exclusive
4164 դիտում

Պատերազմի մարզիկները. Ռաֆայել Կրպեյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Կրպեյանների ընտանիքի արդեն 2-րդ սերունդն է աչքի ընկել արցախյան պատերազմում: Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանից հետո նրա գործը շարունակում են եղբոր որդիները:

Ապրիլյան պատերազմում իր քաջությունը ցույց տալու հերթը տանկիստ Ռաֆայել Կրպեյանինն էր:

Mediamax Sport«Պատերազմի մարզիկները» շարքը ներկայացնում է քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական տանկ խոցած ու Հայաստանի Մարտական խաչ 2-րդ աստիճանի մեդալի արժանացած Ռաֆայելին:

Թաթուլ Կրպեյանի գործի շարունակողը

Թաթուլ Կրպեյանը հորեղբայրս է: Նրա մասին տարբեր պատմություններ լսելով եմ մեծացել: Ընտանեկան հավաքույթների ժամանակ մեր ընտանիքում միշտ խոսել են Թաթուլի մասին, երգել նրա պատվին գրված երգը:

Երեխա ժամանակ ամենաշատն ինձ մոտ տպավորվել է, թե ինչպես է գնացել Գետաշեն իբրեւ դպրոցում պատմության ուսուցիչ աշխատելու, իսկ իրականում պատերազմի հետ կապված մեծ ծրագրեր է ցանկացել իրագործել: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Այդ հայրենասիրական ոգով էլ ես ու եղբայրներս ներշնչվել ենք: Մեծ եղբորս անունը հայրս Թաթուլի պատվին է դրել: Նա էլ հիմա շարունակում է հորեղբոր գործը, զինվորական է դարձել՝ ավագ լեյտենանտ է ու ծառայում է Ջրականում (Ջաբրայիլ):

Երբեք էլ չեմ պատկերացրել, որ մի օր Թաթուլ Կրպեյանին փոխարինելու հերթն իմն է լինելու: Միշտ ուզել եմ իմանալ, թե կռվի օրերին ինչի միջով է անցել ու հաղթահարել, ու մտքովս էլ չէր անցնի, որ ինձ էլ նույն բանն է սպասվում:

Տանկիստի աշխատանքը

Ծառայությունս սկսել եմ Արմավիրի ուսումնական զորամասում, որտեղ 6 ամիս եմ անցակցրել  ու տանկիստի որակավորում ստացել: Այնուհետեւ ծառայությունս շարունակել եմ Արցախի Պաշտպանության բանակում՝ Մարտակերտում: Մեր զորամասը ռեզերվային էր:

Ինձ դուր էր գալիս տանկիստի աշխատանքը, այն ամենակարեւորներից ու բարդերից մեկն է: Գոնե 80 տոկոսով տեխնիկային տիրապետել է պետք ու միշտ զգոնություն պահպանել:

Տանկիստի հաջողության գաղտնիքը լավ անձնակազմի մեջ է: Իմ մեխանիկ վարորդը եղել է Գեւորգ Խաչատրյանը, իսկ նշանառու օպերատորը՝ Սամվել Սահակյանը:

Զորավարժությունների կամ կրակային մեքենավարման ժամանակ միասին ենք եղել: Ապրիլյան դեպքերի ժամանակ էլ իրար հետ էինք: Կարողանում էինք համերաշխ գործել ու արդյունավետ աշխատանք կատարել: Վերադառնալուց հետո շատ եմ կարոտում մեր այդ միասնությունը:

Տագնապն ու շտապ մեկնումը

Զորամասում էինք ու շարային ստուգատեսի էինք պատրաստվում, երբ առավոտյան 9-ին հարամանատարը տագնապ տվեց: Մեր վաշտից 2 տանկով դուրս եկանք: Ճանապարհին արդեն տեսանք տեղափոխվող մարդկանց ու զգացինք ընդհանուր լարվածությունը: Երբ մոտեցանք Դրմբոնին, ադրբեջանցիների արկերն արդեն հասնում էին մեզ:

Իմ անձնակազմը եղել է մեր դասակի հրամանատարի հետ, իսկ ես Երվանդ Սահակյանի ու հրամանատարի տեղակալ կապիտան Ավանեսյանի հետ եմ գործել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շարունակել ենք 2 տանկով առաջ գնալ, սակայն մեզ մյուս վաշտերից եւս մի քանի տանկեր են օգնության եկել: Երեկոյան ենք հասել Թալիշ, երբ թեժ մարտերը դեռ շարունակվում էին: Այնուհետեւ անձնակազմերը փոխվել են: Ապրիլի 3-ի առավոտյան Սահակյանի ու Խաչատրյանի հետ բարձրացել ենք դիրքեր:

Հակառակորդի տանկերի խոցումը

Թշնամու տանկը մեր հրամանատարն է տեսել, նրա շնորհիվ ենք կարողացել այն խոցել: Կազմակերպված աշխատանքն ու հաջողությունը լավ հրամանատարից է կախված:

Սկզբում, երբ խոցեցինք տանկերը, չէինք հասկանում ինչ կատարվեց, ուրախանում էինք: Միայն երեկոյան կարողացանք վերլուծել ամեն ինչ: Տանկի մոտ նստած խոսում էինք ու գիտակցում, թե ինչքան կարեւոր գործ ենք արել:

Իրար հարցնում էինք, որ եթե հաջողվի տուն վերադառնալ, կհավատա՞ն արդյոք մեզ, կամ լինում էին պահեր, կասկածում էինք, թե նույն ճանապարհով կկարողանանք հետ գնալ: Ի վերջո պատերազմ էր, մեզանից ոչինչ կախված չէր ու վստահ լինել երեւէ բանի վրա չէինք կարող:

Ծայրահեղ ծանր պահեր էլ ենք ունեցել: Վերջին դիրքից, որ կրակում էինք, մեծ վտանգի տակ ենք եղել, ադրբեջանցիների հրետանին ուժեղ կռիվ էր տալիս մեզ հետ:

Նույն տեղից 2 անգամից ավել չի թույլատրվում  կրակել, բայց մենք մինչեւ 5 անգամ ենք կրակել, հետո ենք սխալների մասին մտածել ու հասկացել, որ դրանք կարող էին ճակատագրական դառնալ: Այդ պահերին հետեւանքների կամ մեր մասին չէինք մտածում: Պետք էր առաջադրանքն ամեն գնով կատարել:

Ընդհանուր առմամբ, ապրիլյան պատերազմում տանկիստների աշխատանքը շատ լավ եմ գնահատում, տղաները հիանալի են գործել:

2 եղբայր նույն պատերազմում

Եղբայրս էլ պատերազմի ժամանակ Ջաբրայիլում էր, այդ օրերին իրար հետ կապ հաստատել այդպես էլ չստացվեց: Ապրիլի 6-ին եմ միայն կարողացել տուն զանգել, մինչեւ այդ ինձանից որեւէ լուր չեն ունեցել: Ծնողներիս միջոցով եմ եղբորիցս տեղեկություններ ստացել, իսկ հենց նրա հետ միայն մայիսին եմ խոսել:

Տանը, պարզ է, բոլորը լարված էին, երկուսս էլ ակտիվ ռազմական գործողություններ էինք վարում: Մայրիկի հետ խոսել չէր լինում, հայրիկի հետ էլ մի քանի բառ էինք արագ փոխանակում:

Տնեցիներից եմ իմացել, որ պատերազմի ամենաթեժ կետերից մեկում եմ: Մենք չգիտեինք, որ այդ պահին Թալիշն էր ամենակարեւորն ու այնտեղ էին որոշիչ կռիվներն ընթանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրադադարն ու վրեժի զգացումը


Իրականում հրադադարի համար տխրեցինք, քանի որ մեր գործը կիսատ մնաց, այն ժամանակ կարող էինք առաջ գնալ ու նոր տարածքներ գրավել: Բայց մյուս կողմից էլ ամեն ինչ անցյալում մնաց ու խուսափեցինք նոր զոհերից:

Պատերազմի ժամանակ մեծ ցանկություն կար գնալ Գետաշեն, տեսնել այն վայրերը, որտեղ Թաթուլ Կրպեյանն է եղել ու կռվել դրանց համար: Ես առաջին հերթին հորեղբորս գործն եմ շարունակել: Սամվել Սահակյանի հորեղբայրը նույնպես առաջին պատերազմի ժամանակ զոհվել է, ու երկուսս էլ անընդհատ ասում էինք, որ վրեժ ենք լուծում:

Բայց ինչքան էլ որ դժվարություններ տեսանք այդ օրերին, շատ բան հասկացանք: Տեսանք ու գնահատեցինք մեր անձնակազմի միասնությունը, առանց իրար այդքան բան անել չէինք կարող:

Շատ բաներ կան, որոնք կարոտում եմ, չնայած դժվարություններին՝ ուզում եմ հետ գնալ ու այդ ամենի միջով նորից անցնել: Ես էլ չեմ հասկանում այդ ցանկության պատճառը, գուցե, անելիքս կիսատ է մնացել. կամ էլ թշնամին շատ դիրքեր է գրավել,  դա է մտածելու առիթ տալիս:

Մեր տանկը

Եթե լավ հասկանում ես տանկից, նվիրվում ու սիրում ես այն, ամեն ինչ էլ ստացվում է: Ասես խաղալիքի հետ խաղաս, բայց մի տարբերությամբ՝ այն շատ մեծ է ու քմահաճ:

Մեր տանկը շատ հարազատ է դարձել ինձ համար: Տանկին էլ եմ հրաժեշտ տվել, գիտեի, որ կկարոտեմ: Ես ու մեխանիկ վարորդս նույն օրն ենք զորացրվել, մոտ մի 30 րոպե տանկի վրա նստել ենք ու զրուցել:

Ծառայությունն ավարտելուց հետո մի քանի անգամ գնացել ենք մեր զորամաս, վերջին այցելությունը մի քանի ամիս առաջ էր: Ամեն ինչ լավ էր այնտեղ, սակայն, ցավոք, մեր տանկը դիրքերում էր ու չկարողացանք այն տեսնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերադարձ հարազատ գյուղ

Ծառայությունից վերադառնալուց հետո շարունակում եմ սովորել Ֆիզկուլտինստիտուտում, ընտրել եմ փրկարարի գործը, միշտ էլ հետաքրքիր է ռիսկի հետ գործ ունենալ: Երբ սովորում ես օգնել մարդկանց, ուզում ես հետո էլ շարունակել նույն գործը: Ինձ լավ, արագ արձագանքող ու պատասխանատու փրկարար եմ պատկերացնում:

Սիրում եմ իմ հարազատ Թաթուլ գյուղը, որտեղ ապրում եմ ընտանիքիս հետ: Փոքր եղբայրս 17 տարեկան է, շուտով նա էլ է գնալու բանակ: Տղաները պարտադիր պետք է ծառայեն, ինքնահաստատվելու, ընկերներ ձեռք բերելու ու կայանալու համար:

Ազատ ժամանակս սիրում եմ ընկերներիս հետ անցկացնել, միասին գնում ենք մեր մարզադահլիճ ֆուտբոլ խաղալու: Սպորտը միշտ էլ կարեւոր է եղել իմ կյանքում:

Սկզբում բռնցքամարտով էի հետաքրքրված, բայց եղբորս օրինակով հունահռոմեական ըմբշամարտի գնացի ու այն գերեց ինձ: Հայրս էլ է մարզիկ եղել:

Մարզիկների ու զինվորների գործը

Ըմբշամարտում մենք միշտ էլ ուժեղ ենք եղել, հիմա էլ հիանալի ըմբիշներ ունենք: Ինձ հատկապես Արթուր Ալեքսանյանի ոճն է դուրս գալիս, նա շատ ուժեղ ու կամային մարզիկ է: Մենք միասին ենք պարգեւատրվել 2016 թվականին, նա Օլիմպիական խաղերում հաղթելու, ես էլ ծառայության ժամանակ աչքի ընկնելու համար:

Անկախության տոնի ժամանակ երկրի նախագահի կողմից պարգեւատրվել եմ Մարտական խաչ 2-րդ աստիճանի մեդալով: Իմ անձնակազմն էլ Արցախի մարտական խաչ 2-րդ աստիճանի մեդալներ է ստացել:

Լուսանկարը` Մեդիամաքս



Պատերազմի օրերին, իսկապես, շատ միասնական ենք եղել: Մենք Արցախում ենք կռվել, մարզիկներն էլ ամեն կերպ փորձել են օգնել մեզ: Նրանց հաղթանակները մեծ ուժ են տվել մեզ: Ցույց ենք տվել, որ քանի դեռ համախմբված ենք ոչ մի դեպքում չենք նահանջելու:

Հերոսները

Ինձ համար հերոս են բոլոր այն տղաները, որոնք կռվել են կամ կանգնած են դիրքերում:  Նրանց շնորհիվ է, որ մենք հանգիստ ենք հիմա:

Ես տանկ եմ խոցել, բայց տասնյակ զինվորներ էլ դիրք են պահել, նրանք էլ են հերոս, կապ չունի, որ վնաս չեն տվել հակառակորդին կամ 10 հոգու պակաս վիրավորել: Նրանք իրենց ընկերների հետ կյանքի գնով պահել են դիրքն ու թույլ չտվել հակառակորդին առաջ գալ:

Մարդիկ էլ պետք է հասկանան, որ կարեւոր գործ են արել: Բանակից նոր էի վերադարձել, մեդալի մասին անգամ խոսք չկար, բայց իմ գյուղացիների կողմից հիանալի ընդունելության եմ արժանացել: Նրանք գնահատել են իմ աշխատանքն ու իրենց վերաբերմունքով շնորհակալություն հայտնել: Նման վերաբերմունքի բոլորն են արժանի:

Ռաֆայել Կրպեյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝  Մելիք Բաղդասարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Հատուկ նախագծեր
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am