Ապրիլ 29, 2024
825 դիտում

Սամվել Գասպարյանն ԵԱ-ի արծաթե մեդալակիր է, իսկ Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հակոբ Մկրտչյանի ու Դավիթ Հովհաննիսյանի ծավալած թեժ ու դիտարժան պայքարն այսօր փորձել են շարունակել մյուս հայ ծանրորդները՝ Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը։

Նախորդ տարի երկուսն էլ Երեւանում կայացած մրցաշարում չեմպիոններ են դարձել, նրանք հանդես են եկել տարբեր քաշային կարգերում, այս անգամ ներկայացրել են 102 կգ-ը։

 

Պոկումն առաջինը սկսել է Գասպարյանն ու բարձրացրել 173 կգ, Կարապետյանին հաջողվել է գլխավերեւում պահել 177 կգ, նույն քաշին մոտեցել է նաեւ մյուս հայ ծանրորդը ու նույնպես հաջողության հասել։ 180 կգ-ն էլ Գասպարյանը բարձրացրել է եւ պոկումում փոքր բրոնզե մեդալ նվաճել։

 

Կարապետյանը վերջին երկու մոտեցումները սկսել է, երբ մնացած մրցակիցներն ավարտել են ելույթները։ Նա պոկել է 182 կգ, բայց 187-ն իրեն ենթարկել չի կարողացել։ Դա չի խանգարել նրան վարժության առաջատարը լինել ու փոքր ոսկի ունենալ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գասպարյանը հրման առաջին մոտեցմամբ 211 է գրանցել, նույն քաշին մոտեցել է նաեւ Կարապետյանն ու այն բարձրացրել, սակայն մրցավարները չեն հաշվել։ Փոխարենը ծանրորդը բարձրացրել է 212-ը, բայց 217-ն անհաջող է եղել։ Կարապետյանը 394 կգ-ով բավարարվել է բրոնզե մեդալով։

 

216 կգ-ը Գասպարյանը երկրորդ մոտեցմամբ է բարձրացրել եւ երկամարտի 396 կգ-ով արծաթե մեդալակիր դարձել։

 

Եվրոպայի չեմպիոնի կոչումը 398 կգ-ով նվաճել է Եվգենի Տիխոնցովը, որը հանդես է գալիս չեզոք դրոշի տակ։ 

 

Ժամը 19:00-ից ելույթ է ունենալու ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը (109 կգ), իսկ 22:00-ից հարթակը տրամադրվելու է կանանց՝ մինչեւ 87 կգ քաշային կարգում հանդես են գալու Տաթեւ Հակոբյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին