exclusive
6839 դիտում

Պատերազմի մարզիկները. Հայկ Գալստյան


Հայկ Գալստյանը
Հայկ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Գալստյանը
Հայկ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Գալստյանը
Հայկ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Գալստյանը
Հայկ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր ծանոթության հենց ամենասկզբից երեւում է, որ Հայկ Գալստյանը լրագրող է, անընդհատ խոսում է, պատմում ծառայության, սպորտի կարեւորության մասին: Ուզում է ամեն ինչի մասին հիշել ու ոչինչ բաց չթողնել:

Mediamax Sport«Պատերազմի մարզիկներ» շարքի հերոսն այս անգամ ապրիլյան պատերազմին մասնակցած հետախույզն է: Նա չափազանց լավատեսորեն է նայում կյանքին ու հավատում է, որ կարողանալու է իրագործել բոլոր նպատակները:

Սպորտն ու լրագրությունը

Արդեն 14 տարի է զբաղվում եմ դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեով: Բազմաթիվ մրցումների եմ մասնակցել՝ 2007 թվականի Եվրոպայի առաջնությունում 3-րդ տեղը զբաղեցրել, 2008-ի ԱԱ գավաթակիր դարձել, 2010-ին՝ Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաեւ Հայաստանի բազմակի չեմպիոն եմ: Ուրախ եմ, որ մեծ փորձ ունեմ ու այն սիրով երեխաներին եմ փոխանցում:

Հայկ Գալստյանը Հայկ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Զգացել եմ, որ սպորտն ինձ համար կյանք է, հաճույքով եմ այդ գործն անում ու առանց դրա չեմ պատկերացնում: Հետո, երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը որոշեցի սպորտային լրագրող դառնալ: Ընդունվեցի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, մեկ տարի սովորելուց հետո գնացի ծառայության:

Այս ընթացքում հասցրել եմ տարբեր տեղերում պրակտիկա անցել, շատ հրապարակումներ ունեմ: Հետագայում էլ սպորտում ու լրագրության մեջ փորձելու եմ զուգահեռ առաջ գնալ ու նոր հաջողությունների հասնել:

Ծառայության օրերը

2014-ին զորակոչվել եմ բանակ, ծառայել եմ առանձին հետախուզական գումարտակում, եղել ջոկի հրամանատար: Մարտական տարբեր առաջադրանքներ էինք կատարում, մեր խնդիրը թշնամուն ոչնչացնելն ու տարածքներ գրավելն էր:

Ծառայության ընթացքում զորամասում եղել եմ սերժանտական խորհրդի նախագահ, տարբեր ժողովների եմ մասնակցել, դրանցից մեկի ժամանակ գեներալ-մայոր Վարդան Բալայանը ծանոթացել է աշխատանքներիցս մեկին ու կարգադրել այն հրապարակել «Մարտիկ» թերթում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Զորամասի կից Բալուջայի միջնակարգ դպրոցում երեխաների հետ արիության դաս եմ անցկացրել: Կարծրատիպ կա, որ Արցախում զինվորներին չեն սիրում, սակայն ոչ երեխաների մոտ: Մեզ տեսնելիս նրանք ոգեւորվում էին, ավելի լավ պատկերացում կազմում զինվորի դերի ու պարտականությունների մասին:

Պատերազմի սկիզբը

Ապրիլի 2-ին միջոցառում ունեինք, պետք է գնայինք Խոջալու, արտասահմանյան լրագրողներ էին եկել մեզ հետ հարցազրույցներ անցկացնելու: Ռազմական գործողությունները գիշերն արդեն սկսվել էին, բայց քանի որ մենք բավականին հեռու էինք, դեռ լուր չունեինք:

Առավոտյան տագնապ ազդարարվեց ու մեզ ուղարկեցին Մատաղիս եւ Թալիշ: Մինչեւ պատերազմն էլ կրակոցներ լսել էի, բայց այսպիսի մասշտաբային բան չէի սպասում տեսնել: 20 տարեկանս դեռ չէր լրացել, պատերազմը գրքերում էի տեսել միայն: Ականանետի ձայնից սարսուռ էինք ապրում:

Վախ, բնականաբար, բոլորս էինք զգում, ես մեկուկես տարի է բանակում էի, հազիվ 2 ամսվա նորեկներ էլ ունեինք: Մտածում էի, որ ջոկի հրամանատար եմ ու իրավունք չունեմ վախս ցույց տալ, բա զինվորներն ինչպես կպահեն իրենց այդ դեպքում: Տղաներին ասում էի, որ չթուլանան, ամեն ինչ լավ է լինելու: Ես միշտ էլ լավատեսորեն եմ տրամադրվում ու դա օգնում է:
Հայկ Գալստյանը Հայկ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Թալիշն ու հայրիկի տարեդարձը

Երբ հասանք Թալիշ, գյուղն արդեն ամայի էր, համարյա դատարկվել էր: Մենք տեսանք, ինչպես էին բնակիչները մեքենաներով իրենց գույքն ու ունեցվածքը հանում գյուղից: Համատարած փախչում էին:

Մտածում էի, եթե ադրբեջանցիներն իմ բնակավայրի վրա հարձակվեն, ես այն երբեք չեմ լքի: Ծնողներիս անվտանգ տեղ կտանեմ, բայց մինչեւ վերջ կմնամ: Մինչդեռ Թալիշում ոչ մի երիտասարդ մեր կողքին չէր պայքարում, գոնե ճանապարհ ցույց տային, դրանով շատ օգնած կլինեին զինվորներին: Առաջին անգամն էինք այնտեղ հայտնվել ու դժվար էր տեղում կողմնորոշվել:

Ապրիլի 4-ին հայրիկիս 50-ամյակին արձակուրդ պետք է գայի, սակայն չստացվեց: Այդ օրը մեր ստորաբաժանումով անօդաչու թռչող սարք ոչնչացրինք: Դրանից հետո զանգահարեցի ու շնորհավորեցի նրան:

Ընտանիքս անգամ չի իմացել, որ Թալիշում եմ: Երբ ամեն ինչ արդեն հանդարտվել էր, նոր պատմել եմ իմ մասնակցության մասին:

Ջուրը կյանք է

Ջրի ու սննդի ահռելի պակաս կար: Այդ ամենին դիմակայելն այդքան էլ հեշտ չէր: Ջուրը կյանք է, ու ես բանակում եմ դա հասկացել:



Պատերազմի արդյունքում ոչինչ չեմ կորցրել, շատ բան եմ սովորել, նույնիսկ ջրի պակասն ու դժվարությունները՝ կիլոմետրերով ծանր պայուսակներով քայլելը, վազելը դաս են եղել ինձ համար:

Պատասխանատվության զգացում

Մի անգամ մարտական գործողություն պետք է կատարեինք, 40 հոգով մեկ գիծ դարձած քայլում էինք: Մեզ հետ էր նաեւ ֆագոտի 10 հոգանոց դասակ: Գիշեր էր, մութ, լուսնի լույսով էինք կողմնորոշվում:

Քայլելու ընթացքում մեր վաշտի հրամանատարը դասակի հրամանատարներին կարգադրել էր ձախ թեքվել: Երկար քայլելուց հետո բոլոր խմբերը խառնվել էին իրար, այնպես ստացվեց, որ մենք մոտ 20 հոգով առանց հրամանը լսելու շարունակեցինք ուղիղ գնալ ու Թալիշում կորանք: Հասել էինք ամայի տեղ, որտեղ միան ուղիղ ճանապարհ էր, տարբեր կողմերից լույսեր էին վառվում, բայց չգիտեինք մեր տարածքում ենք, թե Ադրբեջանի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռադիոկապ ունեինք, բայց հաճախականությունը չգիտեինք: Ֆագոտի հրամանատարի մոտ հեռախոս կար, մեր տղաներից մեկն էլ մեր հրամանատարի հեռախոսահամարը հիշում էր: Գիտեինք, որ զանգերը լսվում են, պետք է զգույշ լինել, այլապես մեր տեղն անմիջապես կիմանային ու ականանետից բոլորիս կոչնչացնեին:

Պատասխանատվությունը վերցնելը մեծ ռիսկ էր, բոլորը կարող էին զոհվել: Հեռախոսը վերցրի ու խոսեցի հրամանատարի հետ: Ենթադրեցի, որ պետք է արտերով հետ գնալ: Ամբողջ ճանապարհին մտածում էի, իսկ եթե ողջ մնամ ու զոհեր լինեն, նրանց ծնողներին ի՞նչ պատասխան կտամ:  Մի 5 րոպե քայլեցինք, այնուհետեւ հողի վրա ոտնահետքեր նկատեցինք, ապա տեսանք նաեւ հրամանատարիս նկարագրած տեղանքը:

Ներքին վստահություն ու համոզվածություն ունեի, որ ես պետք է ուղորդեմ տղաներին: Այդ օրերին հասկացա, որ կամքի մեծ ուժ ունեմ:

Պարգեւատրումը

Մարշալ Բաղրամյան գերատեսչական մեդալ ունեմ: Պարգեւատրվել եմ զորացրվելուց 1 շաբաթ առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ ցուցաբերած արիության համար:  Մեր զորամասից 3 հոգի ենք պարգեւատրվել:

Այդ մեդալն իմ աշխատանքի արդյունքն է, մեծ պատիվ է, որ այն կրում եմ կրծքիս: Երբ մի գործ եմ անում կամ բանակում արել եմ, միշտ իմացել եմ, որ գնահատվելու եմ: Դրա համար էլ միշտ ավելիին եմ ձգտում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր գումարտակը շատ համախմբված է եղել, դրա շնորհիվ ենք կարողացել առաջադրանքներ կատարել: Ձեռնամարտի խումբ ունեինք, լավ պատրաստված տղաներ էին, բոլորն էլ կայացած մարզիկներ: Բանակից վերադառնալուց հետո էլ միշտ ինձ զինվոր եմ զգում:

Պատերազմն ինչպիսին որ կա

Պատերազմում մեծ կամք է պետք ու հոգեբանական պատրաստվածություն: Այդ ժամանակ հրամանատարն ու զինվորը հավասար են դառնում, ուժեղի հետեւից են գնում կռվի դաշտում:

Պատերազմի ժամանակ ամեն ինչ սառչում է, 2-րդ պլան մղվում, նույնիսկ կարոտը: Լրիվ զինվոր ես դառնում, ասես փորձառու ամեն ինչ տեսած մարտիկ լինես: Նոր եկած զինվորները շատ հրամանատարներից ավելի լավ էին իրենց դրսեւորում:

Ապրիլի 5-6-ին արդեն պարգեւատրումներ էին անում, մինչդեռ տղաները շարունակում էին կռվել, իսկ պարգեւատրվողներից շատերը միայն հեռվից էին նայել գործողություններին: Չեմ կարծում, որ գեներալները զինվորների հետ հավասար կռիվ պետք է տային, բայց գոնե արժանի մարդիկ պարգեւատրվեին, որոնք մասնակցել են այդ ամենին, մեր կողքին են եղել: Նրանք միայն Ղարաբաղ են եկել, մեքենայով պտտվել ու շքանշաններ ստացել:

Լուսանկարը` Մեդիամաքս


1 զոհն էլ պատերազմ է

Քառօրյա պատերազմ են ասում, ուղղակի ընդհանրացնում են, քանի որ բուն գործողություններն են այդ օրերին եղել: Թե չէ պատերազմն ավելի երկար է տեւել: Այդ ընթացքում ամեն ինչ էլ տեսել եմ: Արյունը, մահը, կորուստները սովորական էին դարձել մեզ համար:

Պատերազմը բառերով դժվար է բնութագրել: Միակ բացատրությունն անմեղ զոհերի կորուստն է: Ադրբեջանի համար դա հողի պայքար է, մեզ համար կարեւորը զինվորի կյանքն է, մենք միշտ պաշտպանվողի դերում ենք: Պատերազմը մեծ բախում է, որի արդյունքում անմեղ զոհեր են լինում, ժողովուրդն է տուժում:

Առավոտյան առաջին հերթին լրահոսն ենք նայում՝ սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու համար: Օրեր են լինում, երբ 300-400 անգամ հրադադարը խախտվում է, եթե այդ կրակոցներից գոնե մեկը դիպչի հայ զինվորին, դրա պատասխանը ոչ մեկ չի կարող տալ: 1 զոհն էլ պատերազմ է:

Ես անցել եմ պատերազմի միջով, անգամ թշնամուս չեմ ցանկանա տեսնել այդ ամենը:

Հոգեբանի կարիքը բանակում

Զինվորներին հոգեբան է պետք: Ապրիլյան դեպքերից հետո շատ տղաներ տարբեր խնդիրներ ունեն: Պատերազմն ինքնին ջարդ է, արյուն, զոհեր, սթրես, այդ ամենը տեսնելուց հետո նույնիսկ կարող ես խելագարվել:

Գուցե ես էլ եմ սթրես տարել, բայց մարդու հոգեբանությունը հասկանալով այդ ամենը հաղթահարել եմ, ինձ տարմադրելով վերադարձել սովորական կյանքին:

Առաջարկ լինելու դեպքում զորամասեր կգնամ, կխոսեմ տղաների հետ, կտրամադրեմ ու կօգնեմ, որ պատրաստ լինեն ամեն ինչի:



Հետեւությունները

Պատերազմից հետո շատ հետեւություններ են արվել: Երբ ես ծառայում էի առաջին գծում  կայուն խրամատներ էին, սակայն 2-րդ, 3-րդ տարածքները վատ վիճակում էին: Երբ Թալիշում մեր տարածքները գրավեցին, միայն այդ ժամանակ էինք բահերով 2-րդ գիծը սարքում:

Հրամանատարների մեղքով ինժեներական աշխատանքներ չէին տարվել, դրանց կարեւորության մասին չէին մտածել:

Տղաները կամքի ուժով, ծանր ֆիզիկական աշխատանքի արդյունքում են կարճ ժամանակում հասցրել խրամատները փորել: Պետք էր հասցնել, քանի որ մեր տեղաշարժը թշնամին վերահսկում էր, ընդամենը 1 մ էր խորությունն, ու ամեն ինչ երեւում էր:

Մենք հետախույզներ ենք ու այլ առաքելություն պետք է անեինք, սակայն եւ դիրքն ենք պահել, եւ ինժեներական աշխատանքներ տարել ու մարտական գործողություններ կատարել:

Հիմա այդ դիրքերն արդեն բարեկարգ վիճակում են: Այդքան զոհերից հետո պետք էր ամեն ինչ շտկել:
Հայկ Գալստյանը Հայկ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընտանիքն ու հետաքրքրությունները

Ընտանիքս շատ է օգնում ինձ: Եղբայրս ագրարային համալսարանի վերջին կուրսում է սովորում: Մայրս բժիշկ է, հայրս՝ անհատ ձեռներեց: Ես սովորելուն զուգահեռ 2 տեղում աշխատում եմ որպես կարատեի մարզիչ:

Շարունակում եմ լրագրության ոլորտում փորձ հավաքել, տարբեր թեմաներով հոդվածներ եմ գրել, պատերազմի մասին էլ հրապարակումներ ունեմ: Եթե իմ առջեւ նպատակ եմ դնում, անպայման հասնում եմ:

Նախասիրություններս շատ են, ինստիտուտ ընդունվելիս քառյակներ էի գրում, գրող-հրապարակախոս դասախոսներիցս մեկն ասաց, որ Թումանյանն էլ քառյակներից է սկսել: Այդ միտքը ոգեւորեց ինձ, շարունակեցի ստեղծագործել: Գիրք կարդալ շատ եմ սիրում, բանակում էլ այդ մշակույթը ներդրել եմ:

Իմ նախաձեռնությամբ զորամասում մեր փոքրիկ գրադարանն ունեցանք, տարբեր տեղերից գրքեր նվեր ստացանք: Զինվորները գրանցվում էին ու իրենք որոշում որքան ժամանակով են ցանկանում գիրքը վերցնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հսկիչ-անցանգրային կետում ռադիո չունեինք, չէինք կարողանում լուրերին ծանոթանալ, իմ առաջարկով երկուսը տեղադրեցին: Ես արդեն զորացրվում էի, սակայն հաճելի էր, որ տղաներին այն օգտակար կլինի:

Զինվորներին հոգեւոր սնունդ էր պետք, բարձրաձայնեցի այդ մասին, ու արդեն 2 օր անց ամեն շաբաթ զինվորներին սարկավագ էր այցելության գալիս: Ամեն մեկը պետք է փորձի իր հետքը թողնել բանակում:

Եթե կարիք լինի նորից կգնամ պատերազմելու, սակայն միայն մեկ պայմանով, եթե ժողովուրդը կրկին համախմբած լինի, իսկ հրամանատարական կազմն էլ գործի կազմակերպված:

Հայկ Գալստյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գրիգոր Եփրեմյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am