Ապրիլ 26, 2024
exclusive
4054 դիտում

Մայիսին երիտասարդ հունահռոմեականները կմասնակցեն 2 մրցաշարի


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը դժգոհ է առաջնության մասնակիցների քանակից:

Երեկ ավարտված մրցաշարում ելույթ են ունեցել 100 ըմբիշներ, ինչը չի գոհացնում մարզչին: Նրա խոսքով, մեկ շաբաթ առաջ կայացած պատանեկան մրցաշարում 200-ից ավելի մասնակիցներ են եղել:

«Բանակային տարիք է, մասնակիցների թիվը պակասում է: Հիմնականում քիչ էին ըմբիշները մինչեւ 50 կգ քաշային կարգում, որը հայկական քաշ է համարվում: Գերծանր քաշում էլ ընդամենը 2 մասնակից ենք ունեցել՝ նախորդ տարվա 6-ի համեմատ»,- Mediamax Sport-ին ասել է մարզիչը:

Նա նշել է, որ առաջնությունը միջին մակարդակի է եղել, պատանեկան տարիքայիններից նոր համալրումներ են եղել, սակայն միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես նրանք կհարմարվեն երիտասարդական թիմում:

«Անցումն այդքան էլ հեշտ չի կատարվում, ոճային ու մրցումային որոշակի տարբերություններ են լինում: Այդ պատճառով դեռ վաղ է նրանց գնահատական տալ: Ընդհանուր առմամաբ աշխատելու տեղ ունենք, առաջիկա հավաքը ֆիզիկական պատրաստվածությանն ենք տրամադրելու»,- ավելացրել է նա:

Մարզիչը նախատեսում է ապրիլին Իրանում համատեղ հավաք անել այդ երկրի թիմի հետ, եթե անձնագրային խնդիրների պատճառով չկարողանան մեկնել, կմարզվեն Ծաղկաձորում կամ Աբովյանում:

Մայիսի սկզբին մրցաշարի կմասնակցեն Ղազախստանում, իսկ մայիսի 12-14-ը երկու թիմով կմեկնեն Բաթումի: Ըմբիշներին փորձարկելուց ու հնարավորություններին ծանոթանալուց հետո մարզիչը կորոշի ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակիցներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին