Ապրիլ 27, 2024
exclusive
16534 դիտում

Որակազրկումից հետո հայ ծանրորդների առաջին մեդալները


Լուսանկարը` iwf.net

Լուսանկարը` iwf.net


Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը Տաշքենդում կայացած Աշխարհի առաջնությունից 2 բրոնզե ու 1 արծաթե մեդալով է վերադարձել:

Մրցաշարին մասնակցած բոլոր ծանրորդներն էլ մեդալակիր են դարձել: Վարազդատ Լալայանը (+105 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Ռաֆիկ Հարությունյանն (77 կգ) ու Սամվել Բաբակյանը (94 կգ)՝ բրոնզե:

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը Mediamax Sport-ին ասել է, որ իրեն գոհացրել են սաների ելույթները:

«Բոլորն էլ լավ են աշխատել ու մեդալներով վերադարձել: Ռաֆիկը ավելին կարող էր անել, բայց այս անգամ չստացվեց: Սամվելը լավ պայքարեց, օգտագործեց իր ողջ ուժն ու 3-րդն էր, իսկ ահա Վարազդատը հոյակապ էր: Բոլորն էլ իրենց հնարավորությունների առավելագույնն օգտագործեցին»,- խոստովանել է մարզիչը:

Երիտասարդ ծանրորդներն առաջինն էին, որ Հայաստանի հավաքականի որակազրկումից հետո վերսկսեցին ելույթները: Մարզչի խոսքով, իրենց համար մի քիչ դժվար էր, սակայն որակազրկման ողջ ընթացքում անընդհատ մարզվել են ու միշտ պատրաստ եղել:

«7 մեդալով ենք վերադարձել, ինչը բավական լավ ցուցանիշ է: Առաջին անգամն էին տղաները հանդես գալիս ԱԱ-ում, այն իր կարգով մի քիչ է զիջում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Հույս ունենք, որ այս ծանրորդներն իրենց լավ կդրսեւորեն նաեւ մեծերի պայքարում»,- ընդգծել է Ղուկասյանը:

Տաշքենդից վերադառնալուց հետո թիմը պատարստվելու է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է հոկտեմբերին Լեհաստանում: Այնտեղ թիմն ամբողջական կազմով է հանդես գալու, ու մարզիչն ավելի շատ մեդալների ակնկալիք ունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին