Ապրիլ 28, 2024
exclusive
1148 դիտում

ԵԱ-ի մրցանակակակիրները. 3 արծաթե ու 5 բրոնզե մեդալները


Լուսանկարը` Markus Koch

Լուսանկարը` Markus Koch

Լուսանկարը` Markus Koch

Լուսանկարը` Markus Koch

Լուսանկարը` Markus Koch

Լուսանկարը` Markus Koch

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Համարյա միաժամանակ անցկացված ըմբշամարտի ու ծանրամարտի Եվրոպայի առաջնություններում հաջողվեց նվաճել 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալներ: Նույնքան են եղել նաեւ ոսկե մեդալները, բայց այս անգամ Sport Mediamax-ը պատմելու է պատվոհարթակի 2-րդ ու 3-րդ աստիճաններին բարձրացած ու Հայաստանի համար կարեւոր մեդալներ նվաճած մարզիկների մասին:


Արծաթե մեդալակիրները՝ Դավիթ Հովհաննիսյան

Արդեն մի քանի տարի է, որ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնություններում մեդալակիր է դառնում՝ 2019-ին 3-րդն էր, 2022-ին ու 2023՝ չեմպիոն հռչակվեց, օրեր առաջ էլ արծաթ նվաճեց:

Սոֆիայի առաջնությունում Հովհաննիսյանը վստահ մեկնարկեց ու պոկումում 169 կգ-ով փոքր ոսկե մեդալ նվաճեց, սակայն հրումում նրա ջանքերը մի քիչ չբավականացրին, ու Հակոբ Մկրտչյանին հաջողվեց երկամարտում 1 կգ շրջանցել: Հովհաննիսյանը 2-րդ տեղը գրավեց 374 կգ-ով, իսկ հրումում 205 կգ-ով փոքր արծաթ ապահովեց:

Լուսանկարը` Markus Koch


Նախորդ տարի Երեւանում կայացած առաջնությունում նա 3 կգ ավել էր գրանցել ու հաղթող դարձել, հրումում նույնքան էր բարձրացրել, սակայն պոկումում անհամեմատ վստահ եղել՝ 172 կգ:

Սամվել Գասպարյան եւ Գարիկ Կարապետյան

Նախորդ տարվա մինչեւ 102 ու 109 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոններ Գարիկ Կարապետյանը եւ Սամվել Գասպարյանն այս անգամ բավարարվեցին արծաթով ու բրոնզով: Նախորդ տարի նրանք համապատասխանաբար բարձրացրել էին 392 ու 395 կգ, այս տարի երկուսն էլ բարելավել են իրենց արդյունքը, պարզապես այս անգամ մրցակցությունն էր ավելի թեժ:

Լուսանկարը` Markus Koch


Սոֆիայում մինչեւ 102 կգ քաշային կարգի պոկում վարժությունում ավելի ուժեղ էր ու 182-ով ոսկե մեդալ նվաճեց Կարապետյանը, իսկ Գասպարյանը 180-ով՝ 3-րդն էր:

Նա հրումում ավելի հաջող հանդես եկավ ու 396-ով արծաթե մեդալակիր դարձավ, իսկ Կարապետյանը 2 կգ պակաս ցույց տվեց եւ 3-րդ տեղը գրավեց:

Լուսանկարը` Markus Koch


Սիմոն Մարտիրոսյան

Գերծանր քաշային կարգ տեղափոխվելուց հետո Սիմոն Մարտիրոսյանն առաջին անգամ կարողացավ Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր դառնալ: Երեւանում նա կանգնել էր պատվոհարթակի 3-րդ աստիճանին (440 կգ), սակայն այս անգամ Լաշա Տալախաձեի բացակայության պայմաններում Վարազդատ Լալայանը չեմպիոն հռչակվեց, իսկ նա 2-րդ մրցանակակիր դարձավ:

Մարտիրոսյանը պոկեց 190 կգ, դա 3-րդ ցուցանիշն է, եւ հրեց 247 կգ ու փոքր արծաթ նվաճեց: Ծանրորդի երկամարտի արդյունքը 437 կգ էր՝ նախորդ տարվա համեմատ 3 կգ-ով պակաս:

Լուսանկարը` Markus Koch


Ծանրամարտի բրոնզե մեդալակիրները

Ինչպես եւ Երեւանում, Սոֆիայում էլ Ռաֆիկ Հարությունյանը ելույթն ավարտեց 3-րդ տեղում: Մինչեւ 81 կգ պայքարում նա երկամարտի 342 կգ արդյունքով Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր դարձավ:

Լուսանկարը` Markus Koch


Վերջին բրոնզը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապահովեց Հռիփսիմե Խուրշուդյանը: 36-ամյա մարզուհին կամային ու դժվար պայքար ծավալեց առանց մեդալ չմնալու համար: Երկամարտում նա 227 կգ բարձրացրեց ու 3-րդ տեղը գրավեց ինչպես եւ երեւանյան առաջնությունում, այստեղ էլ նա նույնպիսի կգ-ներ էր գրանցել:

Հրման անհաջող 125 կգ-ոց փորձից հետո Խուրշուդյանը հանեց մարզակոշիկներն ու արցունքն աչքերին ցույց տվեց, որ ավարտում է կարիերան, թեեւ հետագայում հստակություն մտցրեց ու բացատրեց, թե ինչու էր նման քայլի դիմել: Հնարավոր է հետագայում նրան եւս մեկ անգամ էլ տեսնենք միջազգային ասպարեզում:

Լուսանկարը` Markus Koch


«Հավաքականի գլխավոր մարզիչ ընկեր Արտաշի հետ պայմանավորվել էինք, որ եթե չկարողանամ երկամարտում մեդալ նվաճել, կավարտեմ ելույթս: Ու երբ բարձրացնել չկարողացա, հասկացա, որ եկել է ավարտի մասին հայտնելու ժամանակը: Ընկեր Արտաշը չհասցրեց զգուշացնել, որ 3-րդ տեղն եմ գրավել: Չեմ կարող բացատրել, թե ինչպիսի ապրումներ ունեցա կարիերաս ավարտելու մասին հայտնելուց հետո: Որքան էլ հասկանում եմ, որ հեռանալու ժամանակը մոտ է, բայց դեռ լիովին գիտակցել չեմ կարողանում»:

3-րդ մրցանակակիր ըմբիշները

Եվրոպայի առաջնություններում Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի հավաքականները ոսկիներից բացի նաեւ մեկական բրոնզ նվաճեցին:

Լուսանկարը` UWW


Հունահռոմեականներից իր առաջին ԵԱ-ում պատվոհարթակի 3-րդ աստիճանին կանգնեց Մանվել Խաչատրյանը: Նա մինչեւ 55 կգ քաշային կարգի բրոնզի համար պայքարում բավական վստահ գոտեմարտեց ու ժամանակից շուտ 8:0 հաշվով գերազանցեց բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովին:

Լուսանկարը` UWW


Մյուս բրոնզն ապահովեց Մեժլում Մեժլումյանը, որը մինչեւ 61 կգ քաշային կարգի 3-րդ տեղի համար գոտեմարտում 7:5 հաշվով ուժեղ էր գերմանացի Նիկլաս Շեչելից։ Մեժլումյանի համար էլ դա առաջին լուրջ հաջողությունն էր մեծահասակների պայքարում։

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին