Ապրիլ 28, 2024
17035 դիտում

Բայրամյան. Հավատում եմ, որ կկարողանանք հաղթահարել ԱԱ-ի խմբային փուլը


Լուսանկարը` sputniknews.com

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


Օրեր առաջ հայտարարվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւս մեկ նորեկի՝ Խորեն Բայրամյանի մասին:

Ֆուտբոլիստը sport24.ru-ին տված հարցազույցում խոսել է հավաքականում հանդես գալու, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների, հայերեն խոսելու ու Մխիթարյանի մասին:

«Իհարկե, ինչպես ես, այնպես էլ ընտանիքս շատ ուրախ ենք հավաքական հրավիրվելու համար, բայց դեռ ամբողջությամբ այդ ամենը չեմ գիտակցում: Ամեն ինչ ավելի լավ կհասկանամ, երբ կժամանեմ Հայաստան ու տղաների հետ մեկ հանդերձարանում կլինեմ: Երբ առաջին անգամ հագնեմ հավաքականի մարզաշապիկը, ամեն ինչ կհասկանամ: Շատ եմ սպասում այդ պահին: Կարծում եմ՝ այն հուզիչ կլինի:

Լուսանկարը` անձնական արխիվից


Հավաքականի խաղացողները բարձրակարգ են, թիմը միշտ էլ մրցունակ կազմ է ունեցել: Կառանձնացնեմ Հենրիխ Մխիթարյանին, նա մեծ վարպետ է, օրինակ ու կուռք: Նրանից բացի գիտեմ նաեւ Վարազդատ Հարոյանին, որը լավ ու պատրաստված պաշտպան է: Վերջերս ծանոթացել եմ նաեւ Ալեքսանդր Կարապետյանի հետ:

Նոր մարզչի՝ Խոակին Կապառոսի, շնորհիվ հավաքականի գործերը պետք է ավելի լավ ընթանան: Նրա հետ դեռ չեմ խոսել, նա զրուցել է «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ: Ինձ հետ կապվել է ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Դեռ շարունակում եմ շնորհավորանքներ ստանալ՝ թե անձամբ ու թե սոցիալական կայքերում: Շնորհակալ եմ բոլորից ջերմ խոսքերի համար, շատ հաճելի է լսել դրանք:

Հավատում եմ, որ կկարողանանք հաղթահարել ԱԱ-ի խմբային փուլը, դա բոլորի երազանքն է, քանի որ Հայաստանը երբեք չի խաղացել խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերում: Պետք է ուժեղ թիմ հավաքենք ու հասնենք այդ նպատակին: Ուրախ եմ, որ իմ խաղով կօգնեմ ազգային ընտրանուն:

Լուսանկարը` անձնական արխիվից


Հետեւում եմ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Բոլորս էլ ցանկանում ենք, որ ամեն ինչ խաղաղ ճանապարհով ավարտվի, չեմ ցանկանում, որ անմեղ մարդիկ զոհվեն ու արյուն թափվի:

Հայերեն լավ եմ խոսում, պարզապես՝ Տավուշի բարբառով, ծնվել եմ Կոթի գյուղում: Դրա համար խոսելուց առաջ երկար եմ մտածում, որ բառերը ճիշտ ասեմ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին