Մայիս 06, 2024
exclusive
10291 դիտում

Ռաֆայել Աբրահամյանի երազանքի կատարումը. Նա մենամարտ կունենա Հայաստանում


Լուսանկարը` Rafayel Abrahamyan Facebook page

Լուսանկարը` Rafayel Abrahamyan Facebook page

Լուսանկարը` Rafayel Abrahamyan Facebook page

Լուսանկարը` Rafayel Abrahamyan Facebook page


Օրեր առաջ Սամարայում տեղի ունեցավ Open Fighting Championship լիգայի կազմակերպած խառը մարտարվեստի (MMA) մրցաշարը, որտեղ ռուսաստանաբնակ հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը տոնեց հերթական հաղթանակը:

Նա ջախջախիչ պարտության մատնեց Ուկրանիան ներկայացնող Ստեփան Լիտվինենկոյին։ Աբրահամյանը մենամարտի մեկնարկի 8-րդ րոպեում պարանոցի խեղդում հնարքով պարտության մատնեց հակառակորդին։

Չնայած նախորդ նշանակալի հաղթանակներին, այս մեկն առավել կարեւոր է եղել Աբրահամյանի համար, իրականացել է մարզիկի երազանքը:

Լուսանկարը` Rafayel Abrahamyan Facebook page


«Իմ ամենամեծ երազանքն է եղել Հայաստանում մենամարտ ունենալը։ Մարզչիս՝ Արտակ Վարդանյանի հետ որոշեցինք, որ ամեն գնով այս անգամ եւս հաղթելու եմ ու լիգայի նախագահին խնդրեմ, որպեսզի հաջորդ մենամարտս կազմակերպվի Հայաստանում։ Այդպես էլ եղավ»,-խոստովանում է մարզիկը:

Նա ընդգծում է, որ բոլորին թվում է, թե շատ հեշտ է դուրս գալ ռինգ, կռվել ու հաղթել, սակայն իրականում դա իրենց տարած աշխատանքի 1%-ն է։

«Ամեն մենամարտից առաջ Ռաֆայելը 2-3 ամիս պատրաստվում է ամենախիստ ռեժիմով։ Անձնական կյանք չի ունենում, միայն մարզումներ ու դիետաներ։ Մենք ամեն հնարավորն ու անհնարինն ենք անում մեր դրոշը բարձր պահելու համար: Կյանքի ինչ իրավիճակ էլ ստեղծվի, երբեք հայկական դրոշը մեր ձեռքից վայր չենք դնի»,-ասում է մարզիչ Արտակ Վարդանյանը:

Լուսանկարը` Rafayel Abrahamyan Facebook page


Վարդանյանը նշում է, որ Հայաստանում նախատեսված մենամարտի օրն ու մրցակիցը դեռ հաստատված չեն: Սակայն իրենք սպասում են հզոր ու թեժ մենամարտ, իսկ պայքարն ու հաղթանակն այլ նպատակի են ծառայելու։

Հետաքրքիր է, որ հայ մարզիկի հետ մենամարտել ցանկացողներն իրենք են մարտահրավեր նետում ու ռինգ դուրս գալուց առաջ մեծ թշնամանքով են լցվում, փորձում են նախքան մարտը կոնֆլիկտ ունենալ նրա հետ:

«Այն օրվանից, երբ ծանոթանում եմ մրցակցիս հետ, սկսվում է հոգեբանական մարտը։ Ինձնից լավ բան թող ոչ ոք չսպասի։ Ես չեմ ընդունում ու չեմ հասկանում, երբ ասում են՝ պետք է հարգես մրցակցիդ։ Ես չեմ հարգում։ Եթե հարգեմ իրեն մինչեւ մարտը, ինչպե՞ս հետը կռվեմ։ Հարգանքս գալիս է մարտից հետո, երբ ամեն ինչ արդեն վերջացած է լինում։ Ես սիրում եմ իմ գործը մաքսիմալ պրոֆեսիոնալ կատարել»,-ընդգծում է նա:   

Լուսանկարը` Rafayel Abrahamyan Facebook page


Ռաֆայելը շուրջ տասը տարի է զբաղվում այս սպորտաձեւով, ունեցել է բազում հաջողություններ։ Հաղթանակներից ամենակարեւորն ու առանձնահատուկը համարում է 2019 թվականին տեղի ունեցած մենամարտը, երբ հակառակորդը թուրք էր:

«Գրեթե 2 տարի է անցել, բայց ուր գնում եմ, բոլորն ինձ ճանաչում են որպես թուքին հաղթած հայ։ Այդ մարտից հետո ես ավելի շատ սկսեցի զգալ, որ մարդիկ ինձ հետեւում են, սպասում իմ հաղթանակին, ինչն էլ անչափ մոտիվացնում է ինձ։ Մարտերից հետո տեսնում եմ, թե ինչպես են մեծից փոքր ինձնով հպարտանում, ուրախանում, հաղթելուց բացի ես ուրիշ տարբերակ չունեմ։ Ես եմ ու իմ հայ ազգը։ Իմ երկիրն ու իմ ժողովուրդն ամենակարեւորն ու առաջնայինն են։ Ռուսաստանն ինձ տուն է տվել, չեմ կարող հերքել, բայց Հայաստանը սրտումս ու հոգումս է եղել, կա ու միշտ կմնա»,-ավելացնում է Աբրահամյանը։  

Մոնիկա Գրիգորյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին