Ապրիլ 29, 2025
exclusive
3281 դիտում

«Բարսելոնա»՝ ավելին, քան ակումբ


Լուսանկարը` http://www.weloba.com/

Լուսանկարը` http://i.guim.co.uk

Լուսանկարը` http://good-wallpapers.com/

Լուսանկարը` http://wallpapers.fansshare.com/

Լուսանկարը` Facebook


Երեկ Խավին հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին: 90-ականների սկզբի սեւ-սպիտակ, բայց կապտանռնագույն մանկական լուսանկարներ, 17 տիտղոսաշատ տարիներ սկսած 1998-ին Լուի վան Գալի օրոք նորամուտից մինչեւ շաբաթօրյա հանդիպումը «Դեպորտիվոյի» դեմ, որից հետո նա կբարձրացնի Լա Լիգայի հերթական գավաթը: Խավին «կապտանռնագույնների» ամենահաջողակ տարիների անխափան ժամացույցն էր, փոխանցումներ էր բաշխում վայրկենական ճշտությամբ եւ զրնգում ամեն մրցաշրջանի ավարտին, երբ «Բարսան» հերթական տիտղոսն էր տոնում:

Կառլես Պույոլն այդ թիմի ոգին էր, եւ նրա հրաժեշտը գուցե հուզմունքի եւ տխրության պահեր տվեց «Բարսայի» երկրպագուներին: Բայց նույնը չպետք է լինի Խավիի դեպքում, քանզի նա չի հեռանում «Բարսելոնայից», այլ մեկնում է հեռավոր գործուղման՝ տանելով «Բարսելոնան» իր մեջ: Ինչպես դեռ նոր կապտանռնագույն երանգները ներծծող Մարկ Բարտրան է հասցրել նկատել՝ Խավին ավելի կապտանռնագույն է, քան «Բարսայի» գերբը:

Լուսանկարը` Facebook


Խավին գնում է աշխարհին տալու, կիսելու իր մեջ եղած «Բարսելոնան»: Գնում է մի փոքր կապտանռնագույն երանգ տանելու աշխարհի մի անկյուն, որտեղ ամեն ինչ դեռ գորշ է ու անգույն: Մինչդեռ ֆուտբոլային աշխարհի գլխավոր կենտրոնը՝ Եվրոպան, այսօր ողողված է կապտանռնագույնով:

Եվրոպական թոփ-5 առաջնությունների այս մրցաշրջանների չեմպիոնների մարզիչներից չորսը այս կամ այն կերպ կապ են ունեցել «Բարսելոնայի» հետ, եղել թիմի ֆուտբոլիստներ կամ աշխատակից, ինչպես Ժոզե Մոուրինյոն էր: Ավելորդ չէ գումարել նաեւ Հոլանդիայի առաջնությունը, որտեղ չեմպիոն եւ փոխչեմպիոն թիմերը գլխավորում են կրկին «Բարսայի» նախկին ֆուտբոլիստներ՝ Ֆիլիպ Կոկուն եւ Ֆրանկ դե Բուրը, թեեւ նարնջագույն, բայց նույնքան էլ կապտանռնագույն մարզիչներ: Հաջորդ մրցաշրջանում նրանց կմիանա նաեւ Ջիովաննի վան Բրոնքհորսթը, ով օրերս գլխավորեց «Ֆեյենորդը»:

Սակայն կապտանռնագույնի իրական երանգը մենք տեսանք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում, երբ 8 թիմերից 4-ը ղեկավարում էին «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ: Ճակատագրի քմահաճույքով այս 4 թիմերը խաղացին հենց միմյանց դեմ, եւ մինչ մյուս 2 զույգերի 4 խաղերում խփվեց ընդամենը 2 գնդակ, «կապտանռնագույն» թիմերը նույնքան խաղերում հասցրեցին 17 գոլ խփել:

Լուսանկարը` http://i.guim.co.uk


Այս լուսանկարում «Բարսան» տոնում է Իսպանիայի սուպերգավաթը1996թ. օգոստոսին: Լոպետեգի, Ֆեռեր, Պոպեսկու, Աբելարդո, Բլան, Լուիս Էնրիկե, Սերխի, Ամոռ, Գվարդիոլա, Ստոիչկով, Պիցցի: Այս կազմից միայն երկուսը երբեւէ չեն զբաղվել մարզչական աշխատանքով: Իսկ լավագույն քառյակն այս տարի միմյանց մեջ որոշեց, թե իրենցից ով է «Բարսելոնան» ներկայացնելու Չեմպիոնների լիգայի եզրափակչում, եւ դա Լուիս Էնրիկեն էր, նա, ով այժմ կանգնած է «կապտանռնագույնների» ղեկին:

«Բարսելոնայի» յուրահատուկ ֆուտբոլային փիլիսոփայությունը եւ խաղաոճը թիմին ակամայից դարձրել է մարզիչների «ինկուբատոր»: Նրանք հեռանում են Բարսելոնայից ու սփռվում աշխարհով մեկ, որպես կանոն՝ ղեկավարում լավագույն թիմերը, սակայն ուր էլ որ գնան, իրենց հետ տանում են «Բարսայի» մի մասնիկը՝ խաղալով տարածքային առավելության, գնդակի վերահսկողության եւ փոխանցումների վրա հիմնված հարձակողական ֆուտբոլ:
«Բարսելոնան» կարծես ուղարկում է իր առաքյալներին աշխարհով մեկ՝ տարածելու իր ֆուտբոլային կրոնը, որն ի վերջո կարող է գրավել աշխարհը: Կրոն, որ ճանապարհ է ցույց տալու շատ թիմերի, տանելու նրանց մեծ հաջողությունների, բարձրացնելու չեմպիոնական աստիճաններով ու ողողելու գարեջրով, ինչպես Գվարդիոլային՝ Գերմանիայում: Սակայն, բոլոր նրանք, ովքեր ընդունում են այդ կրոնը, ամեն անգամ հայտնվելով Բարսելոնայում, խոնարհվելու եւ տուրք են տալու, ինչպես հավատացյալները Երուսաղեմում: Գվարդիոլան իր «Բավարիայով» բոլորովին վերջերս կրկին ցույց տվեց լավագույն օրինակը:

Լուսանկարը` http://good-wallpapers.com/


Եթե Ձեզ դուր չեկավ աստվածային այս սցենարը, կամ դուք ուղղակի «Ռեալի» երկրպագու եք, խնդրե՜մ, սատանայական տարբերակ: «Բարսելոնան» դարձել է ժամանակակից աշխարհի ԱՄՆ-ն, ով բաժանում է իր դոլարը ողջ աշխարհին, ստիպում բոլորին խաղալ իր օրենքներով, քանզի այդ կերպ նա միշտ հաղթող է դուրս գալու: Նույնկերպ «Բարսան» է հրամցնում իր ֆուտբոլը բոլորին, առաջարկում մի համակարգ, որտեղ նա անպարտելի է՝ լավագույնը:
Քչերն են կարողանում ժամանակին սթափվել ու հասկանալ տեղի ունեցող երեւույթները, առավել քչերը համարձակվում են դեմ դուրս գնալ: Ամենաուժեղ թշնամին հենց տնից է՝ Ժոզե Մոուրինյոն, ով դավանում է միանգամայն այլ ֆուտբոլ, հանդես է գալիս լրիվ ուրիշ համակարգում, եւ հենց դրա համար է պորտուգալացու համար այդքան թանկ հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ 2010 թ-ին՝ «Ինտերի» հետ:

«Բարսելոնան» շարունակելու է «վարակել» բոլորին իր ֆուտբոլով, որն այդքան հաճելի է դիտել: Եթե հիշենք, թե որ թիմերն են նախորդ տարիներին կանգնեցրել «Բարսելոնային», դա Մոուրինյոյի «Չելսին» ու «Ինտերն» են եղել, երբեմն՝ «Ռեալը» եւ «Ատլետիկոն», որոնք միանգամայն այլ ֆուտբոլ են խաղում՝ հիմնվելով իրենց պաշտպանական ամրության վրա: Դա նաեւ «Բավարիան» էր, որի գերմանական հզորությունից ու կարգապահությունից, ինչպես տեսնում ենք, Գվարդիոլայի՝ Մյունխեն գործուղումից հետո ոչինչ չի մնացել: Պեպն արեց իր աշխատանքը եւ ստացավ իր վաստակած տոմսը «Բարսելոնայի» կողմից Բեռլինում կայանալիք եզրափակիչին հետեւելու համար:

Լուսանկարը` http://wallpapers.fansshare.com/


Այսօր Խավին ավարտեց կատալոնյան ճեմարանը եւ մեկնում է գործուղման, մեկնում է աճելու եւ հասունանալու որպես «առաքյալ», որպեսզի տարիներ հետո գա եւ փոխարինի Լուիս Էնրիկեին: Իսկ վերջինս, արդեն որպես տիտղոսակիր մարզիչ, կգործուղվի կապտանռնագույն ներկելու հերթական ակումբը: Սա մի համակարգ է, որ ձեւավորվել է տարեցտարի, ու գուցե զարգանում է ակամայից, այնպես թեթեւ ու անշտապ, ինչպես «Բարսելոնայի» գրոհներն են զարգանում: Սակայն այն մի օր կտրուկ սրացում է ստանալու եւ ավարտվելու է գոլերով ու հաղթանակով: Ու թեեւ շատերի համար սա շարունակում է հռետորաբանություն թվալ, սակայն «Բարսան» արդեն ավելին է, քան ակումբ:

Հ.Գ. Այլ հարց է՝ արդյո՞ք «Բարսան» կկարողանա կապտանռնագույն ներկել «Օլիմպիադշտադիոնը», որտեղ նրա դեմ առաջին անգամ այս տարվա Չեմպիոնների լիգայում դուրս է գալու միանգամայն այլ համակարգ՝ իտալական ֆուտբոլ, որ թեեւ թույլ է ներսից, սակայն նախանձելի իմունիտետ ունի արտաքին վարակների նկատմամբ:

Կարեն Ռաֆայելյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին