Ապրիլ 26, 2024
exclusive
7376 դիտում

Սայակա Պերեյրա. Մեքենա վարելիս յոգայով եմ զբաղվում

Սայակա Պերեյրան
Սայակա Պերեյրան

Լուսանկարը` Jamais Vu


Մեդիամաքս Սպորտ-ը շարունակում է ներկայացնել «Շաբաթվա գեղեցկուհին» շարքը:

«Երբ տեսնում եմ խոշոր տղայի, միանգամից մտածում եմ, թե ինչ լավ կզգայի ինձ, եթե  կարողանայի այդ տղային գետնին տապալել` կատարյալ տեխնիկա օգտագործելով»:

Սայակա Պերեյրա


Մեր այս շաբաթվա գեղեցկուհին պրոֆեսիոնալ է միանգամից մի քանի բնագավառներում: Նա հանդիսատեսին ապշեցնում է իր կրակե շոուներով, ակրոբատիկ համարներով, պորտապարով, խառը մարտարվեստներում ելույթներով, տարբեր զենքեր ներառող համարներով:

Սայակա Պերեյրան ելույթ է ունեցել այնպիսի աստղերի  շոուներում  եւ նրանց կողմից կազմակերպված մասնավոր միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են Շակիրան, Փինքը, Բրիթնի Սփիրսը, Սթինգը, Արետա Ֆրանկլինը, Նիկոլլը, Ռուբերտ Մերդոքը եւ այլոք:

Մասնագիտությամբ հաշվապահ է, խոսում է 5 լեզուներով, նվագում դաշնամուր ու գնում իր երջանկության հետեւից:

Սայական մեր զրույցի ընթացքում երբեմն հայերեն բառեր էր օգտագործում, որոնք սովորել է Խառը մարտարվեստների «Hayastan» ակադեմիայում` հայերի հետ մարզումների ընթացքում: Այնպես որ, գուցե շուտով հայերենը կդառնա նրա սովորած 6-րդ լեզուն: :)



- Խառը մարտարվեստներ, զենք, պար, կրակով հնարքներ: Սայակա, ինչպե՞ս  է հնարավոր լավ կարողանալ անել այսքան շատ բան: 

- Ինչպե՞ս: Որովետեւ ես սիրում եմ այն ամենն, ինչ անում եմ: Ու այդ սերը սահմաններ չի ճանաչում, քանի որ միշտ տեղ կա` ավելի ու ավելի բարելավելու փորձը, տեխնիկան եւ ճկունությունը: Դա է պատճառը, որ ես շարունակում եմ մարզվել ու մարզվել ամեն օր (ժպտում է)

Սկսեցի ժամանակակից պարերի հաճախել, երբ 4 տարեկան էի, այն էլ միայն այն պատճառով, որ մայրիկս ցանկանում էր, որ ճկուն լինեմ: 7 տարեկանում ինձ քիչ էր մնում առեւանգեին… Բարեբախտաբար, կարողացա փախչել` նրանց հարվածելու եւ բարձր գոռալու շնորհիվ: Ինձ օգնեց մի հնարք, որ սովորել էի պարի դասերի ժամանակ, բայց այդ ժամանակ նորմալ հարվածել դեռ չգիտեի: Այդ միջադեպն ինձ օգնեց հասկանալ, որ աշխարհում սուպերմեններ գոյություն չունեն եւ որ ես պետք է ուժեղ լինեմ թե ֆիզիկապես, եւ թե հոգեպես` ինձ ու մտերիմներիս պաշտպանելու համար: Սկսեցի հաճախել մի շարք մարտարվեստների` կարատե, ձյուդո, որոնք ուղեկցվում էին Մուայ-Թայի մի շարք շարժումներով: Ի դեպ, իմ առաջին սենսեյը հենց Մուայ-Թայով է զբաղվել: Երբ տեղափոխվեցի ԱՄՆ, միաժամանակ թե պարով, թե խառը մարտարվեստներով էի զբաղվում: Ինձ դուր է գալիս մարդկանց ռեակցիան, երբ իմանում են, որ միայն պարուհի չեմ, այլ նաեւ պրոֆեսիոնալ մարտիկ: Մի օր մասնակցում էի կրակով հնարքներ անող պարողների շոուի: Նրանք առաջարկեցին փորձել ու ինձ թուր տվեցին: Այդ օրվանից սկսեցի իմ պարային շոուներում մարտարվեստների էլեմենտներ օգտագործել:   



- Եվ այսպիսի գրաֆիկ ունենալով` ազատ շունչ քաշելու վայրկյան ունենու՞մ ես:

- Անկեղծ ասած, չափազանց ծանր է: Մենք ընդամենը մեկ մարմին ունենք ու շատ գործեր: Միշտ փորձում եմ լսել մարմնիս ու անում եմ այնպես, որպեսզի այնքան չծանրաբեռնեմ, որ դա վնասվածքի հանգեցնի: Ինձ համար պարտադիր է լավ  քնելը եւ սնվելը:

-Շարունակենք զարմացած հարցերի շարքը. դու 5 լեզու գիտես: Ինչու՞ է մարդուն անհրաժեշտ 2-ից ավելի լեզուների իմացությունը:

- Խոսում եմ անգլերեն, ճապոներեն, չիներեն, իսպաներեն եւ արաբերեն: Հիմա պորտուգալերեն եմ սովորում: Այդ իմացությունն ինձ շատ է օգնում տարբեր հարցերում, օրինակ, հասկանալ  այլ մշակույթների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ մարզում է իմ ուղեղը (ժպտում է):



- Սպորտում քեզ ի՞նչ մականունով են կնքել:

- Ինձ Կարիճ են անվանում իմ չափազանց ճկուն լինելու համար: 

- Ինչի՞ մասին է երազում Կարիճ Սայական:

- Ես ապրում եմ իմ երազում, անելով այն, ինչ սիրում եմ անել` պար, խառը մարտարվեստներ, յոգա, մարմնամարզություն, լավ սնունդ, ընկերների հետ լավ ժամանակ եմ անցկացում, խոհանոցում համեղ բաներ պատրաստում, առողջ ապրելակերպ եմ վարում, ինչպես նաեւ բազմաթիվ թռիչքների մասնակցում (օդային դայվինգ, ուղղաթիռներ, դելտապլան): Ցանկանում եմ լավացնել ֆինանսական դրությունս, բայց նաեւ հիմնական կարիքները հոգալու խնդիր չունեմ: Ցանկանում եմ մայրիկիս համար գեղեցիկ տուն գնել, որը կունենա ճապոնական ոճի լոգարան եւ կգտնվի  Ավստրալիայում: Մենք կորցրել ենք մեր տունը, երբ ես 16 տարեկան էի, ու մայրիկիս համար նորից սեփական տուն ունենալը շատ բան է նշանակում: 



-Սպորտը տեղափոխու՞մ  ես առօրյա, թե՞ դրանով միայն մարզասրահում  ես զբաղվում:

- Անկախ ինձանից մարզվում եմ նաեւ մարզասրահից դուրս: Պարում եմ շոփինգ անելիս, ձգողական վարժություններ եմ կատարում, երբ սուպերմարկետում սպասում եմ իմ հերթին, մեքենա վարելիս յոգայով եմ զբաղվում: Ի դեպ, մի անգամ ոտքս «մնացել էր» գլխիս հետեւում, երբ ոստիկանը կանգնեցրեց ավտոմեքենաս, եւ քիչ էր մնում տուգաներ:

Ընտրում եմ տաբատներ, որոնցով կարող եմ ոտքով ավելի բարձր հարվածել: Երբ նոր բնակարան էի տեղափոխվում, նախապես համոզվեցի, որ ապագա բնակարանիս առաստաղը բավարար չափով բարձր է, որպեսզի կարողանամ նաեւ թրով վարժություններ կատարել այնտեղ (ծիծաղում է):



- Մարզվում ես Հոլիվուդում գտնվող «Hayastan» MMA ակադեմիայում: Ի՞նչ կասես սենսեյ Գոքոր Չիվիչյանի եւ տղաների՝  Սեւակ Մաղաքյանի, Կարո Փարիզյանի, Մաննի Գամբուրյանի եւ մյուսների մասին:

- Նրանք բոլորը հիանալի մարդիկ են: Ես շատ ուրախ եմ նրանց հետ մարզվելու հնարավորության համար: Շատ են աշխատում, ազնիվ են եւ ունեն հիանալի էներգիա: Նրանք ինձ առաջ գնալու մոտիվացիա են տալիս, ու նաեւ մեծ քանակությամբ դրական էներգիա:  Քանի որ խառը մարտարվեստներում դեռ նորեկ եմ, երբեմն հիասթափվում եմ, քանի որ խառնում եմ ինչ որ բաներ, մոռանում ինչ որ շարժում, կամ էլ շարժումը ճիշտ եմ կատարում, բայց մոռանում եմ ճիշտ շնչել: «Hayastan» MMA ակադեմիայում բոլոր աշակերտներն, անկախ ամեն ինչից, ոգեշնչվում են:

Ինձ նաեւ դուր է գալիս նրանց բոլորի հումորի զգացողությունը: Ակադեմիան ունի անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները` ամբողջական մարզասրահ, ցնցուղներ, անգամ հյուրասենյակներ այլ քաղաքներից եկած աշակերտների համար: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է զբաղվել խառը մարտարվեստներով, խորհուրդ եմ տալիս ընտրել այդ դպրոցը:



- Հայերի հետ շփումները քեզ համար փաստորեն կանոնավոր բնույթ են կրում:

- Իհարկե, քանի որ զբաղվում եմ նաեւ պորտապարով, շատ հայերի հետ եմ աշխատել: Միշտ դրական տպավորություններ են մնացել նրանց հետ համագործակցությունից: Հայերն ազնիվ են, աշխատասեր եւ արժեւորում են իսկական ընկերությունը: Ինձ նաեւ դուր է գալիս հայկական ուտելիքը: 

- Ռինգում ստացած ամենացավոտ վնասվածքդ:

- Առջեւի ատամս է կոտրվել: 

- Քո հասցրած ամենացավոտ վնասվածքը:



- Մրցակցիս արմունկն է տեղից դուրս ընկել: Դա դժբախտ պատահար էր:

- Ակնկալում ենք գեղեցկությունը պահպանելու մի քանի խորհուրդ լսել քեզանից:

- Լավ քնեք, լավ սնվեք… եւ երջանիկ եղեք: Սթրեսը, խանդը եւ նախանձը մեր գեղեցկության ամենամեծ թշնամիներն են: Կյանքը չափազանց կարճ է բացասական լինելու համար: Երբ տրամադրություն չունեք, ձեռքը դրեք սրտին  ու զգացեք` ինչպես է ձեր կյանքի ժամացույցն աշխատում: Հասկացեք, որ այդ տիկ-տակը մի օր կանգ է առնելու… մի պահ խորը շնչեք ու փակեք ձեր աչքերը: Երբ նորից բացեք ձեր աչքերը, արդեն պատրաստ կլինեք անելու այն, ինչ սովորաբար սիրում եք անել: Փորձված մեթոդ է (ժպտում է):

- Տղամարդիկ վախենու՞մ են մարտարվեստներով զբաղվող կանանցից: 



- Չգիտեմ… Բայց երազանքիս տղամարդը պետք է հասկանա ու օգնի ինձ բարձր թռչել: Մենք միասին պետք է ավելի բարձր ու արագ թռչենք: Նա չպետք է լինի այնպիսի մեկը, ով ինձ կպահի վանդակում եւ կփակի դուռը դրսի կողմից:

-Սայակա, շնորհավորում ենք: Մեդիամաքս Սպորտ-ի կողմից դու ճանաչվել ես այս շաբաթվա գեղեցկուհի:

- Շնորհակալ եմ: Հուսամ, որ բոլորդ զբաղվում եք ձեր սիրած գործով: Դա լիարժեք ապրելու գրավականն է: 

Սայակա Պերեյրայի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին