Մայիս 02, 2024
1352 դիտում

95 խաղ ու 32 գոլ. Հենրիխ Մխիթարյանը հեռանում է հավաքականից


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում ու երբ խփեցի առաջին գոլս Աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին։

Վերջին 15 տարիների ընթացքում մեծագույն պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել նրա ավագի թեւկապը:

95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից եւ իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից եւ վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս:

Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է եւ, որ տվել եմ իմ հավաքականին ամենը՝ ինչ կարող էի:

Հետեւաբար առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինեմ ակումբային մրցելույթներիս վրա:

Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, եւ ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ եւ վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ եւ որպես մարդ, կայացմանը։

Հաջողություններ իմ ազգային հավաքականին:

Ընդմիշտ ձեր՝
Հենո»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին