն» ու «Լիվերպուլը»։ «Վիլյառեալն» անգամ մոտ չի եղել այդ նվաճմանը, իսկ «Մանչեսթեր Սիթին» վերջին առաջնություններում ցավալի պարտություններ է կրում վճռորոշ պահերին։ Անցած մրցաշրջանում քաղաքաբնակները, նույնիսկ, հասել էին եզրափակիչ, բայց պարտվեցին Լոնդոնի «Չելսիին»։ Ամենամոտիվացված ակումբը համարվում է «Մանչեսթեր Սիթին»։

Լուսանկարը` Real Madrid


«Ռեալին» շատերը համարում են Չեմպիոնների լիգայի տիտղոսի մշտական հասցեատերը։ Այս եվրագավաթում արքայականները շքեղ եւ հաջողակ ֆուտբոլ են ցուցադրում եւ արդեն իրենց ակտիվում ունեն Չեմպիոնների լիգայի 13 տիտղոս։ «Լիվերպուլը» վերջին անգամ այս տիտղոսը նվաճել է 2019 թվականին։ Սակայն դրանից մեկ տարի առաջ՝ մերսիսայդցիները ցավալի պարտություն կրեցին եզրափակիչ խաղում՝ «Ռեալից»։ Ընդամենը դարպասապահի մի քանի սխալները վճռեցին հանդիպման ելքը։ Յուրգեն Կլոպի սաները ցանկանում են ռեւանշի հասնել իսպանացիների նկատմամբ եւ ամեն հնարավորը կանեն, որպեսզի եզրափակչում հանդիպեն «Ռեալին» եւ հաղթանակի հասնեն։

Լուսանկարը` Manchester City


Դե, իսկ այս մրցաշրջանի գլխավոր անակնկալը, ինչպես նշեցինք, «Վիլյառեալը», կանի անհնարինը հեքիաթը շարունակելու եւ ավարտին հասցնելու համար։ Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հաջող է հանդես եկել մյուս եվրագավաթում՝ Եվրոլիգայում, սակայն Չեմպիոնների լիգայում տհաճ հիշողությունները բազմաթիվ են։ Որպես վառ օրինակ՝ «Բարսելոնայի» ռեմոնտադանը հիշենք։ 2017 թվականին «Բարսելոնան» կարողացավ ռեւանշի հասնել Էմերիի գլխավորած ՊՍԺ-ի նկատմամբ եւ 4-0 հաշվով պարտությունից հետո՝ երկրորդ խաղում, հաղթեց 6-1 հաշվով։ Էմերին շատ մոտ է հրաշքին եւ անզիջում կպայքարի երազանքին հասնելու համար։

Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 26-ին եւ 27-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին եւ 4-ին, իսկ եզրափակիչը մայիսի 28-ին՝ Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում։

Լեւոն Կիրակոսյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին