Ապրիլ 27, 2024
1070 դիտում

Ֆեդերեր. 14 ու 9-ամյա երկվորյակների հայր եմ ու նրանց հետ ամեն օրը նորովի է անցնում


Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ


Շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն արդեն երկու տարի է, որ ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան: Նա սպորտը թողնելուց հետո առաջին մեծ հարցազրույցը տվել է GQ ամսագրին:

Շվեյցարացին հումորով խոստովանել է, որ այդքան էլ չի կարոտում թենիսը եւ այն թողնելուց հետո բավական հագեցած առօրյայով է ապրել, ներկա եղել մի քանի խոշոր միջոցառումների, որոնց թվում այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխությունն էր, ընտանիքի հետ է շատ ժամանակ անցկացրել, հանգստի մեկնել Չինաստան, Թաիլանդ ու Աֆրիկա: Մեծ Սաղավարտի 20-ակի հաղթողը վերջապես ժամանակ ունի սեփական կյանքի համար:

Առանձնացրել ենք հարցազրույցի ամենահետաքրքիր ու կարեւոր հատվածները:

«Ես իսկապես ուրախ եմ, երբ կյանքը որեւէ իմաստ ունի: Վերջին մի քանի տարիներին թենիս խաղալը բարդ էր, քանի որ ծունկս անդադար անհանգստացնում էր: Դրա համար էլ, երբ որոշեցի ավարտել կարիերաս, խորը շունչ քաշեցի եւ ասացի. «Իսկապես ամեն ինչ հիանալի էր»:

Լուսանկարը` GQ


Այդ պահին, իհարկե, տառապում էի, քանի որ գիտեի, թե որքան դժվար է սպորտը թողնելը: Հետո արդեն սկսեցի հիշել ամենավառ պահերը: Հատկապես հրաժեշտի գիշերը շատ եմ արտասվել, այն անչափ հուզիչ էր ինձ համար: Հասկանում էի, որ այն ամենն, ինչ ինձ հետ է եղել ողջ կյանքում, հեռանում է անվերադարձ ու էլ երբեք հետ բերել չեմ կարողանա, բայց կյանքն է այդպիսին:

Ինձ միշտ վախեցնում էր այն պահը, երբ հանդիպումն ավարտվում էր, մրցակցի հետ սեղմում էինք միմյանց ձեռքերն ու նա հեռանում էր: Իսկ ես վերցնում էի բարձրախոսն ու հարթակին միայնակ կանգնած ելույթ ունենում: Որեւէ մրցաշարի մեկնարկում երբեք չեք կարող իմանալ, թե որքան հեռու կարող եք գնալ: Բայց հրաժեշտի օրը բոլորը գիտեին, որ այն ինձ համար վերջինն է լինելու:

Միշտ եմ վախեցել կորտում միայնակ մնալ, իսկ հրաժեշտի ժամանակ հույս ունեի լինել ընկերներիս ու ընտանիքիս շրջապատում, որոնց կողքին կարող էի աշխարհին ասել. «Սա հենց այդ օրն է»:

Լուսանկարը` GQ


Կարիերայիս ընթացքում հատուկ չեմ մտածել թոշակի անցնելու մասին, բայց լինում էին օրեր, երբ մեքենայով մարզման գնալիս ասում էի. «Իսկ ինչպիսի՞ն է լինելու հրաժեշտս» կամ էլ. «Իսկ որտե՞ղ է լինելու հրաժեշտի խաղը կամ ե՞րբ: Որքա՞ն երկար եմ դեռ խաղալու»: Նման հարցեր պարբերաբար եք ունենում, երբ մտածում եք կյանքի, երեխաների մասին կամ թե որտեղ է ձեզ տանելու ճակատագիրը:

Կարիերայիս ավարտի մասին ինձ սկսել են հարցնել 2009 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունից հետո, երբ գերազանցեցի Փիթ Սամփրասի ռեկորդը՝ նվաճելով Մեծ Սաղավարտի 14 տիտղոս: Մարդիկ հետաքրքրվում էին. «Էլ ի՞նչ է հնարավոր նվաճել»: Բայց ես սիրում էի թենիս խաղալ ու նոր մրցանակների տիրանալ:

Թենիսն իմ անհատականության մի մասն էր, բայց դա այն չէր, ինչով ամեն օր էի զբաղվում: Ավելի շատ ես ամուսին էի, հայր, որդի: Թենիսը սկզբում իմ հոբբին էր, ապա դարձավ աշխատանքս: Բայց փորձում էի ինքս ինձ ոչ միայն որպես թենիսիստ ընկալել: Եվ երբ թենիսն ավարտվեց, մնացած բաները իմ կյանքում էլի կային: Նման մտածելակերպն իմ ուժեղ կողմն է եղել ողջ կարիերայիս ընթացքում: Գիտեի, որ ամեն պահ եթե որեւէ պատճառով էլ թենիս չխաղամ, պարտավոր եմ կարողանալ ապրել առանց խաղի:

Լուսանկարը` GQ


Այնպես որ՝ առանց թենիսի ապրելն այնքան էլ դժվար չէր ինձ համար, այնքան բան ունեմ անելու, որ նույնիսկ օրը չի հերիքում: Սիրում եմ շրջապատված լինել ընկերներով ու սիրելի մարդկանցով, շատ շփվող եմ: Դրա համար էլ թոշակի անցնելու հետո այնպիսի տպավորություն ունեմ, որ ընդամենը 2 օր եմ միայնակ եղել, երբ երեխաները դպրոցում էին, իսկ կինս այլ գործերով էր զբաղված: Երբ ազատ էի մնում, առաջին միտքս էր. «Ի՞նչ անել»:

Հիմա հասկանում եմ, որ ժամանակն ավելի կարեւոր է, քան առաջ էր: Չգիտեմ՝ արդյոք դա տարիքի հետ է պայմանավորված: Երբ մեծանում ես, զգում ես, որ ժամանակը փախչում է քեզնից, իսկ դու դեռ այնքան բան ունես անելու:

Կարիերան ավարտելուց հետո սկսել եմ զբաղվել հագուստի, կոշիկների եւ արեւային ակնոցներ դիզայնով: Շատ գոհ եմ վերջնական արդյունքից:

Միշտ չէ, որ տարված եմ եղել նորաձեւությամբ: Կինս՝ Միրկան, որը 3 տարով մեծ է ինձնից, միշտ էլեգանտ է եղել, սիրել է ավտոմեքենաներ, ժամացույցներ ու նորաձեւություն: Այդ ամենը նրա հոբբին էր, միշտ է շփվող եղել, տարբեր տեղեր էր գնում ու ինձ էլ ոգեշնչում այցելել թանգարաններ, ծանոթանալ նոր մարդկանց հետ եւ սոցիալական առումով ավելի ուժեղ դառնալ:  

Լուսանկարը` GQ


Մենք 2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերի ժամանակ ենք ծանոթացել, երբ 18 տարեկան էի: Հենց Միրկան էլ ինձ բերեց այս աշխարհ: Երբ ամեն անգամ նոր երկրներ եք այցելում, չեք կարող մշտապես կրել ջինսե տաբատներ, մարզակոշիկներ ու շապիկներ: Երբ ավելի հայտնի դարձա, նաեւ կարմիր գորգերով էի անցնում, սկսեցի կոստյումների եւ փողկապերի կարիք ունենալ:

Amazon-ով շուտով կցուցադրվի կարիերայիս վերջին 2 օրերի մասին պատմող ֆիլմ: Եթե անկեղծ՝ պատրաստ չէի իմ պատմությունը ներկայացնել մարդկանց: Բայց երբ Laver Cup-ում հրաժեշտս մոտենում էր, հարց առաջացավ՝ մի՞թե չեմ ցանկանա այդ պահերը մնայուն դառնան ընկերներիս, երեխաներիս ու ընտանիքիս համար: Արդյունքում՝ ֆիլմ ստացվեց, որի պրեմիերան լինելու է Ուիմբլդոնի նախօրեին, ինքս դիտելիս մոտ 6 անգամ արտասվել եմ:

Այդ ամենը վերապրելն ինձ համար շատ հուզիչ էր ու ծանր: Հետաքրքիր է, թե հեռուստադիտողներն ինչպես կարձագանքեն: Հույս ունեմ, որ կհավանեն, իսկ մարզիկներին հաճելի կլինի տեսնել, թե ինչպես եմ ավարտել կարիերաս:

Լուսանկարը` GQ


Բայց անկեղծ կլինեմ, իրականում թենիսն այնքան էլ չեմ կարոտում: Հաճախ են այդ հարցը տալիս, բայց ինձ իսկապես հանգիստ եմ զգում, քանի որ գիտակցում եմ՝ մարմինս, միտքս ու ծունկս թույլ չեն տա այլեւս սպորտով զբաղվել: Այն տպավորությունն ունեմ, որ կիտրոնն ամբողջությամբ եմ քամել: Փորձել ու արել եմ ամեն ինչ, դրա համար էլ հիմա այսպես հանգիստ եմ:

Երեխաներիս հետ եմ թենիս խաղում, վերջերս առաջին անգամ կորտ եմ ամրագրել կնոջս հետ խաղալու համար: Երեխաները դասի էին, իսկ մենք միասին մրցեցինք, շատ զվարճալի անցավ: Կատարյալ լինելու կարիք չկար, կարեւոր էլ չէր արդյոք բաց կթողնեմ ձախից հարվածը, թե ոչ, պարզապես վայելում էինք:

Որոշ ժամանակ առաջ էլ Սթենֆորդի համալսարանի ուսանողներ հետ եմ խաղացել ու մի քանի հնարք սովորեցրել նրանց: Վարպետությունը ոչ մի տեղ էլ չի անհետանում, հեծանիվ վարելու պես է, եթե մի անգամ սովորում ես, էլ չես մոռանում:

Հպարտ եմ եւ ուրախ այն ամենի համար, ինչի հասել եմ: Երբ գերազանցեցի Սամփրասի ռեկորդը, նա այդ ամենին շատ լավ վերաբերվեց: Այդ պահը երբեք չեմ մոռանա, եւ կարծում եմ սպորտը թողնելուց հետո ես էլ նրա պես կլինեմ՝ մյուսների հաջողություններով ուրախացող: Իրականում մենք ոչ թե թենիսում ենք մրցակցում, այլ սպորտում՝ մեր մարզաձեւը հանելով մեծ մակարդակի:

Լուսանկարը` GQ


Երբ 2005 թվականին Ավստրալիայի բաց առաջնությունում պարտվեցի Մարատ Սաֆինին, մտածեցի. «Ես հրեշ եմ ստեղծել», քանի որ անգամ մեկ սեթ զիջելու դեպքում մարդիկ ասում էին. «Աստված իմ, Ռոջերը զիջեց» եւ շոկի ենթարկվում:  

Նույն կերպ արձագանքեցին 2008-ին Ուիմբլդոնում Ռաֆային պարտությանը: Այդ հանդիպումը շատերը համարում են լավագույնը թենիսի պատմության մեջ, ինձ համար էլ այն յուրահատուկ էր, թեեւ պարտությունից հետո ամբողջովին դատարկված էի:

Բայց մեկ ամիս անց մեկնեցի ԱՄՆ, ու մարդիկ դեռ շարունակում էին խոսել այդ մասին. «Ախ այդ ուիմբլդոնյան հանդիպումը», իսկ ես արձագանքում էի. «Այո, ամեն ինչ այնքան լավ էր», իսկ նրանք շարունակում. «Ոչ, ամեն ինչ իսկապես արտակարգ էր: Թեեւ Դուք զիջեցիք, բայց Աստված իմ, տեսա ձեր մարդկային կողմը: Ձեզ պարտվողի դերում տեսնելն իսկապես անսովոր ու հատուկ էր»: Օրեր շարունակ նման բաներ էի լսում, մինչեւ որ իսկապես չգիտակցեցի, թե այդ օրը որքան բանի էի հասել:

Դա էլ կյանքի մի մասն է, առանց պարտությունների անհնար է: Մտածում եմ՝ ինձ հատկապես այդ շրջանում սկսեցին ավելի մարդկային վերաբերմունք ցուցաբերել, որովհետեւ բոլորն էլ իրենց կյանքում պարտություններ են ունենում: Կյանքն առաջ է  գնում, ընտանիք ենք կազմում, երեխաներ ունենում ու ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում: Այդ ժամանակ էլ մարդիկ ինձ սկսեցին ավելի լավ ճանաչել, այնքան երկար եմ թենիս խաղացել, ու նրանց վերաբերմունքն իմ նկատմամբ սկսել է փոխվել: Հենց այդ պատճառով եմ նաեւ երկրպագուների կողմից այդքան մեծ աջակցություն ստացել:

Լուսանկարը` GQ


Հնարավոր է՝ իմ խաղում եղել է որեւէ բան, ինչն արձագանք է գտել մարդկանց սրտերում: Նրանք զգում էին, եթե գան ու դիտեն իմ հանդիպումները, իրենց կյանքում յուրահատուկ ինչ-որ բան տեղի կունենա: Ես այլ կերպ էի խաղում: Գուցե, կապող կամուրջ էի շատերի համար ու այդ պատճառով էլ սիրում էին իմ խաղը:

Հիմա երջանիկ եմ, լրիվ ուրիշ կերպ եմ ապրում: Այլ ճանապարհորդություն եմ սկսել իմ կյանքում՝ նոր նախագծեր ունեմ եւ ընտանիքիս հետ եմ շատ ժամանակ անցկացնում: Ինձ դուր է գալիս այս փուլը, ճիշտ է Մեծ Սաղավարտերում հանդես գալու սթրես միշտ եմ զգացել, բայց 14 ու 9-ամյա երկվորյակների հայր երբեք չեմ եղել, ու նրանց հետ ամեն օրն ինձ համար նորովի է անցնում:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին