Մայիս 05, 2024
exclusive
5467 դիտում

Վիլեն Մարտիկյան. Հայաստանի 1-ին սպորտային թերթի նվիրյալ խմբագիրը


Վիլեն Մարտիկյանը
Վիլեն Մարտիկյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Վիլեն Մարտիկյանը
Վիլեն Մարտիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարտիկյանը կնոջ ու թոռան հետ
Մարտիկյանը կնոջ ու թոռան հետ

Լուսանկարը` Անձնական արխիվից

Մարտիկյանի ընտանիքը
Մարտիկյանի ընտանիքը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Մարտիկյանը հոր եւ մոր հետ
Մարտիկյանը հոր եւ մոր հետ

Լուսանկարը` Անձնական արխիվից

Երբ նվագում էր նվագախմբում
Երբ նվագում էր նվագախմբում

Լուսանկարը` Անձնական արխիվից

Վիլեն Մարտիկյանը
Վիլեն Մարտիկյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Թոռան հետ
Թոռան հետ

Լուսանկարը` Անձնական արխիվից

Մարտիկյանն ու ընկերները
Մարտիկյանն ու ընկերները

Լուսանկարը` Անձնական արխիվից

Վիլեն Մարտիկյանը
Վիլեն Մարտիկյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հայաստանում տասնյակ սպորտային լրագրողներ ու ոչ պակաս շատ էլ սպորտային կայքեր ու հաղորդումներ կան:

Սակայն մենք հաճախ չենք հետաքրքրվում մեր երկրում սպորտային լրագրության հիմքերը դնողների ու նրանց կատարած հսկայածավալ աշխատանքով, քիչ բան գիտենք այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքն են նվիրել այդ գործին: 

Այդ երախտավորներից մեկն էլ Վիլեն Մարտիկյանն է, ով գրել է մեր կուռքերի ու սիրելի մարզիկների մասին, Հայաստանում հիմնադրել ու կյանք է տվել սպորտային լրագրությանը:

Նրա խմբագրությամբ է լույս տեսել ու 15 տարի շարունակ ընթերցողներին թարմ սպորտային լրատվություն տվել մեծ պահանջարկ վայելած «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթը: Mediamax Sport-ը զրուցել է վաստակաշատ լրագրողի հետ ու ներկայացնում է նրա պատմությունը:

Պատահաբար տեսած թերթի հավաքածուն

Լրագրության ընտրությունը Վիլեն Մարտիկյանի կյանքում պատահական չի եղել: Նա ծնվել է թերթի խմբագրի ընտանիքում ու միշտ տեսել է հոր կատարած գործը, բայց չի էլ պատկերացրել, որ այդ աշխարհն այդքան գրավիչ, հետաքրքիր ու, միեւնույն ժամանակ, չափազանց աշխատատար է:

11 տարեկանում առաջին անգամ պատահաբար տեսած թերթի հավաքածուն էլ կլանել է նրա ողջ ուշադրությունը: «1937-38 թվականներն էին. մայրս տունը հավաքում էր, այն ժամանակ բացվովի բազմոցներ կային, դրա մեջ էլ տեսա այդ հավաքածուն: Ընդհանրապես խառնակիչ չեմ եղել, բայց երբ տանը ոչ ոք չկար, որոշեցի տեսնել, թե ինչ է մայրս թաքցնում բազմոցում»,- հիշում է Մարտիկյանը:



Դա Հունաստանում լույս տեսած «Ժողովրդի ձայն » թերթի հավաքածուն էր, որը նրա հայրն էր խմբագրել: Վիլեն Մարտիկյանի հայրը ծնվել է Արեւմտյան Հայաստանում, 1915 թվականին ընտանիքը կորցնելուց հետո եղբոր հետ տեղափոխվել է Հունաստանի ամերիկյան մանկատուն, որտեղ էլ նրանք մեծացել են: Այդտեղ էլ Վիլեն Մարտիկյանի հայրը սկսել է զբաղվել լրագրությամբ: Իսկ արդեն Հայաստան տեղափոխվելուց հետո Հունաստանում լույս տեսած թերթը գաղտնի էր պահվում, որպեսզի այդ տարիներին սովորական դարձած ստուգումների ժամանակ չհայտնաբերվի:

Թերթի հետ առաջին ծանոթությունն անջնջելի հետք թողեց փոքրիկ տղայի կյանքում, սակայն այդ ժամանակ նա չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր արդեն իր երեխաներն են հիանալու ու վայելելու նրա թողարկած թերթի համարներով:

Հայկական 1-ին սպորտային թերթի խմբագիրը

Արդեն ուսանողական տարիներից Մարտիկյանը սկսեց աշխատել «Ավանգարդ» թերթում, որտեղ մշակութային տեսաբան էր: Այնուհետեւ նրան առաջարկեցին գլխավորել արվեստի ու գրականության բաժինը:

«Մեծ հաջողություն էր այդքան երիտասարդ տարիքում նման պաշտոն ստանալը: Ես աշխատում էի Վահագն Դավթյանի հետ, ով հայրիկիս ընկերն էր: Շատ պատասխանատու, բայց եւ հաճելի աշխատանք էր: Կարճ ժամանակում արագ հմտացա գործում, դարձա թերթի պատասխանատու քարտուղարը, կարելի է ասել «Ավանգարդի» 3-րդ դեմքն էի»:

Այնուհետեւ 1955 թվականին որոշվեց թերթում սպորտի եւ ֆիզկուլտուրայի բաժին բացել, ու գործը կրկին վստահվեց Մարտիկյանին: Իսկ կարճ ժամանակ անց նա արդեն նորաբաց «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի խմբագիրն էր: Ինչպես խոստովանում է, իրենից անկախ դարձավ հայկական առաջին սպորտային թերթի ամենակարեւոր դեմքը:

«Եկա տուն ու հայրիկին հայտնեցի, որ տղայիդ թերթի խմբագիր են նշանակել: Առաջին համարի վրա սկսեցինք աշխատել հունիսի 15-ից, մեզ ժամանակ էին տվել մինչեւ ամսվա վերջ: Սակայն ես այդքան չդիմացա, ու 1956 թվականի հունիսի 24-ին թերթն արդեն պատրաստ էր, առաջին համարն էլ ես ստորագրեցի: Ու այդ օրվանից սկսած թերթը տնօրինել եմ 15 տարի»,- ժպիտով ու այդ տարիների կարոտով պատմում է մեր ավագ գործընկերը:

Վիլեն Մարտիկյանը Վիլեն Մարտիկյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Հայաստանի ֆիզկուլտուրնիկն» առաջինն ու միակն էր իր տեսակի մեջ, եւ այն ոտքի կանգնեցնելու ու մրցակցային դարձնելու համար շատ աշխատանք էր անհրաժեշտ կատարել: Ամեն ինչ սկսվեց զրոյից, շատ կարճ ժամանակում աշխատակազմ հավաքվեց, սակայն սպորտային լրագրողներ ու ոլորտի գիտակներ չկային, այդ պատճառով էլ ողջ պատասխանատվությունը Վիլեն Մարտիկյանի վրա էր:

Թերթում սկզբնական շրջանում 3 լրագրող էր աշխատում, որոնցից մեկը կին էր ու սպորտից, գրեթե, ոչինչ չէր հասկանում: «Ֆիզկուլտուրնիկը» նախ շաբաթը 2 օր էր լույս տեսնում 5000 օրինակով, հետո թերթի տպաքանակը կտրուկ ավելացավ: Ընթերցողներն ավելի ու ավելի շատ էին զգում թերթի կարիքն ու, գլխավոր խմբագիրը որոշեց  այն տպագրել շաբաթական 3 օր 200 հազար օրինակով: Սակայն Մարտիկյանի վկայությամբ դա միայն պաշտոնական թիվն է, իսկ իրականում «Ֆիզկուլտուրնիկի»  տպաքանակը հասել է մինչեւ 350 հազարի: 

Ընթերցողները միշտ էլ գնահատել են պրոֆեսիոնալիզմը

Թերթի համարները լույս տեսնելու օրվանից սպառվում էին միանգամից: Ընթերցողներն անհամբերությամբ էին սպասում «Հայաստանի ֆիզկուլտուրնիկին»  ու անմիջապես ձեռք էին բերում այն.

«Առավոտյան, երբ դուրս էի գալիս տնից, Բաղրամյան փողոցի բոլոր կրպակները ստուգելով իջնում էի, ու արդեն թերթ չէր լինում: Դա էլ մեծ հաջողություն էր, իմ բախտն այդ առումով բերել է, որ երբեք վաճառքի հետ կապված խնդիր չեմ ունեցել, ոչ մի համար երբեք հետ չի եկել»:

Դեռ 08:30-ից մեծ հերթեր էին գոյանում, ու մարդիկ պարզապես իրար ձեռքերից խլում էին թերթը: Ոչ միայն բաժանորդագրվում էին ու ստանում «Ֆիզկուլտուրնիկը», այլ նաեւ պարտադիր գնում էին, այդ պատճառով էլ միշտ թերթի պակաս էր լինում:

Մինչեւ հիմա էլ Մարտիկյանի համար գաղտնիք է մնում, թե որն էր թերթի նկատմամբ այդքան մեծ սերն ու վստահությունը: Բայց մի բանում նա համոզված է, որ անմնացորդ նվիրումով ու պրոֆեսիոնալիզմով է աշխատել, ու ընթերցողները դա միշտ էլ գնահատել են.

«Ես գոհ եմ, որ մեր ժողովուրդն այդքան սպորտասեր է եղել, ու երբ նրան օպերատիվ ու ճշգրիտ ինֆորմացիա ենք տվել, միշտ էլ գնահատել է: Հարցնում էին, թե այդ ինչ եմ անում, որ թերթն այդքան շատ են գնում, ես էլ կատակում էի՝ վրան մեղր եմ քսում»:
Մարտիկյանն ու ընկերները Մարտիկյանն ու ընկերները

Լուսանկարը` Անձնական արխիվից


Թերթը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահել ցանկացած երկրում հանդես եկող հայ մարզիկներին, ու անկախ այն բանից, թե որ ժամին են ելույթ ունեցել, առավոտյան ընթերցողներն այդ մասին թարմ լրատվություն են ստացել:

«Միջքաղաքային հեռախոսակայանի պետը՝Փաչաջյան Ենոքը, հիանալի մարդ էր: Նա ինձ համար ստեղծել էր բոլոր հնարավորությունները: Հեռախոսավարուհիներն իմ համարը գիտեին, 1-2 րոպեի ընթացքում միացնում էին ուր որ ցանկանայի: Մեր թերթի համար բոլոր պայմանները կային, որ ցանկացած պահի զանգահարեի աշխարհի յուրաքանչյուր վայր»,- հիշում է Մարտիկյանը:

«Ֆիզկուլտուրնիկը» փորձում էր միշտ առաջինը լինել

Ու նման աշխատանքի շնորհիվ «Ֆիզկուլտուրնիկի» խմբագրությունն ամենաօպերատիվն էր դարձել Հայաստանում: Մարտիկյանը հպարտությամբ ասում է, որ անգամ «Սովետսկի Սպորտից» էին առաջ ընկնում, թեեւ այն ամեն օր էր լույս տեսնում: 

«Ինձ ասում էին՝ ինչու ես տանջվում, նույն աշխատավարձն ես ստանում, չարչարանքդ ավելացնում, հիմա էլ տպագրման օրերն ես ավելացնում: Եթե ես մի ամիս ավել մնայի, թերթն արդեն շաբաթական 5 անգամ էր լույս տեսնելու»,-պատմում է նա:

Բայց իսկական ժուռնալիստը գիտի լուրի արժեքն ու ամեն ինչ անում է այն առաջինն իր լրատվամիջոցով տալու համար: Այդպիսին է եղել նաեւ Մարտիկյանը. շատ հաճախ նա լուսացնում էր խմբագրությունում, զանգահարում տարբեր վայրեր, հավաքում անհրաժեշտ տեղեկությունները, միայն թե «Ֆիզկուլտուրնիկից» ոչ ոք առաջ չընկներ.

«Առավոտյան այդ տեղեկություններն անգին էին, մանավանդ մարզիկների ծնողների համար, որոնք մեր թերթի միջոցով իմանում էին, որ իրենց որդին չեմպիոն է դարձել կամ մեդալ նվաճել: Դա աննկարագրելի էր, ընթերցողների գնահատականն ու սերն ամենակարեւորն են»:

Մարտիկյանը հիշում է նաեւ գրագողության դեպքերի մասին: Պարզվում է, միշտ էլ եղել են ծույլ լրագրողներ, որոնք «թռցնում» էին մյուսների լուրերը.  «Սովետական Հայաստանում» էլ սպորտային լուրեր էին տալիս, մի լավ տղա ունեին՝ Խանիկը, առավոտյան մեր թերթը վերցնում էր, լրիվ արտագրում ու որոշակի փոփոխություններով տալիս: Ես միշտ պատրաստ էի բոլորին օգնել, բայց խիստ պայման էի դրել՝ մեզանից առաջ չընկնել, որովհետեւ մենք այդ ինֆորմացիան ձեռք բերելու համար մեծ ծավալի աշխատանք էինք կատարում»:

Թաքնված գովազդի ամենակարող օգնությունը

Թերթը նաեւ իր տպաքանակով էր բոլորի հետ մրցում: Տպաքանակը հաստատվում էր նախապես, ըստ այդմ էլ պլանավորվում էր տրամադրվելիք թղթի քանակը: Սակայն այդ թուղթը կարող էր բավականացնել «Ֆիզկուլտուրնիկի» 5000 օրինակին միայն, մինչդեռ թերթը 120-140 հազար բաժանորդ ուներ:
Մարտիկյանի ընտանիքը Մարտիկյանի ընտանիքը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Բայց Մարտիկյանն իր հնարամտության շնորհիվ կարողանում էր անհրաժեշտ թուղթը գտնել: ԴՈՍԱՖ-ի հետ պայմանավորվածության շնորհիվ թերթն ապահովում էր անհրաժեշտ տպաքանակը: Բոլորը զարմանում էին, թե ինչպես է հնարավոր մի երկրում, երբ ամեն ինչ պլանավորված է, այդքան թուղթ գտնել:

«20 տոննա թուղթ էի ստանում, երբ 5 տոննան ամբողջ տարվա համար բավական էր: Զարմանում էին, թե ինչպես եմ կարողացել համաձայնության գալ, իսկ ես ընդամենը թերթի վրա գրում էի, որ այն ԴՈՍԱՖ-ի օրգան է: Այդ թաքնված գովազդի շնորհիվ էլ երբեք թղթի խնդիր չունեցա»,- գաղտնիքը բացահայտում է թերթի խմբագիրը:

Մարտիկյանը նաեւ ժպիտով հիշում է, որ պրոպագանդայի բաժնի վարիչ Գեւորգ Հայրիյանը կատակով սպառնում էր նրան կուսակցությունից ու աշխատանքից հեռացնել, որ այլեւս այդպիսի խորամանկություններ չանի:

15 անմոռանալի տարիներն ու հրաժեշտը թերթին

Վիլեն Մարտիկյանը մեծ սիրով պատմում է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկում» անցկացրած 15 տարիների մասին, որոնք ինչքան էլ որ դժվար են եղել, բայց անջնջելի հետք են թողել նրա կյանքում: Նա խոստովանում է, որ եթե հիմա էլ առաջարկեն խմբագրել թերթը, նորից կհամաձայնվեր, քանի որ երիտասարդական ավյունն ու եռանդը դեռ մնացել են:

Սակայն թերթից իր հեռանալու պատմության մասին անգամ կես դար անց դժվարությամբ է խոսում: Նա չի սիրում հիշել այդ պատմությունը, առավել եւս պատմել այդ մասին: Նրա փոխարեն պատմությունը վերհիշում է դուստրը՝ Նաիրան, որը հոր պես եւս լրագրող է:

«Թերթը լույս էր տեսնում առաջին էջին «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» գրությամբ: Սակայն այնպես ստացվեց, որ մի օր թերթը տպագրվեց 2-րդ ու 4-րդ տառերը փոխված, դա միտումնավոր էր արված: Հայրիկը գիտի, թե ովքեր են նման բան արել, սակայն այդ մասին չի սիրում խոսել»,- ասում է նա:
Վիլեն Մարտիկյանը Վիլեն Մարտիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


15 տարի աշխատելով «Հայաստանի ֆիզկուլտուրնիկում» Վիլեն Մարտիկյանը հեռացավ աշխատանքից՝ թողնելով լավ ժառանգություն ու մեծ հեղինակություն ունեցող թերթ, կայուն լսարան, ու որ ամենակարեւորն է, սպորտային լրագրության նկատմամբ մեծ սեր ունեցող ընթերցողներ:

«Հայաստանի ֆիզկուլտուրնիկն», իսկապես, մեծ նշանակություն է ունեցել Սովետական Հայաստանի մարզական կյանքում: Այս թերթի միջոցով են մարդիկ իմացել ողջ աշխարհում տեղի ունեցող սպորտային իրադարձությունների մասին:

Իսկ արդեն մենք, ուսումնասիրելով այս թերթը, հստակ զգում ենք այն ժամանակվա շունչն ու գիտակցում, թե ինչպիսի նվիրումով են աշխատել մեր ավագ գործընկերները:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին