Մայիս 03, 2024
exclusive
4430 դիտում

«Արքայական ակումբում» ամեն ինչ չէ, որ կարգին է …


Լուսանկարը` http://st1.thehealthsite.com/

Լուսանկարը` http://www.arena.in.ua/

Լուսանկարը` http://media3.fcbarcelona.com/


Կայացան իսպանական Լա Լիգայի 3-րդ տուրի հանդիպումները: Կենտրոնական հանդիպմանը Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Աթլետիկոյի» իր համաքաղաքացիներին: Այս անգամ եւս անզիջում պայքարում հաղթանակ տարան Սիմեոնեի սաները:

Նոր մրցաշրջանում սա «Ռեալ»-ի եւ «Աթլետիկո»-ի երրորդ հանդիպումն էր, արդյունքում՝ «Աթլետիկո»-ի երկու հաղթանակ եւ մեկ ոչ ոքի, ու Սիմեոնեյի թիմը Իսպանիայի սուպերգավաթակիր է: Երեւում է, որ «Աթլետիկոն» «անհարմար» ակումբ է դառնում «Ռեալի» համար: Նախորդ առաջնությունում արքայական ակումբը նույնպես չէր կարողացել հաղթել աթլետներին: Թեեւ, Իսպանիայի Գավաթում եւ ՉԼ-ում «Ռեալին», այնուամենայնիվ, հաջողվեց կոտրել «Աթլետիկո»-ի դիմադրությունը, սակայն տվյալ դեպքում խոսքն առաջնության մասին է, որում, նկատեմ, արքայական ակումբն անհաջող է մեկնարկել:



«Սան-Սեբաստյանում» կրած պարտությունից հետո «Ռեալը» պետք է վերականգնվեր, սակայն չկարողացավ՝ կրելով երկրորդ պարտությունն անընդմեջ: Արդեն 10-րդ րոպեին անկյունայինից փոխանցումից հետո Տիագու Մենդեշը առաջ է մղում «Աթլետիկո»-ին: Թիմը, որն աթլետների հետ խաղում առաջինն է գոլ բաց թողնում, իրեն դատապարտում է տանջանքների, քանի որ Սիմեոնեի թիմը, ինչպես Եվրոպայում ոչ մի ուրիշ ակումբ, կարողանում է խաղալ ըստ հաշվի: Այն բարձր պրեսինգի պայմաններում, որ կիրառում է «Աթլետիկոն», եւ հակագրոհներ կազմակերպելու այդպիսի հմտության պարագայում հաշիվը վերականգնել ցանկացող թիմը լուրջ դժվարությունների է հանդիպում: Մեծ ուժով առաջ նետվելու դեպքում հնարավոր է եւս մի քանի գնդակ բաց թողնել, չգրոհելու դեպքում սպառնում է պարտություն նվազագույն հաշվով. դե փորձիր մարտավարություն ընտրել մեկը մյուսից դժվար իրավիճակներում: Այնուամենայնիվ, «Ռեալը» Ռոնալդուի անհատական գործողությունների շնորհիվ բավականին արագ վերականգնեց ստատուս-քվոն: Պորտուգալացին ինքը 11-մետրանոց վաստակեց եւ ինքն էլ իրացրեց: Հետագայում «Ռեալը» գրոհում էր, իսկ «Աթլետիկոն» վստահ, ինչպես կարողանում է դա անել, պաշտպանվում էր: Մի քանի անգամ Մոյայի տուգանայինում թեժ իրավիճակ ստեղծվեց, հատկապես հիշարժան էր Բենզեմայի գլխով հարվածը, սակայն դարպասապահը փրկեց իր թիմին: 63-րդ րոպեին Անչելոտին պայքարի դուրս բերեց իր նորեկ Խավյեր Էրնանդեսին, ում ձեռք է բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Սակայն նա աչքի ընկնող որեւէ բան չարեց եւ խաղին լարվածություն չհաղորդեց: Թեեւ սկզբում դա, հավանաբար, դժվար է անել. խաղընկերների հետ ադապտացվելու համար ժամանակ է հարկավոր:

«Աթլետիկոն» համբերատար սպասում էր իր հնարավորությանը, եւ այն ընձեռվեց: 76-րդ րոպեին Խուանֆրանը եզրից հարված կատարեց, իսկ Թուրանը բիլյարդային հարվածով գնդակը դիպուկ ուղարկեց Կասիլյասի դարպասի անկյունը: Երկրորդ անգամ «Աթլետիկոն» «Ռեալին» վերականգնվելու հնարավորություն չտվեց:

Այն, որ «Ռեալում» ամեն բան կարգին չէ ոչ միայն խաղի հետ կապված, այլ նաեւ թիմային «քիմիայի», պարզ դարձավ Ռոնալդուի՝ խաղին հաջորդած հարցազրույցում: «Ռեալի» առաջատարը հրապարակավ քննադատեց ղեկավարությանը տրանսֆերային քաղաքականության, մասնավորապես, Դի Մարիային եւ Ալոնսոյին «վաճառելու» համար: Երբ գլխավոր աստղի դժգոհությունը դուրս է գալիս ներքին խոհանոցից եւ հասանելի դառնում հանրությանը, նշանակում է, կոնֆլիկտը շատ հեռուն է գնացել, եւ դա «Ռեալի» համար լավ չէ: Ժամանակին չլուծելու դեպքում ներքին  տարաձայնությունները կարող են ամբողջությամբ քանդել թիմը, եւ դա շատ ավելի վատ է, քան խաղային խնդիրները: Ինքը Ռոնալդուն, շրջանառվող լուրերի համաձայն, ցանկություն է հայտնել լքել «Ռեալը»:



Մինչդեռ «Բարսելոնան» շարունակում է առաջ ընթանալ: Կատալոնացիները հյուրընկալել էին անզիջում «Աթլետիկ» Բիլբաոյին: Ամբողջ հանդիպման ընթացքում «Բարսա»-ի առավելությունն անվիճելի էր: Այդ մասին են վկայում նաեւ թվերը. հարված դարպասի ուղղությամբ՝ 15:3, հարված դարպասին՝ 8:3՝ հօգուտ կատալոնացիների: Սակայն գնդակը համառորեն չէր մտնում դարպասը, թեեւ բասկերը պաշտպանվում էին շատ հանգիստ, առանց խուճապի: Սակայն «Բարսան» ունի անպարտելի Մեսսի-Նեյմար զույգը, որն էլ հանգեցրեց արդյունքի: Մեսսին երկու անգամ (79 եւ 84-րդ րոպեներին) փոխանցումներով գտավ Նեյմարին, որն էլ հուսախաբ չարեց՝ դառնալով դուբլի հեղինակ: «Բարսելոնան» մնում է միակ թիմն առաջնությունում, որը միավորներ չի կորցրել: Երեք խաղ, երեք հաղթանակ: Լուիս Էնրիկեի դեբյուտը դեռեւս շատ լավ է ընթանում: 
 
Հաղթանակներ են գրանցել նաեւ «Վալենսիան» ու «Սեւիլյան»: Ես նշել եմ, որ այդ թիմերը ցուցադրում են դիտարժան եւ որակյալ խաղ, իզուր չէ, որ նրանք հանդես են գալիս առաջատար խմբում: «Վալենսիան» վստահ հաղթանակ տարավ «Էսպանյոլի» նկատմամբ՝ 3:1, «Սեւիլյան» ոչ պակաս վստահ հաղթեց «Խետաֆեին»՝ 2:0: Տեսնենք, որքան կբավականացնի այդ թիմերի պաշարը: Նրանք դեռեւս հաղթահարել են ընդամենը 3 տուր:

Երրորդ տուրի արդյունքները.

Ռեալ - Աթլետիկո 1-2
Բարսելոնա - Աթլետիկ 2-0
Մալագա - Լեւանտե 0-0
Ալմերիա - Կորդովա 1-1
Գրանադա - Վիլյառեալ 0-0
Սեւիլյա - Խետաֆե 2-0
Վալենսիա - Էսպանյոլ 3-1
Ռայո Վալյեկանո - Էլչե 2-3
Սելտա - Ռեալ Սոսյեդադ 2-2
Էյբար - Դեպորտիվո 0-1

Առաջատարներ.

Բարսելոնա – 9 միավոր,
Սեւիլյա, Վալենսիա, Աթլետիկո – 7 միավոր

Տեսությունը պատրաստեց Արսեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին