Ապրիլ 29, 2024
exclusive
10252 դիտում

Խուրշուդյան. Կարիերաս ավարտելու մասին պետք է հայտնեի մեդալ չնվաճելու դեպքում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվից


Սոֆիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը բրոնզե մեդալակիր դարձավ ու հայտնեց կարիերան ավարտելու մասին:


Mediamax Sport-ի հետ զրույցում նա բացատրել է այդ որոշման պատճառն ու նշել, որ ԵԱ-ն կարող է իր վերջին մրցաշարը չլինել:

«Հավաքականի գլխավոր մարզիչ ընկեր Արտաշի հետ պայմանավորվել էինք, որ եթե Եվրոպայի առաջնությունում չկարողանամ երկամարտում մեդալ նվաճել, կավարտեմ ելույթս: Այդ մասին միայն մենք գիտեինք ու գաղտնի էինք պահել:

Ու երբ հրման 125 կգ-ը բարձրացնել չկարողացա, հասկացա, որ եկել է ավարտի մասին հայտնելու ժամանակը: Ընկեր Արտաշը չհասցրեց ինձ զգուշացնել, որ 3-րդ տեղն եմ գրավել, արդեն հանել էի մարզակոշիկներս:

Այնքան վնասվածքներ ունեի ու ցավերով էի պատրաստվել այս առաջնությանը, ներարկումներ էի ընդունել, որ կարողանամ ելույթ ունենալ: Երկու ճողվածք ունեմ, մկանս է բորբոքված, դրա համար համոզված չէի, որ կկարողանամ պայքարել մեդալի համար: Մեկ հավաք բաց եմ թողել, այդ ընթացքում չեմ կարողացել նորմալ պարապել, միայն վերջին 10 օրերի ընթացքում եմ մարզավիճակ հավաքել, դրա համար այս հաջողությունն այդքան սպասված ու ցանկալի էր:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Գոհ ու շնորհակալ եմ Աստծուն, նա տեսել է իմ տանջանքներն ու չարչարանքները եւ ինձ առանց մեդալ չի թողել: Այնպես որ, սա կարող է իմ վերջին մասնակցությունը չլինել, քանի որ Օլիմպիական խաղերի ուղեգիր չունենք, կմարզվեմ ու կպատրաստվեմ դեկտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությանը: Եթե բարձրացրածս կիլոգրամները բավարար լինեն, ու մարզչական խորհուրդը որոշի այնտեղ կկարողանամ պայքարել մեդալի համար, կմասնակցեմ եւ կփորձեմ էլի ուրախացնել իմ ազգին:

Չեմ կարող բացատրել, թե ինչպիսի ապրումներ ունեցա կարիերաս ավարտելու մասին հայտնելուց հետո: Որքան էլ հասկանում եմ, որ հեռանալու ժամանակը մոտ է, բայց դեռ լիովին գիտակցել չեմ կարողանում: Սիրտս միեւնույն է հարթակին եմ թողնելու, կաշխատեմ լավ սաներ պատրաստել ու նրանց փոխանցել իմ գիտելիքները եւ փորձը:

Ծանրամարտն ինձ ամեն ինչ է տվել ու օգնել դառնալ հենց այսպիսին: Կյանքիս 25 տարին նրան եմ նվիրել ու այդքան էլ հեշտ չէ բաժանվելը: Մեծացել եմ նրա հետ ու մշտապես ծանրամարտի հոտը շնչել: Սպորտի միջոցով եմ սովորել վարվել մեծերի հետ, դաստիարակվել եմ, կայացել, ունեցել նաեւ հիասթափություններ, բայց հասկացել ինչպես դրանք հաղթահարել:

Անչափ շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք ողջ ընթացքում կողքիս են եղել, քաջալերել եւ ոգեւորել են ինձ: Այս առաջնությանն էլ զգացի, որ նրանք հետս են: Լրագրողներն էլ իրենց աշխատանքով ինձ միշտ օգնել են, անգամ չարակամներն են մոտիվացրել, որ ավելի լավ աշխատեմ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին