Ապրիլ 28, 2024
17258 դիտում

Հարությունյան. Գորգից չեմ իջնելու, նպատակս Տոկիո-2020-ի հետ է կապված


Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը խոստովանել է, որ MMA-ի համար մեծ զոհողություններ կպահանջվեն, որոնց նա պատրաստ է:

Երեկ է Mediamax Sport-ին հայտնի էր դարձել, որ մարզիկն ըմբշամարտը համատեղելու է խառը մենամարտերի հետ:

«Հիմա դեռ մեղրամիսս եմ անցկացնում, փորձում եմ ընտանիքիս հետ շատ ժամանակ անցկացնել: Շատ շուտով սկսելու եմ մարզվել, որպեսզի ամբողջությամբ կարողանամ ընկղմվել MMA-ի կարգ ու կանոնի մեջ: Այս շաբաթ հայտնի կդառնա վերջին վիրահատության օրը, որից հետո էլ մի քանի ամսից կմարզվեմ»,- Armenia MMA-ին ասել է Հարությունյանը:

Ըմբիշը նշել է, թե կարեւոր չէ, որ քաշային կարգում ու ինչ կազմակերպության հովանու ներքո կսկսի հանդես գալ, նրա գործակալները դեռ բանակցություններ են վարում: Նա համոզված է, որ կկարողանա կայանալ ու հարմարվել մրցակիցներին:

MMA-ի նրբություններին Հարությունյանին սովորեցնում է խառը մենամարտերում հանդես եկող Էդուարդ Վարդանյանը: Նրանք միասին մի քանի մարզում են անցկացրել, որոնք ըմբիշը շատ է հավանել: Հիմա դադարեցրել են աշխատանքները, քանի որ Հարությունյանը վերջերս է վիրահատության ենթարկվել:

«Հայ երկրպագուներին ու սպորտի սիրահարներին խորին շնորհակալությունս եմ հայտնում, որ աջակցում են ինձ ու հետաքրքրված են: Դիտարժան ու արդար դիմակայություններ եմ մաղթում, առողջություն, ուժ ու էմոցիաներ: Ըմբշամարտի գորգից ես չեմ իջնի, վերադառնալու եմ, քանի որ շատ բան ունեմ անելու: Դեռ Ռիոյի խաղերից հետո բոլոր նպատակներս Տոկիո 2020-ի հետ են կապված»,- եզրափակել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին