Որոշակի ընդմիջումից հետո այս շաբաթ Չեմպիոնների Լիգան կրկին վերադարձել է: Ու էլի գրանցվել են գոլառատ հանդիպումներ, անսպասելի ոչ-ոքիներ, կամային հաղթանակներ ու նոր ռեկորդներ:
Mediamax Sport-ը հետեւել է տուրի ընթացքին ու առանձնացրել ամենակարեւոր հանդիպումները:
Խոշոր հաշիվները
ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ շրջանի ամենախոշոր հաշիվները գրանցվել են E խմբում: «Լիվերպուլը» 7 անպատասխան գնդակ է ուղարկել «Մարիբորի» դարպասը: Դուբլերի հեղինակ են դարձել Ռոբերտո Ֆիրմինյոն ու Մոհամեդ Սալահը: Աչքի են ընկել նաեւ Ֆելիպե Կոուտինյուն, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեյնը եւ Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը:
Անգլիական ակումբն արտագնա խաղերում ամենախոշոր հաշվով հաղթած թիմն է դարձել:
Լուսանկարը` uefa.com
Խմբի մյուս խաղում էլ «Սպարտակը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ուժեղ է եղել «Սեւիլիայից»: Թիմի համար դա ՉԼ-ում տարած ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Այն կրկնել է «Լոկոմոտիվի» ցուցանիշը, որը 2001-ի նույն հաշվով ուժեղ էր եղել «Անդերլեխտից»:
Մինչդեռ իսպանական թիմը 4 գնդակից ավել եվրագավաթներում բաց է թողել 1958 թվականից հետո: Այն ժամանակ «Սեւիլիան» 0:8 հաշվով զիջել էր «Ռեալին»:
Լուսանկարը` uefa.com
«Լիվերպուլն» ու «Սպարտակը» վաստակել են 5-ական միավոր ու խմբի առաջատարներն են:
H խմբի հավասար պայքարը
3-րդ շրջանի մեկնարկում ընդամենը 2 ոչ-ոքի արդյունք է գրանցել, ու կրկին երկուսն էլ H խմբում: Հաղթողին չեն կարողացել որոշել «Ռեալն» ու «Տոտենհեմը», թիմերը մեկական գնդակ են ուղարկել միմյանց դարպասները: Ինչպես նաեւ իրենց առաջին միավորներն են վաստակել «Բորուսիան» ու ԱՊՕԵԼ-ը (1:1):
Գլխավոր դիմակայությունում Հարրի Քեյնի հարվածից հետո գնդակը, դիպչելով Ռաֆայել Վարանին, հայտնվել է Արքայական թիմի դարպասում: «Տոտենհեմի» դարպասը 11-մետրանոցից գրավել ու հաշիվը հավասարեցրել է Քրիշտիանու Ռոնալդուն: Նա ոչ միայն իր գոլերի քանակն է ավելացրել ՉԼ-ում, այլ նաեւ անցկացրած խաղերը: Պորտուգալացին ՉԼ-ում արդեն 143 հանդիպման է մասնակցել ու այդ ցուցանիշով գերազանցել է «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլին՝ 142 հանդիպում:
Լուսանկարը` uefa.com
«Ռեալն» ու «Տոտենհեմը» H խմբում ունեն հավասար՝ 7-ական միավոր:
Անպարտելի «Մանչեսթեր Սիթին» ու կամային «Շախտյորը»
Պեպ Գվարդիոլայի սաները միավոր չեն կորցնում ոչ միայն Անգլիայի առաջնությունում, այլ նաեւ Չեմպիոնների Լիգայում:
3-րդ անընդմեջ հաղթանակը «Մանչեսթեր Սիթին» տարել է «Նապոլիի» նկատմամբ: Մանչեսթերում կայացած խաղում գրանցվել է 2:1 հաշիվն, ու անգլիական թիմը 9 միավորով F խմբի առաջատարն է:
Լուսանկարը` uefa.com
2-րդ տեղում ընթանում է Դոնեցկի «Շախտյորը» 6 միավորով: Թեեւ այն արդեն 8-րդ րոպեին գնդակ է ուղարկել սեփական դարպասը, սակայն կարողացել է մրցակցին պատասխանել Բերնարդի դուբլով ու պահել հաղթական հաշիվը: Թիմը 75-րդ րոպեից 10 հոգով է խաղացել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: