Մայիս 03, 2024
1853 դիտում

«Շիրակ»-ի մարզչական տնօրենին մեղադրանք է առաջադրվել



ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին՝ «Բանանց» ակումբի մարզիկին կաշառելու համար։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. մայիսի 3-ին «Շիրակ»-ի մարզչական տնօրեն Ա. Հարությունյանը հանդիպման է հրավիրել «Բանանց»-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին եւ կաշառք առաջարկել՝ «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների՝ մայիսի 5-ին նախատեսված խաղի ժամանակ սխալներ թույլ տալու եւ պարտվելու համար։

Քննության տվյալներով՝ Հարությունյանը մրցակից ակումբի ֆուտբոլիստին, ով նախկինում խաղացել է «Շիրակ»-ում, առաջարկել է 5000 դոլար՝ խաղը պարտվելու դիմաց, որից 1000 դոլարը տվել է նույն օրը՝ որպես կանխավճար, իսկ մնացած մասը խոստացել փոխանցել խաղի ավարտին՝ պարտությունից հետո։

Ֆուտբոլիստը վերցրել է գումարը, ապա՝ այդ մասին հայտնել «Բանանց» ակումբի տնօրինությանը։ Ֆուտբոլիստը հայտնել է, որ գումարը վերցրել է, քանի որ «Շիրակ»-ն իրեն պարտք է եղել ։ Կատարվածը փաստերով ներկայացնելու նպատակով վերջինս իր հեռախոսի «whatsapp» հավելվածով՝ հաղորդագրությունների տեսքով, շփվել է մարզչական տնօրենի հետ եւ հաղորդագրությունները ներկայացրել ակումբի ղեկավարությանը:

Հունիսի 27-ին «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին