Տարիներ առաջ Աշխարհի 2018 թվականի առաջնությունը կազմակերպելու համար ՖԻՖԱ դիմել էին Ռուսաստանը, Անգլիան, համատեղ հայտ էին ներկայացրել Իսպանիա-Պորտուգալիա եւ Բելգիա-Հոլանդիա զույգերը:
2010-ի դեկտեմբերին Ցյուրիխում հայտարարվեց, որ հաղթող է ճանաչվում Ռուսաստանը:
Լուսանկարը` ria.ru
Կոռուպցիոն սկանդալը
2015 թվականին Շվեյցարիայի դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ Ռուսաստանն ու Քաթարը 2018 եւ 2022 թվականների Աշխարհի առաջնությունների անցկացման համար կաշառք են տվել ՖԻՖԱ-ի գործկոմի մի շարք անդամների:
Այս գործով եղան բարձրաստիճան անձանց ձերբակալություններ, իսկ նրանցից շատերն ընդունեցին մեղքը: Չնայած սրան, ՖԻՖԱ-ն հենց նույն օրը հայտարարեց, որ Ռուսաստանի եւ Քաթարի հայտերը չեն վերանայվի, երկրները կանցկացնեն առաջնությունները:
Լուսանկարը` AFP
Պաշտոնից ազատված ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, որը համարվում էր ամենակոռումպացվածն այս կառույցում, ավելի ուշ հարցազրույց էր տվել ու հայտնել, որ Ռուսաստանին առաջնությունը տրվել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ գաղտնի պայմանավորվածությունների շնորհիվ:
Չնայած եղած ապացույցներին ու տարբեր անձանց խոստովանություններին, 2017-ին ՖԻՖԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանը Մունդիալ-2018-ի անցկացման իրավունքը վաստակել է արդար ու մրցակցային պայմաններում:
Առաջնությունը բոյկոտողները
Լուսանկարը` Reddit
Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրացումից հետո արեւմտյան երկրների ղեկավարները սկսեցին տարբեր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:
Քաղաքականությունը չանտեսեց նաեւ սպորտը: 2014 թվականից տարբեր ատյաններում պաշտոնյաները հայտարարություններով էին հանդես գալիս ու կոչ անում Ռուսաստանին զրկել ԱԱ-2018-ի անցկացման իրավունքից: Արեւմուտքը նշում էր, որ ագրեսոր համարվող եւ ուրիշի հողը բռնազավթող (նկատի ունեն Ղրիմի միացումը ՌԴ-ին) երկիրը, որտեղ անընդհատ խախտվում են մարդու իրավունքները, չի կարող ընդունել նման մեծ ու պատասխանատու միջոցառում:
Այս քննարկումներն ավելի թեժացան կոռուպցիոն սկանդալից հետո: Սակայն կրկին ոչ մի էական արդյունք չարձանագրվեց: Արդեն այս տարի Եվրոպական պառլամենտի 60 պատգամավորներ դիմեցին երկրների ղեկավարներին, որպեսզի նրանք բոյկոտեն ու ներկա չլինեն ԱԱ-ի խաղերին:
Լուսանկարը` DW
Անգլիայի, Իսլանդիայի, Ավստրալիայի ու Լեհաստանի ղեկավարներն արդեն հայտարարել են, որ չեն ժամանի Ռուսաստան: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ նշել է, որ հնարավոր է մեկնի մրցավայր, քանի որ շատ է սիրում ֆուտբոլ: Իսկ ահա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ ԱԱ կուղեւորվի, եթե իր երկրի հավաքականն անցնի քառորդ եզրափակիչ:
Հովանավորչական գումարի կրճատում
Nielsen Sports ընկերությունն ուսումնասիրություններ է անցկացրել, որոնց արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանում կայանալիք ԱԱ-ն հովանավորներից ստացող գումարներով զիջելու է չորս տարի առաջ Բրազիլիայում կայացած ԱԱ-ին:
Լուսանկարը` Fifa
Այսպես, ՖԻՖԱ-ի ֆինանսական մուտքերն ԱԱ-2014-ում կազմել են 1 մլրդ 629 մլն դոլար, իսկ ԱԱ-2018-ում՝ 1 մլրդ 45 մլն:
Այսպիսի հետընթաց ՖԻՖԱ-ում գրանցվել է, երբ տարիներ շարունակ հովանավոր հանդիսացող Johnson & Johnson, Castrol եւ Continental ընկերությունները կոռուպցիոն սկանդալների պատճառով որոշել էին դադարեցնել համագործակցությունը:
Փոխարենն ակտիվացել են չինական ընկերությունները, որոնց ֆինանսավորման շնորհիվ էլ ֆուտբոլի ֆեդերացիան խուսափել է ավելի լուրջ կորուստներից:
Չի բացառվում, որ 2022-ին եւս կլինեն դժվարություններ, սակայն ՖԻՖԱ-ում կարծում են, որ փողի եկամուտ կապահովեն նոր հովանավորները, որոնք կլինեն Միջին Արեւելքից:
Ամեն դեպքում, երկրպագուները սպասում են ֆուտբոլային տոնին
Լուսանկարը` The Mirror
Չնայած տարբեր խնդիրներին, միլիոնավոր երկրպագուներ սպասում են ֆուտբոլային տոնի մեկնարկին:
Աշխարհի առաջնությունն, իսկապես, տոն է: Չորս տարին մեկ լավագույն ֆուտբոլիստները հավաքվում են մի վայրում, ցուցադրում գեղեցիկ հնարքներ ու անմոռանալի պահեր պարգեւում բոլոր նրանց, ովքեր սիրում են սպորտը:
Այսօր Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում բացման արարողության ժամանակ կհավաքվեն լավագույն երաժիշտներն ու կատարողները: Ինչպես խոստանում են կազմակերպիչները, ստադիոնում, ֆան-գոտիներում ու հեռուստացույցների առջեւ հավաքված բոլոր մարդիկ վայելելու են ամեն մի րոպեն:
Իսկ բացումից հետո խաղադաշտը տրամադրվելու է A խմբում ընդգրկված Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի հավաքականներին:
Լուսանկարը` Fifa
Նշենք, որ մասնակից երկրների մեջ են Աշխարհի չեմպիոն հռչակված 8 հավաքականներից 7-ը, նրանցից Մունդիալը բաց կթողնի Իտալիան: Փոխարենն այս կարեւոր մրցաշարն ունի երկու նորեկ՝ Իսլանդիան ու Պանաման:
Չնայած ֆավորիտներ են համարվում գերհզորները (Գերմանիա, Բրազիլիա, Իսպանիա, Ֆրանսիա), ոչինչ կանխատեսել հնարավոր չէ: Բոլորն էլ ձգտելու են առաջ շարժվել ու ապացուցել, որ ժամանակակից ֆուտբոլում ամեն ինչ էլ հնարավոր է:
Մինչեւ հուլիսի 15-ը Մոսկվայից, Կալինինգրադից, Սանկտ Պետերբուրգից, Նիժնի Նովգորոդից, Վոլգոգրադից, Կազանից, Սամարայից, Սարանսկից, Ռոստովից, Սոչիից եւ Եկատերինբուրգից ֆուտբոլային խելահեղ ռիթմերը հասնելու են Աշխարհի բոլոր անկյունները: Այնպես որ, վայելեք Մունդիալ-2018-ը:
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: