Մայիս 13, 2024
exclusive
21311 դիտում

Ադրբեջանի առաջին Աշխարհի չեմպիոնը. Արտյոմ Տերյան


Լուսանկարը` armedia.am

Լուսանկարը` verkkokauppa.urheilumuseo.fi

Լուսանկարը` armedia.am

Լուսանկարը` armedia.am


Ադրբեջանի համար Օլիմպիական խաղերում ու Աշխարհի առաջնությունում առաջին մեդալ նվաճած մարզիկը հայ է: Նա լեգենդար Արտյոմ Տերյանն է, որն ադրբեջանական սպորտի պատմության մեջ անչափ մեծ ներդրում է ունեցել:

Հունահռոմեական ոճի ըմբիշը սպորտային տեսանկյունից բազմակողմանի ունակություններ ուներ`շատ արագ էր վազում, հիանալի բռնցքամարտիկ էր, դիպուկ էր կրակում ու կլանված շախմատ խաղում: Բայց այդ ամենը 2-րդ պլանում էին, քանի որ նրա իսկական կիրքը կոխն էր: Տերյանը ճարպիկ էր, արագ ու հմուտ ավանդական հայկական այդ մարզաձեւում, ինչն էլ հետագայում նրան պետք եկավ ըմբշամարտում:

Արտյոմ Տերյանը ծնվել է 1930 թվականի Կիրովաբադում, որտեղ ընտանիքը տեղափոխվել էր Բանանց գյուղից: Վաղ տարիքում Հայրենական պատերազմի պատճառով կորցրել էր հորը:

15 տարեկանում տարվել էր կոխով, ապա զուգահեռ Անդրո Դանիելյանի գլխավորությամբ մարզվել ըմբշամարտով:

Լուսանկարը` armedia.am


Դպրոցն ավարտելուց հետո Տերյանն ընդունվել է Բաքվի ֆիզկուլտուրայի ինստիտուտ: 1950 թվականին առաջին անգամ հունահռոմեական ոճի թեթեւ քաշային կարգում հաղթել է ԽՍՀՄ-ի առաջնությունում, մեկ տարի անց էլ ոսկե դուբլ արել`չեմպիոն հռչակվելով ազատ ու հունահռոմեական ոճերում միաժամանակ:

Այդ հաջողությունը չէր կարող նրան աննկատ թողնել, Ադրբեջանը ներկայացնող հայ ըմբիշը միանգամից հայտնվեց ԽՍՀՄ-ի հավաքականի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում:

Ընտրանու մարզիչ Վլադիմիր Բելովը Տերյանի մասին հիացմունքով է խոսել, պատմել, որ նա միշտ շատ վստահ է եղել իր ուժերին ու երբեք չկասկածել հաղթանակին. «Նախավարժանքի ժամանակ մոտենում էր մրցակցին ու ասում՝ «Ի՞նչ է, ընկերս, բախդ կարծես թե չի բերել, ինձ ես հանդիպելու: Տաքանո՞ւմ ես, իզուր ուժերդ ես վատնում: Քեզ մեջքի վրա եմ պառկեցնելու գորգի աջ անկյունում» (խմբգ.՝ այն ժամանակ գորգերը քառակուսի էին, ավելի ուշ են կլոր դարձել): Նա մինչեւ գոտեմարտը մրցակցին հոգեբանորեն հաղթում էր»:

Լուսանկարը` verkkokauppa.urheilumuseo.fi


Տերյանի վստահությունն ու կամային որակներն այնքան ընդգծված էին, որ մարզիչները չէին կասկածում հաջողությանը նաեւ 1952-ին Հելսինկիի Օլիմպիական խաղերում: Տերյանն իսկապես հուսախաբ չարեց ու վերադարձավ բրոնզե մեդալով:

1953-ին նա արդեն Աշխարհի չեմպիոն էր հռչակվել Նեապոլում կայացած առաջնությունում: Եզրափակչում Տերյանը հաղթել է Օլիմպիական չեմպիոն, հունգարացի Իմրե Հոդոշին: Ի դեպ, խորհրդային մարզիկներն առաջին անգամ էին հանդես գալիս հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում: Տերյանը նաեւ առաջին հայազգի Աշխարհի չեմպիոն ըմբիշն է:

Իր քաշային կարգում մեծ հաջողությունների հասնելուց հետո նա կորցրեց ըմբշամարտի նկատմամբ հետաքրքրությունն ու տարվեց մոտոցիկլային սպորտով, սակայն շուտով վթարի ենթարկվեց, կոտրվածքներ ստացավ ու ավարտեց կարիերան: Արդյունքում սկսեց մարզիչ աշխատել Գերմանիայում, որտեղ հնարքներ էր սովորեցնում սովետական զինվորներին, ապա՝ Բաքվի «Դինամոյին»:

Լուսանկարը` armedia.am


1955-ին նա նորից վերադարձավ Բաքու, որտեղ հունահռոմեականներից առաջին համարն էր դարձել երկրի կրկնակի չեմպիոն Ախմեդովը (73 կգ): Տերյանի հայ երկրպագուները նրան համոզեցին նորից մասնակցել Ադրբեջանի առաջնությանն ու հաղթել Ախմեդովին: Տերյանն այդ ժամանակ 67 կգ էր ու մի քանի կիլոգրամ քաշ հավաքեց, որ այդքան սպասված գոտեմարտը կայանա:

Եզրափակիչ հասնելու ճանապարհին նա հեշտությամբ հաղթեց բոլոր մրցակիցներին, երկրպագուները մնացած գորգերի դիմակայությունները թողած միայն Տերյանին ու Ախմեդովին էին հետեւում:

Ասում են հաղթանակից բացի ըմբիշները պայքարում էին նաեւ 200 լ տակառով գարեջրի համար, որի վրա գրազ էին եկել հայերն ու ադրբեջանցիները: Ընդամենը 2 րոպեի ընթացքում Տերյանը նորից ցույց տվեց իր ուժն ու մրցակցին պառկեցրեց գորգի վրա: Իսկ գարեջուրը հայերը մեծահոգաբար կիսեցին ադրբեջանցիների հետ ու միասին խմեցին այն:

Տերյանը բավական երիտասարդ տարիքում մահացավ՝ ընդամենը 40 տարեկանում խանդոտ ադրբեջանցու կողմից հասցված դանակի հարվածներից: Բաքվի հայկական եկեղեցում նրա պատվին կանգնեցրած մահարձանը, որի համար գումար են հավաքել տարբեր ազգությունների ըմբիշները, պղծվել է ադրբեջանցիների կողմից ու ավերվել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին