exclusive
68947 դիտում

Պայքար ու տոնակատարություն. Հայկական ավանդական կոխը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` kokh.info

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` kokh.info

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հին ժողովուրդներն ունեն միայն իրենց հատուկ մարզաձեւերը, եւ հայերը բացառություն չեն կազմում: Կոխն ավանդական ձեւ է, որը տարածված է եղել ողջ Հայկական լեռնաշխարհում: Գրականությունից, պարարվեստից ու տարբեր ավանդազրույցներից մեզ հայտնի կոխն այսօր այդքան էլ չի հետաքրքրում մարդկանց լայն շրջանակներին:

Mediamax Sport-ը փորձել է բացահայտել կոխի հետաքրքիր կողմերը, Հայաստանում դրա զարգացման ու տարածման հնարավորությունները:

Վերածնվող ավանդական մարզաձեւը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի կոխի ազգային ֆեդերացիան գործում է 2001 թվականից, 2015-ից այն գլխավորում է հունահռոմեկան ոճի ըմբիշ, Աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը:

2017-ին ֆեդերացիան զգալի աշխատանք է կատարել՝ պատրաստվում է թողարկել ուսումնական ձեռնարկ, մարզերում մի քանի մրցաշարեր են անցկացվել, մարզահագուստի ընտրությամբ զբաղվել: Հուլիսի կեսերին Գառնիում կայացել է բաց առաջնություն, որին մասնակցել են 88 մարզիկներ:

«Այն օգնեց ծանոթանալ մեր հնարավորություններին ու հետագայի անելիքների վրա կենտրոնանալ: 28 մարզիչ ունենք, ովքեր շաբաթական 2-3 անգամ մարզումներ են անցկացնում այն դահլիճներում, որտեղ ըմբշամարտի, ձյուդոյի ու սամբոյի խմբեր կան: Հոկտեմբերին էլ Վանաձորում նախատեսում ենք անցկացնել երկրի առաջնությունը»:

Կոխի ֆեդերացիան պետբյուջեից տարեկան 13 մլն դրամ է ստանում, ինչն էլ մարզաձեւը զարգացնելու հիմնական գրավականներից է: Նախկինում գումարի բացակայության պատճառով որեւէ տեղաշարժ, գրեթե, չի կատարվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզերում աստճանաբար հավաքվում են կոխով զբաղվող մարզիկներ: Երեւանում դեռ մեծ ակտիվություն չի նկատվում:

«Կոխը զարգացնելու հատուկ ծրագիր ունենք: Վերջերս հանդիպել եմ Իրանի ազգային ձեւերի ֆեդերացիայի նախագահի հետ, մի շարք համատեղ առաջարկություններով ենք հանդես եկել: Ուզում ենք մեր երկրներում զարգացնել ազգային ձեւերը: Շատ ենք ցանկանում, որ հին պատմություն ունեցող ըմբշամարտի այդ ձեւը վերականգնվի»:

Ժամանակակից կոխում փորձել են պահել բոլոր անհրաժեշտ տարրերը՝ հայկական երաժշտությունը, պարն ու հատուկ հագուստը, որը թեեւ դեռ վերափոխումների փուլում է, բայց շուտով վերջնական տեսքի կբերվի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախկինում ավանդական տարազով են մենամարտել, բայց քանի որ հիմա հայ մարզիկները նաեւ միջազգային հարթակներում են հանդես գալիս, ֆեդերացիան ցանկանում է հագուստի մեջ կիրառել ավանդականի ու ժամանակակիցի համադրությունը:

Ֆեդերացիան համագործակցում է մշակույթի նախարարության հետ, որպեսզի ճշտորեն վերարտադրի ու վերածնի կոխի ավանդույթները:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Կոխը սպորտ լինելուց բացի նաեւ մշակութային տարրեր է պարունակում, հետաքրքիր ծիսակատարություններ ունի: Նախկինում բոլոր միջոցառումներից առաջ ցուցադրական ելույթներ են եղել: Դրանք կրկին վերականգնել է պետք: Փորձում ենք կոխը գեղեցիկ ու ճիշտ մատուցել, որպեսզի դիտողները հաճույք ստանան դրանից»:

Ի՞նչ է կոխը

Կոխը ռազմաֆիզիկական նշանակություն ունեցող հայկական ազգային մենամարտի տեսակ է: Այն եղել է տոնախմբությունների, ուխտագնացությունների, հարսանիքների եւ այլ հավաքույթների անբաժան մասը: Կոխը կոչվել է նաեւ գոտեմարտ, գոտեկռիվ, բազմամարտ, չոքագյուլաշ, գուռաշ, մերկակռիվ, չոքակռիվ, կուշտրի:



Միջնադարյան Հայաստանում կոխն անցկացվել է հատուկ տեղերում, որոնք կոչվել են գուպարատեղեր, մարզարաններ, մրցասպարեզներ, մեյդաններ:

Մարզիկները մրցությանը մասնակցել են մարզաչուխաներով։ Հանդիպումները սկսվում  են միայն ազգային երաժշտության ներքո պարելուց հետո:

Դրա նպատակը մկաններ «տաքացնելն» ու նախավարժանք կատարելն է: Մենամարտը սկսելուց առաջ մարզիկները բարձրացնում են ձեռքերն ու միմյանց ափերին հարվածելուց հետո միայն սկսում պայքարը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գոտեմարտի տեւողությունը 8 րոպե է։ Մաքուր հաղթանակ է տանում այն ըմբիշը, որն իր մրցակցին գցում է թիակների վրա։ Եթե մինչ ավարտը մաքուր հաղթանակ չի գրանցվում, ապա հաղթում է ավելի շատ միավորներ վաստակած մարզիկը:

Մրցման ժամանակ մարզիկները կանգնում են աջ, ձախ կամ ճակատային դիրքով: Կիրառվում է նաեւ պարտեր դիրքը, երբ մարզիկը ծնկներով եւ ձեռքերով հենված է լինում գետնին: Կամուրջ դիրքում ըմբիշն արտակորում է մեջքը՝ գլխով ու ներբաններով հենվելով գետնին:

Լուսանկարը` kokh.info


Կոխի ամենատարածված տեսակներ են Լոռվա եւ Շիրակի: Առաջինի դեպքում մարզիկները մրցում են վերնահագուստով, «ոտք են գցում», սակայն ձեռքով չեն բռնում մրցակցի ոտքը: Երկրորդում՝ մրցում են մերկ իրանով եւ ձեռքով կարող են բռնել մրցակցի ոտքը:

Հայի մեջքը գետնին չպետք է դիպչի

Հայաստանի սամբոյի հավաքականի մարզիչ ու ազգային կոխի մարզչական խորհրդի նախագահ Հովիկ Խոջայանը հիշում է, որ մինչ 1990-ական թվականները Հայաստանում շատ էին կազմակերպվում կոխի մրցաշարեր:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այն ժամանակ շատ հաճախ էին լինում ցուցադրական ելույթներ, սակայն անկախացումից հետո կոխի նկատմամբ ուշադրությունը մարեց: Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը կոխի մեծ սիրահար է ու նրա նախաձեռնությամբ միջոցառումներ կազմակերպում էինք: Հետո ստեղծվեց ֆեդերացիա, բայց ֆինանսավորում չկար: Անցած տարվանից նորաստեղծ ֆեդերացիան Վաղինակ Գալուստյանի ղեկավարությամբ նոր շունչ ստացավ: Արդեն ունենք պետական աջակցություն, փորձում ենք մեր ավանդական ձեւը զարգացնել ու կրկին հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել: Այս տարի համազգեստ ստացանք, ինչը շատ ուրախացրեց երեխաներին»:

Աբովյան քաղաքում գործող Երեւանի սամբո-ձյուդոյի մարզադպրոցի մասնաճյուղում կոխ պարապում են ձյուդոյի, սամբոյի ու ազատ ոճի ըմբշամարտի այն տղաները, ովքեր սիրել են ազգային մարզաձեւն ու որոշել նաեւ դրանով զբաղվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երեխաներին այն հետաքրքրում է, բացի այդ կոխն օգնում է ֆիզիկապես ուժեղ լինել ու արդեն իրենց հիմնական մարզաձեւերում ավելի հեշտ գործել: Նրանց համար հաճելի է, որ իրենց մարզաձեւից բացի նաեւ կոխով են զբաղվում: Հին ազգերն ունեն իրենց ազգային ձեւը, կարեւոր է, որ կոխը նույնպես զարգանա ու շարունակի մնալ մեր մեջ: Դրա համար պետության մոտեցումն է կարեւոր: Հասարակ բան ասեմ, երբ հագուստ տրամադրեցին, երեխաներն այնքան էին ոգեւորվել, որ սպորտային այլ հագուստով չէին ցանկանում մարզվել: Նույնիսկ այդպիսի փոքրիկ բաներից ոգեշնչվում են ու ավելի լավ սկսում աշխատել»:

Խոջայանը նշում է, որ հին հայերը տարբեր հավաքույթների ժամանակ գոտեմարտի են բռնվել՝ մինչ այդ պարելով ազգային երաժշտության հնչյունների տակ: Այդկերպ նրանք նաեւ գոտեմարտն են տոնի վերածել ու ամեն ինչ արել, որպեսզի հավաքվածներն ուրախանան:

Լուսանկարը` kokh.info


«Գոտեմարտողներն արել են ամեն ինչ, որպեսզի թիկունքը գետնին չդիպչի: Հայի մեջքը գետնին չպետք է կպչի, դա տղամարդուն վայել բան չէ, դեռ շատ հին ժամանակներից ահա սա է եղել կոխի իմաստը»:

Կոխի սիրահարները

Կոխով զբաղվող շատ մարզիկների համար այն 2-րդ մարզաձեւ է. սամբոյին, ձյուդոյին ու ըմբշամարտին զուգահետ նրանք հետաքրքրվում են նաեւ դրանով:

Երեւանի սամբո-ձյուդոյի մարզադպրոցի մասնաճյուղում էլ տղաները որոշել են զուգահեռ զբաղվել կոխով ու մասնակցել են Գառնիում կայացած բաց առաջնությանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրանցից 3-ը՝ Գագիկ Գեղամյանը, Արամ Ղազարյանն ու Արամ Աղաջանյանը դարձել են հաղթողներ: 3-ն էլ սամբիստներ են ու ցանկանում են լուրջ հաջողությունների հասնել սպորտում: Իսկ կոխով վերջերս են սկսել զբաղվել:

16-ամյա Գեղամյանը մարզվում է 2009 թվականից, Հայաստանի երիտասարդների առաջնությունում 3-րդ տեղն է գրավել:

«Գիտեմ, որ կոխը հին հայկական սպորտաձեւ է, արդեն 2 մրցման եմ մասնակցել, հաջող եմ հանդես եկել: Իրականում սամբոյի ու կոխի միջեւ տարբերությունները քիչ են, այդ պատճառով էլ ինձ դուր է գալիս ու հեշտ եմ պարապում: Կոխը մեր հիմնական մարզումներին զուգահեռ ենք անում»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ղազարյանը մինչեւ կոխով զբաղվելն այն մանրամասն ուսումնասիրել է, համացանցում կարդացել հետաքրքիր հրապարակումներ, ինչպես նաեւ Վրաստանում հետեւել կոխի մրցումների:

«Կոխը շատ եմ հավանում, այն հեթանոսական սպորտաձեւ է, հակառակորդները երաժշտության տակ պարում են, իրար հետ ծանոթանում ու ժպտալով բարեւում: Այդ ամենը շատ տպավորիչ է ու գեղեցիկ»:

13-ամյա մարզիկը արդեն հասցրել է զգալ կոխի ողջ գեղեցկությունը, հատկապես տպավորված է կենդանի երաժշտության տակ իր ելույթով, Գառնիում կազմակերպիչներն այն ապահովել էին:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Կուզեմ, որ հագուստը փոխվի, այսօրվանն այդքան էլ հարմար չէ: Լավ կլինի, որ կիսավարտիքով մենամարտենք, որպեսզի այն եւ հարմար լինի, եւ գեղեցիկ՝ մեր տարազի գույներով: Առհասարակ սպորտով զբաղվելը շատ կարեւոր է, ավելի լավ մարդ ես դառնում, բացի այդ էլ հայրենիքդ ես ներկայացնում, ինչն անչափ հաճելի է»:

Աղաջանյանը սամբոն առաջին իսկ մարզումից է հավանել, իսկ գրանցած հաջողություններն այդ սերն ավելի են մեծացրել: 2016-ին Ասիայի երեխաներ մրցաշարում 3-րդն է եղել, ապա երիտասարդների ԱԱ-ում 5-րդ տեղը զբաղեցրել:

Կոխի մրցումների էլ մարզչի՝ Հովիկ Խոջայանի առաջարկով է սկսել մասնակցել:

«Այնպես է ստացվել, որ հենց առաջին մրցաշարում հաղթել եմ:  Կոխը հայկական ձեւ է, մեզ շատ հոգեհարազատ: Մարզիկներ կան, որ այդքան էլ չեն սիրում պարային հատվածը, բայց ընթացքում կսովորեն, մարզաձեւը նոր է տարածվում ու զարգանում»:


Նյութում օգտագործվել են հատվածներ kokh.info կայքից:


Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Արշակ Կոստանդյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am