Ապրիլ 26, 2024
4192 դիտում

Սպորտային Լոռին. Բասկետբոլային «Ուրարտուն» կներկայացնի Վանաձորը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի առաջնության արծաթե ու բասկետբոլի Ա լիգայի բրոնզե մեդալակիր Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբն այսուհետ ներկայացնելու է Վանաձորը:

Այս մասին այսօր Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ «Ուրարտուի» նոր մարզիչ Միքայել Պողոսյանը, թիմի ավագ Թովմաս Օրդանյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

 

Կարեն Գիլոյան

 

Ակումբն այսուհետ վանաձորյան գրանցում է ստանում: Ներկայացնելու ենք սպորտային բազմաթիվ նվաճումներ ու պատմություն ունեցող քաղաք: Մտածեցինք, որ այն նաեւ խաղային մարզաձեւերում պետք է ներկայացված լինի:

 

Վանաձորում սպորտ սիրում են, հուսանք՝ շատ երկրպագուներ կգան մեր հանդիպումները դիտելու:

 

Թիմի կորիզը հիմնականում պահպանել ենք, ավագը մնացել է, նոր մարզիչ ունենք: Միքայելը հանդես է եկել Հայաստանի հավաքականում, նա ծնկահոդի վնասվածք է ստացել ու վիրահատվել: Հույս ունենք, որ մրցաշրջանի երկրորդ հատվածում կվերադառնա ու խաղացող մարզիչ կլինի: Միքայելը շատ հեռանկարային ու հեռուն գնացող մարզիչ է:

 

Մեր նպատակն է քաղաքում մարզաձեւը զարգացնել, պայքարելու ենք միայն չեմպիոնության համար, փորձելու ենք նաեւ հետագայում հանդես գալ եվրոպական մրցաշարերում:

 

Հանդիպումներն անցկացնելու ենք Ստեփան Սարգսյանի անվան սպորտային պալատում, այն մոտ 1700 հանդիսական է տեղավորում: Պետք է պարզապես լուսավորության հարցը լուծել ու օղակները փոխել: Հետագայում նպատակ ունենք նաեւ հատակը փոխել:


«Ուրարտուի» առաջին հանդիպումը հոկտեմբերի 6-ին պետք է կայանար, բայց այդ օրը Վանաձորի տոնն է, մենք կլինենք այստեղ ու կներկայանանք միջոցառմանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Միքայել Պողոսյան

 

Թիմի մի քանի խաղացողներ մնացել են, այդ թվում Թովմասը: Մենք նաեւ համալրումներ ունենք, երկու խաղացող ԱՄՆ-ից կլինեն, բավականին փորձառու են: Միայն լուրջ նպատակներ ենք դնելու թիմի առաջ, փորձելու ենք առաջին տեղը գրավել: Մրցաշրջանին կսկսենք պատրաստվել մոտ 10 օրից, երբ մեր լեգիոներները միանան:

 

Թովմաս Օրդանյան

 

Շատ եմ սիրում այս քաղաքը, ուրախ եմ, որ թիմի ավագն եմ լինելու: Մարտական ենք տրամադրված, լավ կազմ ենք ձեւավորել, տնային հանդիպումներին կոչ եմ անում բոլորին գալ ու աջակցել մեզ:

 

Մամիկոն Ասլանյան

 

Վանաձորը հիմնականում մենապայքարային ձեւերում է հաջողություններ գրանցել, ուրախ ենք, որ ֆուտբոլային ակումբից բացի նաեւ բասկետբոլային թիմ կունենանք: «Լոռին» հիանալի է հանդես գալիս ֆուտբոլի Բարձրագույն խմբում ու առաջատարն է, աշխատում եմ բոլոր հանդիպումներին ներկա լինել, կփորձեմ բասկետբոլային խաղերն էլ դահլիճում դիտել: Անհրաժեշտ օգնություն ենք ցուցաբերելու երկու թիմերին էլ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին