Ապրիլ 26, 2024
7027 դիտում

Ալբանիայի խաղին ընդառաջ. Հայերը հարգում են մրցակցին, բայց չեն վախենում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոպայի նախընտարական փուլում փետրվարի 25-ին ուժերն է չափելու Ալբանիայի թիմի հետ:

Ընտրանու գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը հանդիպել է լրագրողների հետ ու ներկայացրել իր տեսակետները թիմի ու սպասվող հանդիպման վերաբերյալ:

Բոաթրայթն այլեւս չի հրավիրվի հավաքական

Նախ կցանկանայի խոսել Ռայան Բոաթրայթից: Քանի ես գլխավորում եմ հավաքականը, նա այստեղ չի խաղա: Նա մեր ծրագրի մասը չի կազմում իր պահվածքի պատճառով: Նա ուզում էր ապրել ոչ թե թիմի հետ, այլ առանձին հյուրանոցում, ուտեր այլ սնունդ, պահանջում էր հատուկ վերաբերմունք:

Բասկետբոլը թիմային մարզաձեւ է, ու բոլորը պետք է միասին լինեն ու գործեն: Բոաթրայթին չհրավիրելը միայն իմ որոշումը չէ, այն կայացրել է ամբողջ ֆեդերացիան: Կարծում եմ, յուրաքանչյուրն էլ նման վերաբերմունք ստանալուց հետո այդպես կվարվեր:

Նրան փոխարինելու է Արագատ Աբրահամյանը, որը հայկական բասկետբոլի ապագա լավագույն խաղացողներից է: Ցավոք, նա հիմա ակումբ չունի, սակայն մեծ պոտենցիալով մարզիկ է ու շատ լավ մարզումներ է անցկացնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թիմի կորուստները

Խմբի վերջին խաղում մենք կորցրինք Դանիային հաղթելու հնարավորությունը, այնպես որ, Ալբանիայի հետ մեզ անչափ կարեւոր խաղ է սպասվում: Խնդիրներ ունենք, քանի որ մի շարք առանցքային բասկետբոլիստներ չեն կարողանալու օգնել թիմին:

ԱՄՆ-ի ուսանողական լիգայում հանդես եկող տղաները գրաֆիկի պատճառով չեն միացել մեզ: Անդրանիկ Չրաբաշը վնասվածք ունի, Ալբերտ Թադեւոսյանը ոլորեց ոտքը, հնարավոր է ելույթ չունենա: Բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի նա վերականգնվի, բայց դեռ վերջնական ոչինչ հայտնի չէ: Լուկաս Ֆիշերը երեկ է միացել թիմին եւ առավոտյան է միայն մարզվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալբանիայի խաղին ընդառաջ:

Երեկ մենք դիտեցինք Դանիա-Ալբանիա դիմակայությունը: Ալբանացիները լավ էին գործում, չնայած հետո չդիմացան ճնշմանն ու պարտություն կրեցին: Նրանք 6 նոր խաղացողով են ժամանելու Երեւան, որոնցից կցանկանայի առանձնացնել Էլվիչի Դուշանին, որն Անգլիայի առաջնությունում է հանդես գալիս: Եւս երկու բասկետբոլիստներ՝ Կլաուդիո Նդոյան ու Շիման եւս բավականին ուժեղ մարզիկներ են:

Մենք լավ ուսումնասիրել ենք ալբանացիներին, գիտենք, թե ինչպես են գործում: Հարգում ենք մրցակցին, բայց չենք վախենում: Դժվար հանդիպում է լինելու, սակայն ես ու իմ տղաներն անելու ենք ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանենք ու խաղի վերջում բոլորս ժպտանք: Հույս ունեմ, որ երկրպագուները կօգնեն մեզ այդ հարցում:

Հայաստան-Ալբանիա հանդիպումը կայանալու է փետրվարի 25-ին: Խաղը մեկնարկելու է 19:00-ին «Միկա» մարզադահլիճում, մուտքն ազատ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին