Ապրիլ 27, 2024
exclusive
4446 դիտում

Օլիմպիական խաղերին մասնակցած թագավորական ընտանիքների անդամները


Լուսանկարը` as.com

Լուսանկարը` royal.uk

Լուսանկարը` royal.uk

Լուսանկարը` Zimbio

Լուսանկարը` revistavanityfair.es

Լուսանկարը` epimg.net

Լուսանկարը` Zimbio

Լուսանկարը` wikipedia

Լուսանկարը` hellomonaco.com

Լուսանկարը` revistavanityfair.es

Լուսանկարը` promipool.de

Լուսանկարը` zimbio

Լուսանկարը` zimbio

Լուսանկարը` getty images

Լուսանկարը` nbcsports.com

Լուսանկարը` zimbio

Լուսանկարը` zimbio

Լուսանկարը` omode.info

Լուսանկարը` zimbio


Եթե չլիներ կորոնավիրուսն, այս օրերին ամբողջ աշխարհը պետք է անհամբերությամբ սպասեր Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Փոխարենն առաջակում ենք կարդալ Օլիմպիական խաղերին մասնակցած թագավորական ընտանիքների անդամների մասին:

Մեծ Բրիտանիա

Աննա Ֆիլիպս (Արքայադուստր Աննա՝ Եղիսաբեթ թագուհու դուստրը)

Դեռ պատանեկության տարիներին արքայադուստրն օրերով կորչում էր ձիարշավարանում: Հետագայում այդ սերն իսկական հոբբիի ու լուրջ զբաղմունքի վերածվեց:

70-ականներին նա ձիասպորտի խոշոր մրցումների է մասնակցել, ոսկե եւ արծաթե մեդալներ նվաճել: Աննան Օլիմպիական խաղերի է մասնակցել 1976 թվականին Մոնրեալում ու 24-րդ տեղը զբաղեցրել: Թեեւ նա մեծ հաջողության չի հասել, սակայն դարձել է բրիտանական թագավորական ընտանիքի առաջին անդամը, որը հանդես է եկել խաղերում: Պատահական չէ, որ նրան նաեւ Օլիմպիադայի արքայադուստր են անվանում: Աննան արդեն երկար տարիներ Բրիտանիայի Օլիմպիական ասոցիացիան է ղեկավարում:

Լուսանկարը` royal.uk


1976-ի խաղերի ժամանակ արքայադուստրը միակ մասնակիցն է եղել, որը սեռական պատկանելությունը ստուգող թեստ չի հանձնել, թագավորական ընտանիքի անդամի համար բացառություն են արել:

Իր ամուսնու՝ Մարկ Ֆիլիպսի, հետ նա ձիասպորտի շնորհիվ է ծանոթացել: Աննայի եղբայր արքայազն Չարլզը կատակով սիրում էր ասել. «Հեծյալի է ամուսին ընտրել, քանի որ չէր կարող ամուսնանալ իր սիրելի ձիու՝ Գուդվիլի հետ»: Ֆիլիպսը 1972-ի Մյունխենի խաղերում Բրիտանիայի թիմի կազմում ոսկե մեդալակիր է դարձել, իսկ 1988-ին Սեուլում անհատական արծաթի արժանացել: Ձիասպորտի նկատմամբ սերը նրանք փոխանցել են իրենց կրտսեր դստերը՝ Զառային:

Լուսանկարը` royal.uk


Զառա Ֆիլիպս

Աննայի հետ ամուսնանալիս Ֆիլիպսը հրաժարվել է թագավորական բոլոր տիտղոսներից՝ իր երեխաներին էլ զրկելով դրանցից: Աննան էլ դեմ չէր այդ որոշմանը, նա գտնում էր՝ որքան հեռու լինեն Բուքինգեմյան պալատից, այնքան լավ իր ու երեխաների համար:

Զառան ծնողներից ժառանգել է սպորտի նկատմամբ սերն ու անգամ որոշել դրա հետ կապված մասնագիտություն ստանալ: Նա ընդունվել է Էկսետերի համալսարանի ձիերի ֆիզեոթերապիա բաժինը:


Ի տարբերություն մայրիկի, նա պրոֆեսիոնալ մարզուհի է դարձել, Մեծ Բրիտանիայում ու Եվրոպայում կայացած մրցաշարերում հաղթել ու մեդալներ նվաճել: Նա անգամ Աշխարհի չեմպիոնուհու կոչմանն է արժանացել:

Բայց նրա ամենակարեւոր մրցումները եղել են 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերը:  Զառան Անգլիայի հավաքականի կազմում իր նժույգի՝ Հայ Քինդեմի հետ արծաթե մեդալակիր է դարձել:


Մոնակո

Արքայազն Ալբերտ II

Մոնակոյի թագավորական ընտանիքում համարյա բոլորն էլ սպորտի նկատմամբ մեծ սեր ունեն: Ասում են ամեն ինչ լեգենդար Գրեյս Քելլիից է փոխանցվել: Դերասանուհու հայրը մարզիկ էր ու ակադեմիական թիավարության ձեւում Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է դարձել 2 անգամ 1920-ին Անտվերպենում ու 1924-ին Փարիզում:

Քելլիի որդին՝ Արքայազն Ալբերտը, բոբսլեյով է զբաղվել ու ձմեռային 5 Օլիմպիական խաղերի մասնակցել: Նա ելույթները սկսել է 1988-ի Քալգարիի խաղերում ու վերջինը հանդես եկել 2002-ին Սոլթ Լեյք Սիթիում: Երեք անգամ Արքայազնն իրենց հավաքականի դրոշակակիրն է եղել: 1985-ին Ալբերտը պաշտոնապես ընդգրկվել է ՄՕԿ-ի անդամների ցանկում:

Լուսանկարը` Zimbio


Արքայադուստր Շարլին՝ Ալբերտի կինը

Շարլինը մանկուց լողի սիրահար էր, քանի որ նրա մայրիկը մարզիչ էր աշխատում: 5 տարեկանից էլ հղկել է իր վարպետությունը: 18 տարեկանում ՀԱՀ-ում ազգային առաջնություններում հաղթող է դարձել, 2000-ին էլ մասնակցել Սիդնեյի Օլիմպիական խաղերին: Մինչ այդ նա ուժերն է փորձել միջերկրածովային Mare Nostrum մրցաշարում, որտեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ: Դրանից 11 տարի անց նրանք ամուսնացել են:

Սիդնեյում Շարլինը թիմային պայքարում 5-րդ տեղն է գրավել: Նա պլանավորում էր հանդես գալ նաեւ Պեկինում, սակայն վնասվածքի պատճառով մեկնել չկարողացավ:

Լուսանկարը` revistavanityfair.es



Իսպանիա

Թագավոր Խուան Կառլոս I (կառավարել է 1975-2014 թթ)

Առանց չափազանցության Իսպանիայի թագավորական ընտանիքն ամենաօլիմպիականն է աշխարհում: 1972-ին Մյունխենում ելույթ է ունեցել այն ժամանակ դեռ գահի ժառանգորդ Խուանը Կառլոսը: Նա ուժերը փորձել է առագաստանավային սպորտում ու, պատկերացրեք, նրա մրցակիցների թվում էր Նորվեգիայի արքայազն Հարալդը, որի թիմը 10-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Կառլոսն ու ընկերները 15-րդն էին:

Առագաստանավային սպորտով է զբաղվել նաեւ Իսպանիայի թագուհի Սոֆիան: 1960-ի խաղերում նա հավաքականի պահեստային կազմում էր, իսկ նրա եղբայր Կոնստանտինն Օլիմպիական չեմպիոն է հռչակվել:

Լուսանկարը` epimg.net


Ֆելիպե VI

Պարզ է, որ նման ընտանիքում հնարավոր չէր մարզիկ չդառնալ: Իսպանիայի ներկայիս թագավոր Ֆիլիպը միշտ է սպորտով զբաղվել, իսկ առագաստանավային մրցումները նրա ամենամեծ կիրքն էին:

Նա 1992-ին անցել է որակավորման մրցումներն ու ընդգրկվել Իսպանիայի օլիմպիական հավաքականում: Այդ ժամանակ խաղերն անցկացվել են Բարսելոնայում, Ֆիլիպն էլ բացման արարողության ժամանակ Իսպանիայի դրոշակակիրն է եղել:

Իր սպորտային արդյունքներով նա գերազանցել է ընտանիքի անդամներից բոլորին, բացառությամբ քեռի Կոնստանտինին՝ զբաղեցնելով 6-րդ տեղը: Դրանից հետո Ֆելիպեն մշտապես ներկա է եղել խաղերին, բայց էլ ոչ մարզիկի կարգավիճակում:

Լուսանկարը` Zimbio


Ինֆանտա Կրիստինա (Խուան Կառլոս I դուստր)

Խուան Կառլոսի կրտսեր դուստրը դահուկասպորտում ու առագաստանավային սպորտում է ուժերը փորձել: 22 տարեկանից մրցումների է մասնակցել, իսկ 1988-ին Իսպանիայի կազմում մասնակցել Սեուլի խաղերին, նա էլ եղբոր պես դրոշակակիր է եղել ու ելույթն ավարտել 20-րդ տեղում:

Արքայադուստր Կրիստինայի ամուսինը հայտնի հանդբոլիստ Ինյակի Ուրդանգարինն է, որը 3 խաղերի է մասնակցել ու 2 անգամ մեդալակիր դարձել:

Նորվեգիա

Ուլաֆ V

Նորվեգիայի թագավորական ընտանիքն էլ պակաս սպորտային չէ: Նորվեգիայի թագավոր Ուլաֆը միայն մեկ անգամ է մասնակցել խաղերի՝ 1928-ին, բայց միանգամից չեմպիոն է դարձել: Բնականաբար, առագաստանավային սպորտում, բացի այդ էլ նշանվել է իր սիրելիի՝ շվեդուհի Մարթայի հետ: Այդ նշանադրությունն ամբողջ աշխարհում լավ է ընդունվել, քանի որ Շվեդիայի ու Նորվեգիայի յուրահատուկ հաշտությունն էր խորհրդանշում:

Լուսանկարը` wikipedia


Հարալդ V

Ուլաֆի որդին հոր պես նույն մարզաձեւն է ընտրել ու իր վարպետությունը ցույց տվել Տոկիոյի, Մեխիկոյի ու Մյունխենի խաղերում, բայց 8-րդ հորիզոնականից բարձր տեղ չի գրավել:

Արքայազն Հոկոն

Նորվեգիայի թագավորական պալատի ամենահումորով մարդը՝ արքայազն Հոկոնը, ցավոք, ոչ մի Օլիմպիական խաղերի էլ չի մասնակցել, չնայած որ ուժեղ է մի քանի սպորտաձեւերում: Բայց փոխարենը 1994-ի Լիլլիհամերի խաղերում նրան է վստահվել Օլիմպիական կրակը վառելու պատիվը:

Դանիա

Արքայադուստր Նատալի

Մարգարիտ թագուհու զարմուհին երկար տարիներ թագավորությունը ներկայացրել է սպորտային միջոցառումների ժամանակ: Նա մասնակցել է ձիասպորտի մրցումներին: 2000-ին որպես պահեստային մեկնել է Սիդնեյ, 2008-ին Պեկինում թիմային պայքարում բրոնզե մեդալակիր դարձել, անհատականում՝ 4-րդ տեղը գրավել: Լոնդոնի խաղերում նրա թիմը 4-րդն է եղել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին