Մայիս 08, 2024
exclusive
36976 դիտում

Սպորտային վաշտի չեմպիոնները


Լուսանկարը` Մեդիամաքս

Սմբատ Մարգարյանը
Սմբատ Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Թովմասյանը
Արթուր Թովմասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Ասլանյանը
Կարեն Ասլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարգիս Քոչարյանը
Սարգիս Քոչարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շահեն Աբաղյանը
Շահեն Աբաղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Թովմասյանը
Արթուր Թովմասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Ասլանյանը եւ Սարգիս Քոչարյանը
Կարեն Ասլանյանը եւ Սարգիս Քոչարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շահեն Աբաղյանը
Շահեն Աբաղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սմբատ Մարգարյանը
Սմբատ Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոխգնդապետ Վարուժան Գրիգորյանը
Փոխգնդապետ Վարուժան Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական բանակի հերթական տարեդարձն ենք տոնում. արդեն 24 տարի տարբեր սերունդներ իրենց ուսերի վրա զգացել ու դեռ զգալու են հայ զինվոր լինելու պատիվն ու միաժամանակ ոչ այդքան հեշտ պատասխանատվությունը:

Մեր հաղթանակած բանակի անբաժանելի մասն էլ կազմում է սպորտային վաշտը, որտեղ ծառայում ու հայրենիքի նկատմամբ իրենց պարտքն են կատարում մարզիկները:

Mediamax Sport-ը եղել է մարզական վաշտում, հետքրքիր ու անմոռանալի օր անցկացրել այնտեղ:  ԲԿՄԱ-ի պետ, փոխգնդապետ Վարուժան Գրիգորյանի ու բանակային 5 լավագույն մարզիկների հետ էլ ծանոթացել ենք նրանց ծառայության առանձնահատկություններին:

Մարզիկներն էլ են զգում զինվոր լինելու պատիվը

Մարզական վաշտում ծառայում են Հայաստանի լավագույն մարզիկները, որոնք միջազգային ասպարեզում մեծ հաջողություններ են արձանագրել ու բարձր պահել երկրի պատիվը: Սակայն զինվորական համազգեստով նրանք էականորեն տարբերվում են այն տղաներից, որոնց սովոր ենք տեսնել պամոստում, մրցահարթակում, տատամիի ու գորգի վրա:

Նրանք հայրենիքի զինվորներն են ու գիտակցում են այդ կարեւոր պարտականության ողջ պատասխանատվությունը: Թեեւ տարվա մեջ շատ քիչ ժամանակ են անցկացնում զինվորի կարգավիճակում, բայց նրանք էլ Հայաստանի սպորտային զինվորներն են, որոնք իրենց նվաճումներով օգնում ու քաջալերում են սահմանում կանգնած հասակակիցներին:

Եվրոպայի արծաթե մեդալակիր ու պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդ Սմբատ Մարգարյանն իր եղբոր հետ նույն օրն է զորակոչվել բանակ:

Սմբատ Մարգարյանը Սմբատ Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Բնականաբար, համեմատելու եզրեր չկան: Ես տարվա մեծ մասը գործուղման մեջ եմ լինում՝ հավաքների ու մրցաշարերի եմ մասնակցում: Բայց անգամ շատ քիչ ժամանակ լինելով բանակում՝ հասցնում եմ գիտակցել զինվորի բուն պարտքը հայրենիքին: Այստեղ կոփվում ու դաստիարակվում ենք իսկական հայ զինվորների պես»,- նշում է շարքային Մարգարյանը:

Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող ու Աշխարհի Գավաթակիր Արթուր Թովմասյանը շնորհակալ է, որ մարզիկներին հնարավորություն է ընձեռնվում ծառայել բանակում՝ միաժամանակ չկտրվելով մարզումներից. «Մինչ այստեղ տեղափոխվելը, ես 28 օր այլ զորամասում եմ ծառայել: Գիտեմ, թե ինչ է նշանակում զինվոր լինել: Մարզական վաշտում անհամեմատ ազատ ենք լինում, կարողանում ենք նաեւ մարզվել ու մրցումների մասնակցել: Դա շատ կարեւոր է մեզ համար: Բայց այն օրերին երբ այստեղ ենք՝ մեզ իսկական զինվոր ենք զգում»:

Ձյուդոիստ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Շահեն Աբաղյանը մեծ պատիվ է համարում բանակում ծառայելն ու երկրին օգտակար լինելը:

Զինվոր-մարզիկներն իրենց բարձր կարգն ու վարպետությունը ցույց են տվել նաեւ նախորդ տարի Հարավային Կորեայում կայացած Բանակայինների 6-րդ համաշխարհային խաղերում: Հունահռոմեական ոճի ըմբիշներ, երիտասարդների ԱԱ-ի հաղթող Կարեն Ասլանյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Սարգիս Քոչարյանը՝ կանգնել պատվոհարթակի 3-րդ աստիճանին:
Կարեն Ասլանյանը եւ Սարգիս Քոչարյանը Կարեն Ասլանյանը եւ Սարգիս Քոչարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբիշները կարեւորում են մրցաշարի ժամանակ ձեռք բերած փորձն ու գիտակցում են մեդալների արժեքը, քանի որ դրանք նվաճել են որպես զինվորներ: «Ուրախալի էր, որ ձեռնունայն չվերադարձանք ու եւս մեկ անգամ նպաստեցինք մեր երկրի ճանաչմանը: Մենք էլ որպես զինվորներ այդպես մեր պարտքը կատարեցինք»,- ընդգծում են Կարենն ու Սարգիսը:

Հայաստանում պետք է բոլորը զինվոր լինեն, այդ թվում՝ մարզիկները

1995 թվականին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով կազմավորվեց Բանակի կենտրոնական մարզական ակումբը: Ինչպես համոզված էին ՊՆ-ում, լավագույն մարզիկները պետք է համատեղեին ծառայությունն ու մարզումները: Հայաստանը պետք է հաղթանակ տաներ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ խաղաղ պայմաններում՝ միջազգային հարթակներում վեր բարձրացնելով երկրի դրոշը:

ԲԿՄԱ-ում այսօր հպարտությամբ են նշում, որ Աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ, Օլիմպիական խաղերի մասնակիցներ եղել են իրենց զինվորները:

Պաշտպանության նախարարության Բանակի կենտրոնական մարզական ակումբում կարող են ծառայել այն մարզիկները, ովքեր Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել են առնվազն 2-րդ տեղը, իսկ Աշխարհի առաջնությունում՝ 6-րդ: Իսկ նրանք, ովքեր չեն մասնակցում այդ առաջնություններին, բայց Հայաստանում լավագույնն են, ֆեդերացիաների ու սպորտի նախարարության փոխհամաձայնությամբ նույնպես իրավունք են ստանում ծառայել սպորտային վաշտում:
Շահեն Աբաղյանը Շահեն Աբաղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Զինված ուժերի պատիվը պահում են 16 մարզաձեւի ներկայացուցիչներ, իսկ 2015 թվականին նրանք նվաճել են շուրջ 165 մեդալ:

«Մրցաշարերից կամ հավաքներից առաջ ֆեդերացիաների միջնորդությամբ մարզիկները գործուղվում են հավաքականներ, իսկ մնացած ժամանակ նրանք գտնվում են ծառայության մեջ: Ինչպես եւ մյուս զորամասերում, մեզ մոտ եւս օրվա կարգացուցակով են շարժվում, հետո արդեն անցնում են մարզումներին: Այս պահին միայն երկու մարզիչ ունենք, սակայն պլանավորում ենք մոտ ապագայում նրանց թիվն ավելացնել»,- նշում է ԲԿՄԱ-ի պետ, փոխգնդապետ Վարուժան Գրիգորյանը:

Փոխգնդապետը փաստում է, որ աստիճանաբար փորձում են լուծել մարզումային խնդիրները: 2015-ին վերանորոգվել են դահլիճներն ու հանդերձարանները, սակայն այս տարի ցանկանում են կարգի բերել նաեւ լողավազանը: Հանդիպում է եղել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հետ, ու աշխատում են լուծել պակաս մարզագույքի հարցը:

Ամեն տարի սպորտային վաշտում ընտրվում են 10 լավագույն մարզիկ-զինծառայողները: Լավագույններին որոշելու հարցում հաշվի են առնում այդ տարի նրանց ցույց տված մարզական արդյունքները: Հրամանատարը նկատում է, որ  լավ մարզիկը վատ զինվոր կամ վատ մարդ լինել չի կարող.
Փոխգնդապետ Վարուժան Գրիգորյանը Փոխգնդապետ Վարուժան Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս տղաները բացի մարզիկ լինելուց նաեւ Հայաստանի Հանրապետության զինվորներ են, այդ երկու տարին նրանք համազգեստը հագնում են մեծ հարգանքով ու ծառայում ազգի համար: Իհարկե, նրանք տարբերվում են սահմանին կանգնած զինվորից, սակայն այստեղի զինվորն էլ միջազգային հարթակներում է կարողանում բարձր պահել երկրի անունը»:

Վարուժան Գրիգորյանը, որն ազատ ոճի ըմբիշ է եղել, իսկ մինչեւ 1988-ն զբաղվել է մարզչական գործունեությամբ, շարժմանը մասնակցելուց հետո մնացել է Զինված ուժերում ու արդեն 22 տարի է ծառայում է:

«Մարզիկ կարող ես լինել մինչեւ 30-35 տարեկանը, սակայն Հայաստանում ծնված  օրվանից պետք է լինես ու մնաս զինվոր: Սա պետք է գիտակցեն ոչ միայն մարզիկները, այլ նաեւ բոլոր հայերը: Ամեն զոհի համար մենք ազգովի ցավում ենք: Նման հարեւաններ ունենալով՝ մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Բոլորս պետք է օգնենք մեր բանակին, ոչնչից չկոտրվենք, պայքարենք ու հասնենք վերջնական հաղթանակի: Շնորհավորում եմ բոլորին ու հատկապես խրամատներում կանգնած զինվորներին: Թող բարի ծառայություն լինի, վերադառնան իրենց տները, ու մենք միշտ հպարտանանք մեր բանակով»,- եզրափակում է փոխգնդապետը:

Ուժ, եռանդ ու համբերություն հայ զինվորներին

Մեր մարզիկ-զինվորների համար տարին բավական հագեցած է լինելու, նրանք նոր նպատակներ են դրել իրենց առջեւ ու ձգտելու են ավելացնել սպորտային կոչումները: Ու թեւ քիչ են լինելու մարզական վաշտում, փորձելու են արձանագրած հաջողություններով այդ բացը լրացնել ու իրենց շնորհակալությունը հայտնել այն տղաներին, որոնք ամեն օր պահում են երկրի սահմաններն ու ապահովում բոլորիս խաղաղ առավոտները:
Արթուր Թովմասյանը Արթուր Թովմասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մենք շատ շնորհակալ ենք մեր եղբայրներից, ընկերներից ու տարեկիցներից, որոնք առաջնագծում իրենց պարտքն են կատարում ու պաշտպանում երկրի սահմանը»,- խոստովանում է Սմբատը:

Արթուրն էլ բոլոր զինվորներին մաղթում է, որ խաղաղ պայմաններում ծառայեն ու վերադառնան իրենց տները. «Այդ քաջ տղաների շնորհիվ է, որ մենք ծառայում ենք: Եթե նրանք չլինեին, չէինք կարողանա հանգիստ ու անվտանգ ապրել, մասնակցել մրցումների ու հաջողություններ արձանագրել: Նրանց շատ ենք պարտական»:

Կարենը, Սարգիսն ու Շահենը հիանալի գիտեն՝ ինչ է անհրաժեշտ լավ մարզիկ լինելու համար: Նախ եւ առաջ ուժ, եռանդ ու համբերություն է պետք ունենալ, նույնը նրանք մաղթում են նաեւ բոլոր նրանց, ում շնորհիվ կա ու միշտ հաղթական է լինելու հայոց բանակը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին