Ապրիլ 26, 2024
3044 դիտում

Ֆուտբոլիստների սիրելի ու ակումբների ահ եւ սարսափ Մինո Ռայոլան


Լուսանկարը` lgiornale.it

Լուսանկարը` wikipedia.org

Լուսանկարը` juvefc.com

Լուսանկարը` sportsbrief.com

Լուսանկարը` AS

Լուսանկարը` Հ.Մխիթարյանի արխիվից

Լուսանկարը` Հ.Մխիթարյանի արխիվից

Լուսանկարը` Marca

Լուսանկարը` benchwarmers.ie

Լուսանկարը` Daily Mail


Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան մահացավ կյանքի 54-րդ տարում: Նա աշխատել է բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստների հետ ու օգնել նրանց կարիերան ավելի լավը դարձնել:

Իտալացի գործակալի հաջողության հասնելու ուղին պարզ է եղել՝ համառությունն ու աշխատանքին նվիրումը, ոչ մի դժվարության առաջ կանգ չառնելը, ինչն էլ նրան ժամանակակից ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկն է դարձրել:

Ռոդերիկ Տյուրպեյնի անունն այնքան էլ լավ ծանոթ չէ ֆուտբոլային աշխարհում: Նա հոլանդացի խաղացող էր, որը 90-ականների կեսերին մի քանի հանդիպում անցկացրեց «Այաքսի» կազմում, ապա տեղափոխվեց «Դե Գրաֆսհապ» ու կարիերան ավարտեց 25 տարեկանում:

Լուսանկարը` wikipedia.org


Այդ տեղափոխությունն այնքան հաջող էր, որ ֆուտբոլիստին գումարով ապահովեց ողջ կյանքի ընթացքում: Նա նոր ակումբում ստանում էր նույնքան աշխատավարձ, որքան եւ «Այաքսում»: Նման պայմանագիր նրա համար կարողացել էր կնքել գործակալ Մինո Ռայոլան:

Ռայոլան չէր վախենում մարտահրավեր նետել ֆուտբոլային համակարգին ու գրանդ ակումբներին՝ ամեն գնով պաշտպանելով իր հաճախորդների շահերը:

Գործակալներին սովորաբար անվանում են ֆուտբոլի թշնամիներ, ու Ռայոլան ամբողջությամբ մարմնավորում էր այդ ամենը: Նա բաց ու լկտիորեն էր գործում՝ առաջացնելով շատերի թշնամանքն ու հակակրանքը:

Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ նրան միանգամից չի հավանել. «Ֆուտբոլում մի քանի գործակալ կա, որոնց չեմ սիրում: Պոլ Պոգբայի գործակալ Ռայոլան նրանից մեկն է: Նոր էինք ծանոթացել, իսկ ես արդեն չէի վստահում նրան: Մենք արդեն պայմանավորվել էինք ֆուտբոլիստի հետ, բայց Ռայոլայի ազդեցությամբ Պոգբան պայմանագիր կնքեց «Յուվենթուսի» հետ»:

Լուսանկարը` juvefc.com


Փոխարենը նրան ֆուտբոլիստներն էին սիրում, հասկանալով, որ այդ բոլոր առճակատումներին գնում է հանուն իրենց ավելի բարձր աշխատավարձի ու լավ պայմանների:

Ռայոլայի աշխատանքի արդյունքում Պոգբան սուպերաստղի կարգավիճակում վերադարձավ ՄՅՈւ, բայց արդեն ռեկորդային գնով: Ժամանակին նրան իր կարիերան վստահել էր Զլատան Իբրահիմովիչը, իսկ հիմա՝ Էրլինգ Հոլանդը:

«Չգիտեի, թե ինչպիսի մարդու կհանդիպեմ: Մտածում էի՝ կոստյում հագած կլինի ու ոսկե ժամացույց կկրի: Եվ ո՞ւմ տեսա ես: Մեկին մեծ փորով, ջինսով ու սովորական շապիկով, որը նման էր «Սոպրանոյի կլանի» կերպարներին: Ու ի՞նչ եք կարծում ասած կլինի, երբ սեղան նստեցինք: Պատվիրեց սուշի ավոկադոյով ու ծովախեցգետնով: Մեզ բերեցին 5 հոգու համար նախատեսված ուտելիք, ու միանգամից սկսեց ստամոքսը լցնել»,- Ռայոլայի մասին պատմել է Իբրահիմովիչը, որի հետ լավ ու ամուր գործընկերային հարաբերություններ են հաստատել:

Լուսանկարը` sportsbrief.com


«Խաղացողները Մինոյին հիանալի են համարում, քանի որ օգնում է նրանց ամենալավ պայմանները ստանալ, բայց ակումբների համար նա իսկական պատուհաս է»,- սա էլ Միխել Կրեկի կարծիքն է:

Նա «Այաքսի» կիսապաշտպանն էր, 2 չեմպիոնական տիտղոսի է արժանացել ու հաղթել ՈՒԵՖԱ-ի գավաթը: Բայց թիմում Էդգար Դավիդսի հայտնվելուց հետո պահեստայինների նստարանին մնացեց ու հնարավորություն ստացավ տեղափոխվել Իտալիա՝ «Պադովա»:

Ակումբի մարզչի օգնականն այդ ժամանակ հենց Ռայոլան էր. «Նա ուղեկցում էր Իտալիա տեղափոխված բոլոր խաղացողներին, ինձ օգնեց հաստատվել այնտեղ: Իմ ու մարզչի բոլոր բանակցությունների ժամանակ թարգմանում էր»:

Ռայոլան մանկուց աշխատել է իր ընտանիքին պատկանող պիցերիայում ու սովոր էր բանակցություններ վարել: 17 տարեկանում նա հիմնել է Intermezzo ընկերությունը, որն ուսումնասիրում էր իտալական շուկայում հոլանդական կազմակերպությունների համար աշխատելու առավել հարմար տարբերակներ: Ռայոլայի խոսքով՝ առաջին միլիոնը վաստակել է դեռ պատանի տարիքում:

Լուսանկարը` AS


Ամստերդամի հարեւանությամբ ապրող, արմատներով իտալացի տղային կյանքը կապել ֆուտբոլի հետ հանգամանքներն են օգնել: Ռայոլան գործունեությունը սկսել է հենց այն ժամանակ, երբ հոլանդական ֆուտբոլում շատ աստղեր կային, իսկ Ա Սերիան ուժեղներից մեկն էր համարվում աշխարհում:

Ռայոլան շատ էր սիրում պատմել, թե ինչպես է «Յուվենթուսի» նախկին տնօրեն Լուչանո Մոջիին բոլոր աշխատողների ներկայությամբ հանդիմանել նշանակված հանդիպմանը չգալու համար: Ընդ որում՝ այդ ժամանակ նա դեռ այնքան էլ հայտնի գործակալ չէր:

Մարզիչներն ու ակումբների նախագահները չէին կարողանում խուսափել Ռայոլայի հետ հանդիպումից, եթե նա որոշած էր լինում ամեն գնով տեսնել նրանց: Անգամ աշխատասենյակում փակվելը չէր փրկում:

Ֆուտբոլիստները գիտեին, որ գործակալն ամեն գնով կպաշտպանի իրենց: Դրա համար էր, որ Հենրիխ Մխիթարյանի քույրը՝ Մոնիկան, ամեն ինչ արեց, որ իր եղբորն էլ նա ներկայացնի:

Լուսանկարը` Հ.Մխիթարյանի արխիվից


«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ եղբայրս Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն դարձավ: Տարբեր մարդիկ սկսեցին միջամտել ու նրա ծառայություններն առաջարկել տարատեսակ ակումբների: Այդ ժամանակ էլ Հենրիխին ասացի, որ այդպես շարունակվել չի կարող, նրան գործակալ էր պետք: Պատմեցի, որ լսել եմ Ռայոլայի մասին, որի համար անհնար տրանսֆերներ գոյություն չունեն: Անընդհատ էլեկտրոնային փոստով գրում էի Ռայոլային, մինչեւ որ պատասխանեց. «Ինչո՞ւ եք ինձ ընտրել, ես բոլորի հետ չեմ աշխատում»:

Մենք հանդիպեցինք Միլանում: Տեղյակ չէր Հենրիխի մասին: Ապա հետաքրքրվել էր նրանով ամենաուժեղ եվրոպական ակումբների սպորտային տնօրեններից ու ցանկացավ աշխատել Հենրիխի հետ: Նրա գլուխը մյուսներից 2 անգամ արագ է աշխատում: Ռայոլային Հայաստան էլ ենք հրավիրել, խոստացել էր, որ կգա: Եղբորս հարսանիքին է եղել, սովորաբար նման տեղեր չի գնում, բայց բացառություն էր արել»,- պատմել է Մոնիկա Մխիթարյանը:

Լուսանկարը` Հ.Մխիթարյանի արխիվից


Գործակալի ջանքերի շնորհիվ է նաեւ Մխիթարյանը հայտնվեց Անգլիայում ու կարողացավ լավ կարիերա ունենալ: Նրանք միասին հայ ֆուտբոլիստի 29-ամյակն են նշել:

Գործակալի մահը մեծ հարված է եղել Մխիթարյանի համար, որն այսպիսի հրաժեշտի խոսքեր է գրել Ռայոլային. «Կկարոտեմ քեզ իմ գործակալ, իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք: Միշտ կմնաս մեզ հետ»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին