Ապրիլ 29, 2024
exclusive
3097 դիտում

Հակոբ Մկրտչյան. Հաղթանակս նվիրում եմ ծնողներիս, կնոջս եւ հրաշք դուստրերիս


Լուսանկարը` prokerala.com


Բուխարեստում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ 5 տարի անց նորից Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Հակոբ Մկրտչյանը։

Նա մինչեւ 96 կգ քաշային կարգի պայքարում միայն մեկ կգ շրջանցեց Դավիթ Հովհաննիսյանին ու ոսկե մեդալակիր դարձավ։


Mediamax Sport-ի հետ զրույցում Մկրտչյանը պատմել է վնասվածքներով եւ ցավերով ելույթ ունենալու, շատ աշխատելու ու նորից հաղթող դառնալու մասին։

«Պոկում վարժությունում ավելի շատ կարող էի բարձրացնել, 168 կգ-ն էլ իմ ուժերի սահմաններում էր, սակայն այն գլխավերեւում պահել չստացվեց։ Պատճառն այն էր, որ արմունկի եւ ուսի վնասվածքով էի հանդես գալիս, ինչն էլ իր ազդեցությունն ունեցավ։

Մարզումների ժամանակ էլ մշտապես ցավեր ունեի, դրա համար ավելի շատ կիլոգրամներ գրանցել չէր ստացվում։ Պարզապես հարթակին ամեն ինչի մասին մոռանում եմ ու կենտրոնանում միայն մոտեցման վրա։ Այս հիմա, երբ արդեն ելույթս ավարտվել է, նորից ցավը շատ է զգացնել տալիս։ Հենց վերադառնամ Երեւան՝ կսկսեմ զբաղվել բուժմամբ։

Չեմ ուզում Դավիթին մրցակից անվանել, որովհետեւ մեր միջեւ պայքար չկա՝ ծանրաձողը դրված է, ով բարձրացնի, նա էլ կհաղթի։ Որախ եմ, որ ինձ շատ լավ էի զգում առաջնության ժամանակ, եթե պետք լիներ մի քանի կիլոգրամ ավել գրանցել, կարծում եմ՝ դա էլ կստացվեր։


Շատ մեծ ցանկությամբ էի մեկնել, որ 2019 թվականից հետո նորից Եվրոպայի չեմպիոն դառնամ։ Շատ էի աշխատել ու տանջվել այս արդյունքին հասնելու համար։ Գոհ եմ, որ տարիներ անց նորից կարողացա լավագույնը դառնալ։

Հաղթանակս առաջին հերթին ծնողներիս եմ նվիրում, իմ հրաշք դուստրերին եւ կնոջս, ինչպես նաեւ մեր ազգին, որը հիմա ձեռքբերումների կարիք ունի։

Հիանալի է, որ Եվրոպայի առաջնությունն այսքան հաջող է անցնում մեր մարզիկների համար, ամեն օր ոսկիներ ենք նվաճում։ Տեսնելով միմյանց հաջողությունները՝ ավելի շատ ենք ոգեւորվում։ Բոլորն էլ արժանի են մեդալների, միասին ենք անցնում մեր ճանապարհը, գիտեմ, թե ամեն մեկն որքան է տանջվել։

Քանի որ իմ քաշային կարգն օլիմպիական չէ, հաջորդ նպատակս Աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալն է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին