Մայիս 07, 2024
exclusive
5914 դիտում

Ռազմիկ Պապիկյանի նոր, բայց արդեն շատ սիրված մարզիչը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ


Հայաստանի չեմպիոն Ռազմիկ Պապիկյանի կարիերայում որոշիչ է եղել մարզիչ Պետրոս Մկրտչյանի հետ աշխատանքը: Դեռ մեկ տարի էլ չկա, ինչ նրանք համագործակցվում են, բայց ազատ ոճի ըմբիշն արդեն նկատել է իր առաջընթացը:

Mediamax Sport-ի համար Պապիկյանը պատմել է, թե ինչու է այդքան կարեւորում իր մարզչին ու թե նրանից ինչ է հասցրել սովորել:

«2019 թվականի սեպտեմբերից մարզվում եմ Պետրոս Մկրտչյանի գլխավորությամբ: Կարծում եմ, որ նրա հետ իմ փայլուն կարիերան դեռ նոր պետք է սկսվի:

Իմ մարզիչը լինելուց բացի նա դարձել է նաեւ կյանքի ընկեր ու հարազատ մարդ: Նրա շնորհիվ սովորել եմ հավատալ ուժերիս, նույնիսկ երբ բոլորը կարծում են, որ ամեն ինչ կորած է, այդ որակն ինձ շատ է օգնում կյանքում ու սպորտում:

Մկրտչյանի հետ ինձ ծանոթացրել է Վալոդյա Ֆրանգուլյանը: Մեր առաջին հանդիպման ժամանակ տպավորվել են նրա հաճելի խոսքերը: Ասաց, որ իր համար ամենակարեւոր պայմանը լավ մարդ լինելն է, հետո նոր մնացած բոլոր հատկանիշները:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Նրա խորհուրդներից շատ լավ եմ հիշում նաեւ այն, որ պետք է գնահատել ու ամուր պահել այն մարդկանց, ովքեր մեզ սիրում են, քանի որ նրանք այդքան էլ շատ չեն:

Մկրտչյանը մարզիչ ու հոգեբան է, խելացի է եւ իր դրական էներգիան փոխանցում է նաեւ սաներին: Նրա մոտ մարզվելու ցանկություն վաղուց եմ ունեցել, բայց քանի որ իր պարապմունքները հիմնականում անհատական են ընթանում, ազատ ժամեր չուներ:

Մինչեւ նրա հետ աշխատելն ինձ 2016 թվականից չէր հաջողվել Հայաստանի չեմպիոն դառնալ ու մասնակցել Աշխարհի եւ Եվրոպայի առաջնության: Ամեն անգամ մի բան պակասում էր:

2019-ի հոկտեմբերին դարձա Հայաստանում անցկացված մինչեւ 23 տարեկանների որոշիչ մրցաշարի հաղթող, իսկ դեկտեմբերին մասնակցեցի երկրի առաջնությանն ու 1-ին տեղը գրավեցի: Հիմա արդեն պետք է գործադրեմ բոլոր ուժերս, որ կարողանամ ոչ միայն մասնակցել խոշոր մրցաշարերի, այլ նաեւ հաղթել:

Մարզչիս նվիրելու եմ իմ կարիերայի ամենասպասված ու կարեւոր հաղթանակները, որոնց մասին այդքան երազել եմ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին