Մայիս 07, 2024
7987 դիտում

Միխալ Բիլեկ. «Սեփական հարկի տակ Հայաստանի հավաքականը նշանակալի արդյունքի է հասնում»

Միխալ Բիլեկը
Միխալ Բիլեկը

Լուսանկարը` Reuters:


Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 26-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացնելու է իր այս տարվա առաջին պաշտոնական հանդիպումը:  Մրցակիցը Չեխիայի ազգային ընտրանին է: Խաղի նախաշեմին Մեդիամաքս-ը զրուցել է Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկի հետ:

- Հաշված օրեր անց Չեխիայի հավաքականը միանգամից երկու պաշտոնական հանդիպում է անցկացնելու Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Ինչպիսի՞ն են տրամադրությունները թիմում:

- Կարծում եմ, մենք շատ ավելի լավ իրավիճակում ենք, քան աշնանը, երբ բազմաթիվ վնասվածք ստացած ֆուտբոլիստներ ունեինք: 

- Ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, իրավիճակը Բ խմբում, եւ ու՞մ եք համարում ձեր գլխավոր մրցակիցը:

-Բոլորն էլ Իտալիայի ազգային ընտրանուն են համարում Բ խմբի ֆավորիտը: Մնացած բոլոր թիմերը, բացառությամբ Մալթայի, շանսեր ունեն:


Միխալ Բիլեկը:
Լուսանկարը` Reuters:

- Դանիայի եւ Հայաստանի հավաքականների հետ հանդիպումներին ընդառաջ Չեխիայի թիմի կազմում արմատական փոփոխություններ նախատեսու՞մ եք:

- Նախկինում վնասվածք ստացած Թոմաշ Ռոսիցկին, ով շատ կարեւոր ֆուտբոլիստ է, վերադարձել է թիմ:

- Ի՞նչ է ակնկալում Չեխիայի ազգային ընտրանու մարզիչը երեւանյան խաղից:

- Նախ` մարտի 22-ին, սեփական հարկի տակ ընդունելու ենք Դանիայի ազգային ընտրանուն, որից հետո մարտի 26-ին արտագնա խաղում հանդիպելու ենք Հայաստանի հավաքականի հետ: Ամեն ինչ կախված է Դանիայի հավաքականի խաղի արդյունքից եւ դրա արդյունքում ստեղծված տրամադրություններից: Առաջիկա երկու հանդիպումներում վաստակած ցանկացած միավոր չափազանց կարեւոր է լինելու: Մեր գլխավոր նպատակն է հաղթահարել ընտրական փուլի արգելքը եւ մասնակցել 2014 թվականի աշխարհի առաջնությանը:

-Պարոն Բիլեկ, հասցրե՞լ եք ուսումնասիրել Հայաստանի ազգային ընտրանու խաղը:

- Հայաստանի ազգային հավաքականն ուժեղ թիմ է: Նա ապացուցել է իր հզորությունը՝ ընտրական նախորդ փուլում վստահ հաղթանակ տանելով Սլովակիայի թիմի նկատմամբ: Հատկապես սեփական հարկի տակ հանդիպումներում Հայաստանի հավաքականը նշանակալի արդյունքների է հասնում:

- Երկու ոչ ոքի եւ մեկ հաղթանակ: Չեխիայի հավաքականի համար սա նորմա՞լ արդյունք է: 

- Աշնանը մեծ կորուստներով մեկնարկեցինք որակավորման փուլում: Բացակայում էին գրեթե բոլոր հիմնական հարձակվողները: Եթե սա հաշվի առնելով վերլուծենք ձեռք բերածը, կտեսնենք, որ Դանիայի հետ ոչ ոքին դրական արդյունք է, բայց, մյուս կողմից, Բուլղարիայի հետ սեփական հարկի տակ ոչ ոքի խաղալով՝ երկու միավոր կորցրեցինք:


Միխալ Բիլեկը:
Լուսանկարը` Reuters:

- Ի՞նչ ոճի ֆուտբոլ պետք է ակնկալել Չեխիայի ազգային ընտրանուց Դանիայի եւ Հայաստանի հետ առաջիկա երկու խաղերում: 

- Վերջին երկու ընկերական հանդիպումները` անցած տարվա նոյեմբերին Սլովակիայի, եւ այս տարի` Թուրքիայի հավաքականների հետ, ցույց տվեցին այն ոճը, որով մենք սիրում ենք խաղալ: Միշտ մրցակցից է կախված, թե արդյոք խաղաոճը ճի՞շտ է կռահվել, թե՞ ոչ:  

- Յան Կոլեր, Պավել Նեդվեդ, Կարել Պոբորսկի, Միլան Բարոշ. համաշխարհային մեծության աստղեր, ովքեր ավարտել են ելույթները Չեխիայի ազգային հավաքականի կազմում: Որքա՞ն ժամանակ է Ձեզ անհրաժեշտ նոր թիմ կառուցելու համար, որտեղ նախկին աստղերի տեղը թափուր չի մնա: 

- Վերջին շրջանում մենք համաշխարհային մեծության աստղեր չունենք: Չեխիայի նման փոքր երկրում շարունակաբար համաշխարհային մեծության աստղեր աճեցնելն անհնար է: Դա մի շարք պատճառներ ունի: Բայց այսօր ունենք մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ապագայում աստղեր դառնալ: 

- Չեխիայի հավաքականից եւ ոչ մի ֆուտբոլիստ ընտրական փուլի մեկնարկից մինչ օրս դեղին կամ կարմիր քարտ չի ստացել: Ո՞րն է գաղտնիքը:

- Դետալները փոխում են ֆուտբոլը: Խաղադաշտում զգուշացումներ ստանալը թուլացնում է թիմին: Այդ է պատճառը, որ մենք փորձում ենք խաղալ առանց քարտեր ստանալու: 

Միխալ Բիլեկի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը` հատուկ Մեդիամաքս-ի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին