Ապրիլ 29, 2024
exclusive
907 դիտում

Գոռ Սահակյան․ Չեմպիոնական տիտղոսը պահելը մեծ պատասխանատվություն էր


Լուսանկարը` Weightlifting house


20-ամյա ծանրորդ Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն։


Mediamax Sport-ը զրուցել է Սահակյանի հետ, որն ամփոփել է Սոֆիայում ունեցած ելույթն ու խոսել բացթողումների, մեծ պատասխանատվության եւ առաջիկա նպատակների մասին։

«Այս առաջնությունում լարվածությունս ավելի քիչ էր, որովհետեւ մեծահասակների պայքարում հանդես գալու փորձ ունեմ։ Պարզապես պատասխանատվությունն էր շատ մեծ, որովհետեւ պետք է չեմպիոնական տիտղոսը պահեի։

Ճիշտ է, նախորդ Եվրոպայի առաջնության համեմատ ավելի քիչ կիլոգրամներ բարձրացրի, բայց, փառք Աստծո, չեմպիոն դարձա։

Կիլոգրամները քիչ էին, որովհետեւ մրցմանը պատրաստվելու ժամանակը կարճ էր։ Եթե նախորդ տարի Երեւանում կայացած առաջնությանը մենք պատրաստվել էինք 4 ամիս, ապա այս անգամ ընդամենը 40-50 օր։ Գոհ եմ, որ հասցրինք ամեն ինչ անել ու պատվով ներկայացնել մեր երկիրը։

Պոկումում զիջեցի մրցակիցներիս ու հրման ժամանակ ոչ թե վստահ էի, այլ պարտավորված էի զգում, որ պետք է ուղղեմ սխալս եւ կորցրած կիլոգրամները հետ բերեմ։ Մարզիչների ճիշտ տակտիկայի շնորհիվ կարողացա մեկ մոտեցմամբ դառնալ ոսկե մեդալակիր։

Հիմա մտածում եմ, եթե մեկ մոտեցմամբ դարձա չեմպիոն, ապա վեց մոտեցում հաջող կատարելու դեպքում ի՞նչ կլիներ։ Գիտեմ թույլ տված սխալներս ու կաշխատեմ ուղղել դրանք, որպեսզի այլ մրցաշարերում այլեւս չկրկնեմ։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են իմ հաղթանակին։ Այն հայ ազգինն է, բոլոր զինվորներինը։

Եվրոպայի առաջնությունից հետո փոխելու եմ քաշային կարգս ու հանդես գամ մինչեւ 73 կգ-ում։ Ապա կպատրաստվեմ մեծահասակների Աշխարհի առաջնությանը։ Մինչ այդ շատ ժամանակ կա, կհարմարվեմ նոր քաշիս ու կձգտեմ այնտեղ եւս լինել առաջինը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին