Մայիս 03, 2024
exclusive
10185 դիտում

Անտոնիա Միսուրա. Լոնդոնի օլիմպիական խաղերի ամենագեղեցիկ մարզուհին

Անտոնիա Միսուրան
Անտոնիա Միսուրան

Լուսանկարը` Mario Strmotić


Մեդիամաքս Սպորտ-ը շարունակում է ներկայացնել «Շաբաթվա գեղեցկուհին» շարքը:

25 ամյա խորվաթ բասկետբոլիստուհի Անտոնիա Միսուրան հանդես է գալիս Խորվաթիայի կանանց բասկետբոլի ազգային հավաքականի եւ Toulouse Métropole Basket թիմի կազմում: Միսուրան Խորվաթիայի հավաքականի կազմում մասնակցել է 2009 թ-ի Միջերկրական խաղերին, Կանանց 2011 թ-ի EuroBasket-ին, ինչպես նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերին:

Մեդիան երբեք էլ անտարբեր չի եղել Միսուրայի գեղեցկության նկատմամբ: Տարբեր ԶԼՄ-ների կողմից հրապարակված հարցումների համաձայն, նա դասվում է ամենագեղեցիկ մարզուհիների շարքին: Նա հռչակվել է Խորվաթիայի ամենագեղեցիկ մարզուհի, 2009-ին էլ ստացել է Միսս Միջերկրածովյան խաղեր տիտղոսը: Նշենք նաեւ, որ ամերիկյան Bleacher Report հեղինակավոր պարբերականը Միսուրային անվանել է 2012-ի օլիմպիական խաղերի ամենագեղեցիկ մարզուհի:

Միսուրայի մասին այսպես է արտահայտվել NBA-ի աստղ Նեյթ Ռոբինսոնը.    «Նա ամենագեղեցիկ կին բասկետբոլիստուհին է, ով երբեւէ կապել է իր մարզակոշիկների կապիչները »:



- Անտոնիա, ե՞րբ հասկացար, որ բասկետբոլն ամենակարեւոր սպորտաձեւն է քո կյանքում:

- Շատ վաղուց: Դեռ փոքր էի, երբ սիրահարվեցի այս մարզաձեւին: Ինձ ոգեշնչում էր հայրս: Նա եւս բասկետբոլիստ է: Որոշեցի անել այդ ուղղությամբ առաջին քայլերը, փոխել դարաշրջանը ու ոչնչից չվախենալով առաջ քայլեցի (ժպտում է):

- Ո՞վքեր են քեզ ոգեշնչում:

- Լեգենդար Մայքլ Ջորդանը եւ Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայում հադես եկող ամերիկուհի Ելենա Դել Դոնը:

- Եթե հնարավորություն ունենայիր դեմ առ դեմ խաղալու որեւէ բասկետբոլիստի հետ, ո՞վ կլիներ քո հակառակորդը:

- Անկասկած, Մայքլ Ջորդանը:



- Ինչի՞ն ես ձգտում հասնել այս մարզաձեւում:

- Կարծում եմ, դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու ու շատ բաներ եմ դեռ նվաճելու: Ուղղակի ապրում եմ լավագույնի հույսով՝ մատներս խաչելով:

- Ի՞նչն է այս պահին քեզ համար ամենաառաջնայինը:
 
- Ամենագլխավորն իմ բասկետբոլային կարիերան է ու դրա հետ կապված ամեն ինչ:

- Երբ բասկետբոլում չես, որտե՞ղ կարելի է գտնել քեզ:



- Ընտանիքիս ու ընկերներիս հետ ժամանակ անցկացնելիս: Ուիքենդին՝ որեւէ հետաքրքիր վայր այցելելիս, մարզվելիս կամ ֆիլմեր դիտելիս:

- Սպորտից դուրս քո ոճը:

- Կարծում եմ, որ պետք է նորաձեւ տեսք ունենամ, քանի որ բազմաթիվ մարդկանց ուշադրության կենտրոնում եմ: Ինչ վերաբերում է մեյքափին, ապա իմ դիմահարդարն ավելի լավ կիմանա (ծիծաղում է): Գիտեմ միայն, որ ֆրանսիական կոսմետիկա եմ օգտագործում:
 
- Հետաքրքիր է, եթե փորձենք փորփրել քո մարզումային պայուսակը, ի՞նչ կարող ենք այնտեղ գտնել:
 
- Փոքրիկ գանտելներ, իմ iPhone-ը եւ մարզումների համար անհրաժեշտ պարագաները:

- Եթե այս պահին անսպասելի միացնեինք քո iPod-ը,  ի՞նչ երաժշտական կատարում կհնչի: 

- Ադամ Լեվինի կատարմամբ՝ Stereo hearts-ը:



- Քեզ հաճախ են անվանում Խորվաթիայի ամենագեղեցիկ մարզուհի: Կկիսվե՞ս  գեղեցկության մի քանի գաղտնիքներով:

- Ես ամեն օր մարզվում եմ, հետեւում որոշակի սննդակարգի, կանոնավոր քնում եմ: Արթնանալիս արդեն լի եմ էներգիայով ու պատրաստ հաճույք ստանալ նոր բացվող օրվանից:
 
- Սպորտ եւ անձնական կյանք. ժամանակը հերիքո՞ւմ է երկուսին էլ նվիրվելու ու ոչ մեկը չանտեսելու համար:
 
- Այո, ես  բավական ժամանակ եմ անցկացնում նաեւ ընտանիքիս ու թիմակիցներիս հետ: Ամեն ինչ կարողանում եմ հասցնել:

- Ազգությամբ հայ մարզիկներից ու՞մ ես ճանաչում:



- Հռիփսիմե Խուրշուդյանին: Նրա մրցելույթներին հետեւել եմ Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ, երբ օլիմպիական բրոնզե մեդալ նվաճեց:

- Քո մասնակցությամբ բազմաթիվ ֆոտոշարքերի ենք հանդիպում: Մոդելի կարիերան համարո՞ւմ  ես երկրորդ մասնագիտություն:

- Ուղղակի հետաքրքրվում եմ մոդելային գործունեությամբ եւ կշարունակեմ ազատ գրաֆիկով զբաղվել դրանով:


 
- Անտոնիա, շնորհավորում ենք: Մեդիամաքս Սպորտ-ի կողմից դու ճանաչվել ես այս շաբաթվա գեղեցկուհի:

- Շատ շնորհակալ եմ: Ուզում եմ ձեր ընթերցողին մաղթել հաջողություն իրենց գործերում ու երջանկություն: Հայերն այնքան գեղեցիկ ու քաղաքավարի մարդիկ են: Ուղղակի եղեք լավ մարզավիճակում եւ առողջ: Սիրում եմ ձեզ բոլորիդ:

Անտոնիա Միսուրայի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին