Ապրիլ 29, 2024
exclusive
5378 դիտում

Գրիգորյան. Եվրոպայի առաջնությունն ինձ սովորեցրեց, որ երբեք չպետք է հանձնվել


Լուսանկարը` Weightlifting house

Լուսանկարը` Weightlifting house

Լուսանկարը` Weightlifting house

Լուսանկարը` Weightlifting house

Լուսանկարը` Weightlifting house

Լուսանկարը` Weightlifting house


19-ամյա Ալեքսադրա Գրիգորյանը Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում շատ վստահ ու կամային ելույթ ունեցավ՝ մեծահասակների պայքարում նվաճելով իր առաջին ոսկե մեդալը։

Mediamax Sport-ի հետ զրույցում Գրիգորյանը պատմել է, թե ինչպես է կարողացել մինչեւ վերջ պայքարել եւ ում է նվիրել իր հաղթանակը:

Լուսանկարը` Weightlifting house


«Եվրոպայի առաջնություն էի մեկնել հաղթելու ցանկությամբ ու վճռականությամբ: Երբ պոկման 84 կգ-անոց մոտեցումս չհաշվեցին, շատ թեւաթափ եղա: Բայց մարզիչների շնորհիվ ուժերս հավաքեցի ու հրման ժամանակ իսկական կռիվ տվեցի:

Նրանց խոսքերն ինձ շատ օգնեցին, մասնավորապես շեշտեցին, որ հրումից շատ ուժեղ եմ, մարզումների ժամանակ բազմիցս եմ այդ ամենը ցույց տվել: Նաեւ ավելացրին, որ միայն պոկման արդյունքը որոշիչ լի լինում, այդ խոսքերն ինձ շատ ոգեւորեցին ու պայքարի մղեցին:

Լուսանկարը` Weightlifting house


Բացի այդ էլ երեկ իմ անձնական մարզիչ Քրիստինե Պետրոսյանի տարեդարձն էր, մոտեցմանը գնալիս ընկեր Տարոնն (Թովմասյան,-խմբ.) ականջիս անընդհատ հուշում էր, որ պետք է հաղթեմ ու նրան նվեր անեմ:

Չեմ էլ հիշում, թե ինչպես եմ մոտեցել ծանրաձողին ու այն բարձրացրել, անկախ ինձնից մկաններս քարացել էին ու չէի հավատում հաջողությանս: Անչափ ուրախ եւ երջանիկ էի նվաճմանս համար:

Լուսանկարը` Weightlifting house


Եվրոպայի առաջնությունը շատ մեծ դաս էր ինձ համար: Հասկացա, որ կարեւոր չէ, թե առաջին վարժությունում ինչպես ելույթ կունենաս, պարտավոր ես երբեք ու որեւէ պարագայում հույսդ չկորցնել:

Առաջիկայում վարկանշային Աշխարհի գավաթին եմ մասնակցելու Թաիլանդում եւ հաջողության դեպքում կկարողանամ ելույթ ունենալ Օլիմպիական խաղերում: Այդ առումով Եվրոպայի առաջնությունը որոշիչ էր: Չստացվելու դեպքում չեմ տխրի, քանի որ դեռ երիտասարդ եմ ու լավագույնս կպատրաստվեմ 2028 թվականի Օլիմպիական խաղերին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին