Երեւանից Գյումրի տանող ճանապարհին՝ հենց քաղաքի մուտքի մոտ, ըմբշամարտի ամենահայտնի դպրոցներից մեկն է: Այնտեղ է 8 տարեկանից իր սպորտային ուղին հարթում ու Հայաստանի համար Եվրոպայից, Աշխարհից ու Օլիմպիական խաղերից ոսկե մեդալներ բերում Արթուր Ալեքսանյանը:
Սակայն Օլիմպիական չեմպիոնի դպրոցն իր սպորտային նվաճումների ճիշտ հակապատկերն է` մարզվելու համար սարսափելի պայմաններ, անտանելի խունացած պատեր, խորհրդային տարիներից մնացած մարզագույք:
Mediamax Sport-ը Գյումրիին նվիրված հոդվածաշարում այցելել է մարզադպրոց ու փորձել պարզել, թե ինչպես է հնարավոր մարզվել ու հաջողություններ գրանցել նման պայմաններում:
Օլիմպիական չեմպիոնով ոգեշնչված երեխաները
«Իմ մարզադահլիճում երեխաներն այնքան շատ են, որ մարզվելու տեղ արդեն չկա: Ես զգում եմ, ինչպես են նրանք ոգեւորվում ինձնով: Երբ ես էլ նրանց տարիքում մարզադահլիճում ԱԱ-ի կամ ԵԱ-ի չեմպիոն էի տեսնում, նրանից շատ բան էի սովորում»,- դեռ Օլիմպիական խաղերից առաջ խոստովանել էր Արթուր Ալեքսանյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ռիոյում ոսկե մեդալը նվաճելուց հետո երեխաների թիվը մի քանի անգամ է ավելացել: Նրանք բոլորն էլ ուզում են կրկնել հայտնի ըմբիշի ուղին ու փայլել ամենատարբեր գորգերում:
Պատահական չէ, որ բոլոր զրույցներում Ալեքսանյանին շրջանցել չի լինում, դպրոցում, անգամ երբ նա մարզումների չէ, ամեն ինչ նրա շուրջն է պտտվում:
Թելման Դարչոյան (13 տ). Արթուր Ալեքսանյանին շատ կսիրեմ, մեծ նվաճումներ ունի, սաղ աշխարհն իրեն գիտի, բայց մեկ է այս դահլիճում է գալիս ու մարզվում: Նրա տեղն ուրիշ ոչ մեկ այդպես չէր անի: Նա այստեղ տանջվում է, մենք էլ իրեն նայում ենք ու սովորում: Նրա պահվածքից երեւում է, որ շատ լավ մարդ է: Որ Օլիմպիական խաղերում հաղթեց, ավելի շատ ոգեւորվեցինք ու ուզեցինք չեմպիոն դառնալ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Այնուհետեւ Թելմանն իր մասին է պատմում: 3 տարի է ըմբշամարտի է հաճախում, թեեւ սկզբում ընկերն է համոզվել ու բերել դահլիճ, բայց հիմա իրեն առանց սպորտի չի պատկերացնում: Հասցրել է 4 մրցաշարի մասնակցել ու 2 անգամ բրոնզե մեդալ նվաճել:
Ըմբշամարտի շնորհիվ լավ մարդ կդառնանք, կուժեղանանք ու փողոցները ման չենք գա: Ուզում եմ չեմպիոն դառնալ, բայց եւ լավ մարդ լինել:
12-ամյա Աշոտը սկզբից մարմանամարզության է գնացել, իսկ ըմբշամարտի պարապմունքները սկսել է 8 տարեկանից : Ժամանակի ընթացքում ինքն էլ է հավանել մայրիկի ամենասիրած մարզաձեւը:
Մեր ըմբիշներից Արթուրին եմ սիրում, հատկապես իր տեխնիկան: Նրա հետ դեռ չեմ մարզվել, բայց տեսել եմ մեր դպրոցում: Ես էլ եմ ուզում Օլիմպիական չեմպիոն դառնալ, գիտեմ, որ հեշտ չի, բայց պետք է շատ աշխատեմ ու մարզչիս ասածները լսեմ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նման մեծ նպատակներ ունի նաեւ 17-ամյա Պարգեւ Մանուկյանը: 6 տարի մարզումներին հաճախող ըմբիշն իր կրտսեր ընկերների պես չի կենտրոնանում դպրոցի խնդիրների վրա: Նա համոզված է՝ ով ուզում է հասնել հաջողության, անկախ ամեն ինչից իրականացնում է իր նպատակը:
Թեեւ մեր պայմանները լավը չեն, բայց պարապել լինում է: Իմ ընկերներին խորհուրդ եմ տալիս ջանք չխնայել ու հասնել հաջողությունների: Ես ավելի մեծ ու տիտղոսակիր տղաների հետ եմ պարապում, անում եմ այն, ինչ նրանց մոտ է ստացվում: Մի քանի մրցումներում եմ հանդես եկել, բոլորից էլ մեդալներ ունեմ, բայց հատկապես առաջին տեղը շատ է ոգեւորում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Վերանորոգումների հույսով ապրող մարզադպրոցը
Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո դպրոցն Արթուր Ալեքսանանի անունով է կոչվել, մինչ այդ այն Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցն է եղել: Ավելի վաղ պատկանել է հանրակրթական դպրոցին, իսկ 1988-ի երկրաշարժից հետո առանձին սպորտդպրոցի կարգավիճակ ստացել:
Դպրոցը մոտ 200 սան ունի, նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է մի օր կրկնել Արթուրի անցած փառահեղ ուղին: Ասում են, եթե գյումրեցիները մտքին դնում են չեմպիոն դառնալ, ամեն գնով հասնում են դրան: Գորգից դուրս չեն գալիս, անկախ նրանից, թե ինչ պայմաններում են մարզվում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Քաղաքը 5 Օլիմպիական չեմպիոն է տվել, նրանից 3-ն ըմբիշ են: Երբ գյումրեցին տեսնում է ընկերը հաղթել է, ինքն էլ է սկսում շատ պարապել: Մեր բնավորությունն է այդպիսին:
Ասում է մարզադպրոցի ուսմասվար Խաչիկ Բաղդասարյանն ու խոստովանում, որ խոնավ ու վատ պայմանները երբեք էլ չեն խոչընդոտել մարզումներին: Ամռանը պարապմունքները հիմնականում դրսում են անում, ձմեռն էլ որքան հնարավոր է տաքացնում են դահլիճները, թեեւ ներսում խոնավ պատերի պատճառով տաքությունն այդքան էլ չի զգացվում:
Հսկայական հաշիվներ են գալիս, իսկ մեր ուզած ջերմաստիճանն այդպես էլ չի լինում: Ցանկալի կլիներ ավելի մեծ դահլիճ ունենալ, նստատեղերով, որ նաեւ մրցումներ կարողանանք անցկացնել: 90-ականներից այս կերպ ենք աշխատում, գնալով վիճակը վատացել է:
Լուսանկարը` Մեդիամաքս
Դպրոցը վերանորոգելու խոստումներ երեւի այնքան են արվել, որքան Ալեքսանյանը վերջին տարիներին հասցրել է մեդալներ նվաճել: Դրանցից հերթականն ու վերջինը 2016-ի Օլիմպիական խաղերից հետո էր:
Մարզադպրոցի տնօրեն ու Արթուրի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի խոսքով, դպրոցի վերանորոգման տենդերը քաղաքաշինության նախարարության կողմից վաղուց է հայտարարվել, այն շահել է Վանաձորի «Վանարխ» ընկերությունը:
Եկել են ու հետազոտություններ արել, հիմա գծագրումների փուլում ենք: Վերանորոգումից բացի նաեւ կից կառույցներ կլինեն՝ սաունա, ֆիզիկական պատրաստվածության առանձին դահլիճ, արագաուժային պարապմունքների համար նախատեսված տարածք, մի սենյակ էլ նախատեսվում է ադմինիստրատիվ աշխատանքների համար: Դրսի մարզումների համար էլ առանձին դաշտ կլինի:
Լուսանկարը` Մեդիամաքս
Դեռեւս 2016-ի դեկտեմբերին սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար ու ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշել էր, որ վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն 2017-ի ապրիլից: Հենց այդ ժամանակ պետք է, որ Գյումրիում բարենպաստ եղանակային պայմաններ լինեին: Սակայն անգամ հունիսին աշխատանքների մեկնարկը տրված չէ, իսկ ամռան ավարտին կրկին շինարարություն սկսելն անհնարին կդառնա:
Իրենց աշխատանքին նվիրված մարզիչները
Դպրոցում առկա բոլոր դժվարությունները մարզիչները փորձում են անտեսել, անգամ դրանց են արդեն սովորել, հասկանում են, որ դժգոհելով ու բողոքելով սպորտում ոչինչի էլ չեն հասնի:
Իրենց աշխատանքի հիմքում պարզ ու մարդկային հարաբերություններն են դնում, առանց որոնց մարզադպրոցում հնարավոր չէր լինի նման արդյունքների հասնել ու տիտղոսակիր մարզիկներ ունենալ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Արթուր Պետրոսյանն իր մարզչից՝ Արամ Սարգսյանից սովորած գիտելիքներն է փորձում փոխանցել իր սաներին: Նա էլ իր գործընկերի պես սովորական տղաներին փողոցից բերում է դահլիճ ու փորձում լավ մարդ դարձնել:
Մարդիկ զարմանում են, երբ տեսնում են, թե ինչ պայմաններում է Արթուր Ալեքսանյանը մարզվում: Սա ոչ հեքիաթ է, ոչ էլ կինո, հասկանում են, որ հնարավոր է հաջողության հասնել: Արթուրը հնարավորություն ունի ցանկացած տեղում մարզվել, սակայն իր հոգին ու ամեն ինչն այստեղ է, դրա համար էլ միշտ մեծ հաճույքով է գալիս: Այս դահլիճում նա ավելի հզոր է դառնում:
Իր հարազատ քաղաքում նա իսկական ոգեշնչման աղբյուր է հարյուրավոր երեխաների համար: Օլիմպիական չեմպիոնի կողքին նրանք սովորում են, ձգտում ավելի լավը դառնալ ու իրենց հնարավորություններից ավելին անել:
Մի օր երեխաները տուռնիկի վրա մարզվում էին, Արթուրը նստած հանգստանում էր, երբ նա վեր կացավ, բոլորը ճանապարհ տվեցին ու զիջեցին իրենց տեղը: Ես էլ հեռվում կանգնած հետեւում էի այդ տեսարանին: Արթուրն արեց այն, ինչ ես էի ուզում՝ նա սպասեց մինչեւ վերջին երեխան ավարտի իր աշխատանքը, նոր միայն ինքը սկսեց: Ավելի խոսուն օրինակ փոքրերի համար չէր էլ կարող լինել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մարզիչը շատ է ցանկանում, որ մեր երկրում մենապայքարային մարզաձեւերին ավելի շատ ուշադրություն դարձնեն: Լավ ու տիտղոսակիր մարզիկներ պատրաստելուց բացի, իրենք բանակին ուժեղ ու ֆիզիկապես կոփված զինվորներ են տալիս, որոնց կարիքը սահմանում այդքան կա:
Հիմա Պետրոսյանի բոլոր նպատակներն իր սանի՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանի հետ են կապված, ցանկանում է նրան տեսնել նախ Աշխարհի առաջնությունում, ապա նաեւ Տոկիո-2020-ի գորգերում հաջող մասնակցելիս:
Իսկ մարզադպրոցի աշխատակազմն ուզում է վերջապես հավատալ, որ մի օր իրենք էլ ժամանակակից ու բարվոք վիճակում գտնվող պայմաններ կունենան, բոլոր խոստումներն էլ վերջապես իրականություն կդառնան:
Լուսանկարը` Մեդիամաքս
Խաչիկ Բաղդասարյան. Ես, ի տարբերություն շատերի, մեծ հույս ունեմ, որ աշխատանքները վերջապես կսկսվեն: Եթե Արթուրն այս պայմաններում նման արդյունքներ ունի, վերանորոգումից հետո մեր դպրոցի սաներն ավելի լավ նվաճումների կհասնեն:
Արթուր Պետրոսյան. Մեր պարապած ժամանակ էլ այնպես չէր, որ ամեն ինչ լավ էր, բայց հիմա քանի որ զուգահեռ լավ ֆիթնես ակումբներ ու մարզասրահներ կան, խտրականություն է առաջանում: Դպրոցին ավելի լավ պայմաններ են պետք:
Գեւորգ Ալեքսանյան. Ինչքան պայմանները լավանան, այդքան արդյունքներն էլ նկատելիորեն կփոխվեն: Մեր դպրոցում Արթուրից բացի էլի շատ լավ երեխաներ ունենք, դա առաջին հերթին նրանց կօգնի:
Գյումրիի սպորտային կյանքին կշարունակենք անդրադառնալ մեր հետագա հրապարակումներում:
Իսկ հոդվածաշարի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ:
Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: