Ապրիլ 27, 2024
exclusive
16818 դիտում

Սիերա Բլեր Քոյլ. Ժայռեր մագլցող արքայադուստրը

Սիերա Բլեր Քոյլը
Սիերա Բլեր Քոյլը

Լուսանկարը` Eric Greenhalgh


Մեդիամաքս Սպորտ-ը շարունակում է ներկայացնել «Շաբաթվա գեղեցկուհին» շարքը:

20-ամյա Սիերա Բլեր Քոյլի համար լեռնամագլցումը սպորտաձեւ է:

2010-ին նա դարձավ Աշխարհի գավաթին մասնակցելու որակավորում ստացած ամենաերիտասարդ մարզիկը: Սիերան մասնակցել է ավելի քան 100 մրցաշարերի: Նա նաև հասցնում է լրջորեն զբաղվել ուսմամբ՝  Արիզոնայի պետական համալսարանի ուսանող է:

Ուսանողուհի, մարզուհի  ու պարզապես գեղեցկուհի Սիերա Բլեր Քոյլի հետ զրուցել ենք Հայաստանում ոչ այնքան տարածված սպորտաձեւի առանձնահատկությունների, գեղեցիկ արտաքին ունենալու գաղտնիքների, ոսւման ու այլ բաների մասին:



- Սիերա, ժայռամագլցմամբ սկսել ես զբաղվել 8 տարեկանում: Այդ տարիքում սովորաբար տիկնիկներով են խաղում:

- Ես սիրահարվեցի ժայռերին ու ժայռամագլցմանը, քանի որ դրա մեջ ինձ համար ինչ-որ ճիշտ բան գտա: Ինձ դուր է գալիս այն, որ կարողանում եմ ժայռամագլցել ու մոռանալ ամեն ինչի մասին:

- Այն մարդկանց համար, ովքեր ժայռամագլցմամբ երբեւէ չեն զբաղվել, կնկարագրե՞ս, թե ինչպիսին են այս սպորտաձեւի մարզումները:
 
- Մարզումները հիմնականում ուղղակի մագլցում են: Գուցե պարզունակ հնչի, բայց լավ ժայռամագլցող դառնալու համար պետք է ինչքան հնարավոր է հաճախ ժայռ մագլցել:

- Երբեւէ վնասվածք ստացե՞լ ես ժայռ մագլցելու ընթացքում: 



- Այո, կարող եմ նույնիսկ հիշել իմ ամենալուրջ վնասվածքը: Այտուցներ, պատռվածքներ եւ ողնաշարային դիսկի ճողվածք: Բարեբախտաբար, այն բուժվել է արդեն, բայց այն ժամանակ իրոք վտանգավոր վնասվածք էր:

- Չկա այնպիսի մարդ, ով գոնե մի փոքր չվախենա բարձրությունից: Ինչպե՞ս ես պայքարում այդ վախի դեմ:
 
- Լեռնամագլցմամբ զբաղվում եմ ավելի քան 11 տարի ու սովոր եմ բարձրություններին: Բայց, երբ զգում եմ, որ վախենում եմ, մտքումս 10-ից մինչեւ մեկն եմ հաշվում: Դա օգնում է հանգստանալ ու թույլ է տալիս կենտրոնանալ:

- Ի՞նչ ընդհանուր բան ունեն լավագույն ժայռամագլցողները, որով էլ տարբերվում են մյուսներից:
 
- Լավագույն մագլցողներն ամենաշատն են մարզվում: Նրանք մեծ ջանքեր են ներդնում եւ իրենց կյանքը նվիրում են այս սպորտաձեւին: Լավ ժայռամագլցողն ունի ամեն ինչ՝ տաղանդ, մոտիվացիա, փորձ:

- Ներկայացրու ժայռամագլցումը մեկ նախադասությամբ:



- Այն խելագար սպորտաձեւ է, որտեղ դու, բառիս բուն իմաստով, անընդհատ առաջ ես հրում սահմանները եւ բարձրությունները:

- Ի՞նչն է քեզ լավագույններից լավագույնը դարձնում այս մարզաձեւում:

-Կարծում եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է ստացվում, քանի որ ես կրեատիվ եմ ժայռ մագլցելիս: Ես կարող եմ դիմել խորամանկ քայլերի այն պահերին, երբ պետք է հասկանամ, թե ինչպես է պետք քայլ կատարել: Դեռ պետք է աշխատեմ իմ ուժի վրա: Գնալով ավելի ուժեղ եմ դառնում, բայց միշտ ավելի զարգանալու հնարավորություն կա:

- Ինչո՞վ ես զբաղվում, երբ ժայռերի հետ միայնակ չես:

- Սովորաբար դասերովս եմ զբաղվում, ընկերներիս ու ընտանիքիս հետ ժամանակ անցկացնում ու հանգստանում: 

- Դու այս սպորտաձեւին շատ բան ես տվել, իսկ ի՞նչ է սպորտաձեւը տվել քեզ:

- Լեռնամագլցումն ինձ շատ ավելի լավ կյանք է տվել, քան կարող էի երազել: Այն ինձ սովորեցրել է, որ քրտնաջան աշխատանքը գնահատվում է, եւ որ ես կարող եմ հասնել իմ երազանքների իրականացմանը:



-Ո՞րն է ամենասխալ պատկերացումը, որ առկա է լավ լեռնամագլցող դառնալու մասին:

- Ամենասխալ պատկերացումն այն է, որ լավ լեռնամագլցող դառնալու համար ձեռքերի մեծ ուժ է պետք: Այո, չեմ ժխտում, ուժեղ ձեռքեր ունենալը կարեւոր է, բայց շատ ավելի որակներ են պետք լավ լեռնամագլցող դառնալու համար:

- Մարզումների ամենաչսիրված հատվածը քեզ համար:

- Հիվանդ լինելը, վատ զգալը: Կան օրեր, երբ այնքան վատ եմ ինձ զգում, որ առավոտյան անգամ հագնվել ու մարզման մեկնել չեմ ցանկանում:

- Երբ նյարդայնանում ես, հարվածու՞մ  ես ժայռին կամ նյարդայնացած գոռում:



- Ոչ, ես նյարդային պահերին ուղղակի խուսափում եմ ժայռ մագլցել:

- Բացի սպորտից մեծ կարեւորություն ես տալիս նաեւ ուսմանը:

- Այո, սովորում եմ Արիզոնայի պետական համալսարանի մարքեթինգի բաժնում՝ թվային եւ ինտեգրված մարքեթինգային հաղորդակցություն ուղղվածությամբ: Իհարկե, դժվար է միաժամանակ քոլեջ այցելել եւ պրոֆեսիոնալ լեռնամագլցող դառնալ, բայց դա արժանի մարտահրավեր է: Ես ինձ բավարարված եմ զգում, որովհետև կարողանում եմ  հավասարակշռված պահել ուսումն ու սպորտը:

- Սիերա, տարբեր ամսագրերի համար ֆոտոշարքերի ես մասնակցել: Ո՞րն է քո սիրելի ֆոտոշարքը:

- Բազմաթիվ ֆոտոշարքեր եմ ունեցել՝ թե տեղական եւ թե միջազգային ամսագրերի համար: Իմ ամենասիրելի ֆոտոշարքը Roxy-ի համար արված ֆոտոաշարքն է. այն իսկական պայթյուն էր:

- Գեղեցիկ լինելու մի քանի պայման քեզ համար:

- Սիրում եմ գեղեցիկ մատնահարդարում ունենալ: Նաեւ սիրում եմ հագուստիս վրա պոնիի պոչիկներ ամրացնել մրցումների ժամանակ: Դա իսկապես զվարճալի է: Սիրում եմ խառը ոճում հանդես գալ:

-Ի՞նչ գիտես հայկական սպորտի մասին:



- Գիտեմ, որ 4 հայ մարզիկներ են մասնակցում օլիմպիական խաղերին: Ես նրանց հաջող մրցելույթներ եմ մաղթում: 

- Սիերա, շնորհավորում ենք: Մեդիամաքս Սպորտ-ի կողմից դու ճանաչվել ես այս շաբաթվա գեղեցկուհի:

- Շնորհակալ եմ եւ հպարտ: Ցանկանում եմ բոլորին ուրախ 2014 թվական՝ լի բազմաթիվ զվարճալի արկածներով:

Սիերա Բլեր Քոյլի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին