Ապրիլ 29, 2024
4766 դիտում

Հռիփսիմե Խուրշուդյանի հուզիչ հրաժեշտը. Իր վերջին ԵԱ-ում նա բրոնզե մեդալ նվաճեց


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure


Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում որոշվել են մինչեւ 87 կգ քաշային կարգի մեդալակիրները։ Սոֆիայում Հայաստանը ներկայացրել են Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթեւ Հակոբյանը։

Խուրշուդյանը պոկման առաջին մոտեցմանը շատ հանգիստ է գործել ու բարձրացրել 102 կգ, Հակոբյանն էլ նույն վստահությամբ գրանցել է 103-ը, սակայն մյուս երկու փորձերը նա ձախողել է։ Խուրշուդյանը 3 կգ-ոց քայլ է կատարել ու քաշը գլխավերեւում պահել երկրորդ անգամից՝ ապահովելով փոքր բրոնզե մեդալ։

 

Հրումը նա 122 կգ-ով է սկսել, սակայն մրցավարները քաշը չեն հաշվել, ծանրորդը նորից է մոտեցել ու հաջողության հասել։ 125 կգ-ը Խուրշուդյանը չի կարողացել գրանցել, ինչից հետո հանել է մարզակոշիկներն ու արցունքն աչքերին ցույց տվել, որ վերջին անգամ էր ելույթ ունենում Եվրոպայի առաջնությունում։ Երկամարտի 227 կգ-ով 36-ամյա ծանրորդը բրոնզե մեդալակիր է դարձել։

 

Իսկ ահա Հակոբյանը հրման 3 մոտեցումներից միայն մեկն է օգտագործել ու 124 կգ ցույց տվել։ Նա էլ երկամարտում 227 կգ է գրանցել ու ելույթն ավարտել 4-րդ տեղում։

Լուսանկարը` Photolure

Մրցակցությունից դուրս է եղել ու երկամարտի 280 կգ-ով չեմպիոն է հռչակվել նորվեգացի Սոլֆրիդ Կոանդան։ 

 

Այսօր մինչեւ 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Գարիկ Կարապետյանը կանգնել պատվոհարթակի 3-րդ աստիճանին։

 

Վաղն առաջնությունում պայքարի մեջ են մտնելու վերջին երկու քաշային կարգի ներկայացուցիչները։ +109 կգ-ում հանդես են գալու Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին