exclusive
126414 դիտում

Ֆրանգուլյան-Գրիգորյան. 3 տարի անց ԵԱ-ում մեդալ նվաճած ազատ ոճայինները

Լուսանկարը` Մեդիամաքս


3 տարի շարունակ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին մեծահասակների Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում չէր հաջողվում մեդալ նվաճել:

Այս տարվա ԵԱ-ում միանգամից 3 բրոնզե մեդալ եղավ: Mediamax Sport-ը հանդիպել ու զրուցել է նրանցից երկուսի՝ Վալոդյա Ֆրանգուլյանի (61 կգ) ու Գրիգոր Գրիգորյանի  (74 կգ) հետ: Ըմբիշները պատմել են ունեցած դժվարությունների, որոշիչ գոտեմարտերի, միմյանց աջակցելու ու ըմբշամարտը սիրելու պատճառների մասին:

-Երկարատեւ ընդմիջումից հետո դուք կարողացաք Եվրոպայի առաջնությունից բրոնզե մեդալներով վերադառնալ: Ինչո՞ւ հենց այս անգամ ստացվեց հաջող մասնակցել:

Գրիգոր. Լավ մարզավիճակում ու բարձր տրամադրությամբ էինք մեկնել Սերբիա, շատ էինք ցանկանում, որ բոլորն էլ կարողանան մեդալներ նվաճել: Այս անգամ դա երեքիս հաջողվեց: Մինչ այդ ինչ-որ բան խանգարում էր մեզ, սակայն այս անգամ ամեն ինչ լավ դասավորվեց, կարող էինք անգամ ավելի բարձր հարկի մեդալ նվաճել: Բայց ոչինչ, հետագայում այդ բացը կլրացնենք:

Վալոդյա. Երեւի այս անգամ ավելի լավ էինք պատրաստվել ու արդեն ժամանակն էր, որպեսզի հաջողության հասնենք: Մրցակիցներին լավ էինք ճանաչում: Նաեւ մեծ փորձ էինք ձեռք բերել ու տակտիկապես ավելի լավ էինք գոտեմարտում:

Գրիգոր Գրիգորյանն ու Վալոդյա Ֆրանգուլյանը Գրիգոր Գրիգորյանն ու Վալոդյա Ֆրանգուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Երկար ժամանակ հաջողություն չեք ունեցել, սակայն մնացել եք սպորտում ու շարունակել հավատալ ձեր ուժերին: Ի՞նչն է ձեզ պահել:

Գրիգոր. Մարզիկը պարտավոր է աշխատել այնքան մինչեւ տեսնի իր աշխատանքի արդյունքը: Ազատ ոճում 2014-ին էր վերջին անգամ մեդալ եղել: Նախկինում էլ փորձել էի լավ հանդես գալ, սակայն կամ հոգնում էի, կամ՝ սխալներ թույլ տալիս:

Վալոդյա. Երկարատեւ տարիների քրտնաջան աշխատանքը, տարբեր տեսակի զրկանքները չէին թողնի հենց այնպես թողնել սպորտը: Պետք էր տեսնել այդ ամենի արդյունքը: Հասկանում էինք, որ շատ ուժեղ ու անհաղթահարելի մրցակիցներ չունենք, մեզ մոտ էլ ամեն ինչ կստացվի: Ուղղակի ըմբշամարտը համբերություն ու աշխատասիրություն է սիրում, միշտ պետք է ավելիին ձգտել:

- Սերբիայում զգացվեց, որ երկուսդ էլ շատ մարտական եք տրամադրված ու անպայման կկարողանաք մեդալ նվաճել: Ի՞նչը խանգարեց ավելի առաջ գնալ ու հայտնվել եզրափակչում:

Գրիգոր. Ուղղակի մրցակիցներն էլ շատ ուժեղ էին, գուցե, ավելի լավ պատրաստված, դրա համար էլ հաղթեցին:

Վալոդյա. Ես կիսաեզրափակչում տակտիկապես սխալ պատրաստվեցի, ռուս ըմբիշին ծանոթ էի, էլի էի զիջել նրան: Պետք է ուղղակի հետագայում ավելի լավ մարզվել ու կենտրոնանալ հատուկ մրցակիցների վրա: Միայն դրա շնորհիվ կկարողանանք փոխել մեդալների գույնը:
Գրիգոր Գրիգորյանը Գրիգոր Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Խոսենք նաեւ 3-րդ տեղի համար գոտեմարտերից, որտեղ երկուսդ էլ մեծ առավելությամբ հաղթեցիք: Ինչպե՞ս էինք տրամադրվում ու պատրաստվում այս որոշիչ դիմակայությանը:

Գրիգոր. Վերջին գոտեմարտն էր ու, բնականաբար, ավելի զգոն էինք, քանի որ արդեն մրցանակային տեղի համար էր կռիվ գնալու: Ամեն սխալը կարող էր մեդալի կորստի հանգեցնել: Տրամադրվել էի շատ լավ ու մեծ ցանկություն ունեի, որ հաղթանակն իմը լիներ:

Վալոդյա. Մի քանի ամիս առաջ թուրք ըմբիշին շատ արագ զիջել էի, չէի հասցրել այդ պարտությունն ընդունել ու անպայման ուզում էի հաղթել: Պետք էր 3-րդ տեղի համար գոտեմարտում վերջին ուժերը դնել:  Չէի սպասում, որ այդքան արագ կհաղթեմ՝ ընդամենը 1 րոպեում: Միշտ ցանկացած գոտեմարտից առաջ էլ պատրաստվում եմ գորգում 6 րոպե անցկացնել, որ շտապելուց չսխալվեմ: Բայց ամեն ինչ շատ ավելի լավ ստացվեց ու շուտ հաղթեցի:



-Մեդալից բացի ձեզ համար ուրիշ ինչո՞վ կհիշվի Եվրոպայի առաջնությունը:

Վալոդյա. Առաջին 2 օրը տղաները չէին կարողացել մեդալ նվաճել, թիմում մի տեսակ ընկճվածություն կար: Բոլորն էլ սիրտ ու հոգի էին դրել նախապատրաստական փուլում, բայց ոչինչ չէր ստացվում: Երբ մեզ հաջողվեց մեդալներ նվաճել, տրամադրությունը միանգամից փոխվեց:

-Մեդալն, անկասկած, նոր խթան կլինի, որ էլ ավելին պահանջեք ձեզնից ու առաջ գնաք: Ո՞րն է ձեր առջեւ դրված հաջորդ խնդիրը:

Գրիգոր. Մեդալը շատ է ոգեւորում, հաջորդ անգամ անպայման ձգտելու եմ չեմպիոն դառնալ: Հիմա նպատակս ԱԱ-ին պատրաստվելն է, այսօրվանից սկսած մինչեւ օգոստոսի վերջը դա է մեր առաջնային խնդիրը:

-Ինչպես բոլոր մարզիկները, դուք էլ անկասկած ցանկանում եք մասնակցել Օլիմպիական խաղերին: Վալոդյա, քո քաշային կարգն Օլիմպիական չէ, այդ ուղղությամբ ի՞նչ ես մտածում:

Վալոդյա. Օգոստոսին կայանալիք ԱԱ-ից հետո ըմբշամարտի ֆեդերացիայում համագումար կլինի, որից հետո էլ կսահմանվեն օլիմպիական քաշերը: Այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018-ի հունվարի 1-ից: Հնարավոր է Եվրոպայի կամ Հայաստանի առաջնությունում ոչ օլիմպիական քաշում մրցեմ, բայց խաղերից մեկ տարի առաջ կանցնեմ օլիմպիական քաշի, քանի որ ուզում եմ մասնակցել Օլիմպիադային:
Վալոդյա Ֆրանգուլյանը Վալոդյա Ֆրանգուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Երկուսդ էլ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեդալ նվաճել եք: Ինչո՞վ են այդ տարիքայինների մրցումներն իրարից տարբերվում:

Գրիգոր. Երիտասարդականում մրցակիցներն այդքան էլ ուժեղ չեն, մեծահասակներում ամեն ինչ շատ լուրջ է, պատասխանատվությունը մեծ, սխալվելու իրավունք էլ չունես: Տարբեր տարիքայինների պայքարում փորձ ու հմտություններ կուտակելով՝ պարտավոր ես դառնում ակնկալիքներն արդարացնել:

Վալոդյա. Երիտասարդների ըմբշամարտում թե դու, թե մրցակիցներդ ավելի շատ եք սխալվում, մեծահասակներում հիմնականում փորձառու ըմբիշներ են ու գիտակցում են սխալի արժեքը:

-Զգացվում է, որ հեշտ հարմարվեցիք թիմի գլխավոր մարզիչ Արմեն Մրտչյանին: Մի քանի ամսվա համատեղ աշխատանքից հետո արդեն մեդալներ ունեք:

Գրիգոր. Նա շատ փորձառու ըմբիշ է եղել, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերում էլ արծաթ է նվաճել: Նրա հսկայական փորձը մեզ շատ է օգնում: Մկրտչյանը պատմել է, որ Օլիմպիական խաղերի եզրափակչում սխալի արդյունքում է կորցրել ոսկե մեդալը: Խորհուրդ է տալիս, որ ձեռքից բաց չթողնենք մեր շանսն ու մինչեւ վերջ պայքարենք:

Վալոդյա. Միանգամից կարողացանք իրար հետ ընկերանալ, աշխատանքում էլ հեշտ հարմարվեցինք, Մկրտչյանի խորհուրդները միշտ օգնում են մեզ: Ճիշտ է, դեռ մի քանի ամիս է մեզ մարզում, բայց արդեն շատ լավ գիտի, թե ինչ է պետք թիմին: Նրա համար ամենամեծ ուրախությունն իր սաների հաջողություններն են:
Գրիգոր Գրիգորյանն ու Վալոդյա Ֆրանգուլյանը Գրիգոր Գրիգորյանն ու Վալոդյա Ֆրանգուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Դուք թիմակիցներ լինելուց բացի նաեւ ընկերներ եք: Ի՞նչն եք առաջին հերթին գնահատում իրար մեջ:

Վալոդյա. Շատ լավ ենք հասկանում իրար, սպորտից դուրս էլ մեր ընկերությունը շարունակվում է: Հավաքների ու մրցումների ժամանակ միշտ մի սենյակում ենք մնում, ավելի լավ գիտենք միմյանց: Ըմբշամարտը մի ուրիշ աշխարհ է, տեսնում ես, թե ընկերդ ինչպես է տանջվում, քաշ գցում, գիշերը հոգնածությունից չի կարողանում քնել կամ ինչպես է հաջողության հասնում, այդ ամենն իր հետ դու էլ ես վերապրում:

Գրիգոր. Վալոդյայի հետ նաեւ միասին ենք ծառայել, նույն օրը գնացել ենք բանակ, միասին էլ զորացրվել: Մինչ այժմ էլ շարունակում ենք ծառայել սպորտին (ծիծաղում են): Անընդհատ միասին ենք լինում, հարմարվել ենք իրար ու սովորել:

Վալոդյա. Պարապմունքներից հետո իմ էներգիան ավելի շատ է լինում, շուտ եմ վերականգնվում: Մեր շատախոսը ես եմ, բայց աշխատում եմ չխանգարել Գրիգորին, մանավանդ կարեւոր մրցումներից առաջ:

-Իսկ ինչպիսի՞ մարզիկներ եք, կբնութագրե՞ք միմյանց:

Վալոդյա. Թիմում կան ըմբիշներ, որոնց ոճն ինձ դուր է գալիս, դրանցից մեկը Գրիգորն է: Նա մինչեւ վերջ պայքարողներից է, իմ ընտանիքում նա երկրպագուներ ունի: Աշխատելու տեղ բոլորս էլ ունենք, մրցումներից հետո խոսում ենք, վերլուծում բացթողումները, կամ իրար ցույց տալիս այն հնարքները, որոնցից ուժեղ ենք:

Գրիգոր. Վալոդյայի հետ երիտասարդ տարիքից ենք գոտեմարտում, նա 2012 -ին երիտասարդների ԵԱ-ում ու ԱԱ-ում բրոնզե մեդալակիր դարձավ, մինչեւ 23 տարեկանների ԵԱ-ում հաղթեց: Շատ կամային մարզիկ է, լավ սպորտային բնավորություն ունի, բազմաթիվ տիտղոսակիր մրցակիցների է հաղթել:
Գրիգոր Գրիգորյանը Գրիգոր Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչպիսի՞ն է մեր ազատ ոճի հավաքականը ու որքանո՞վ է կարեւոր թիմում տիրող մթնոլորտն ու աջակցությունը:

Վալոդյա. Թիմում շատ լավ մթնոլորտ է, ինչը եւս խթանում է, որ հանգիստ լինենք ու կենտրոնանանք մեր աշխատանքի վրա: Բոլորը մի մարդու պես աշխատում ու օգնում են իրար: Բոլոր այն տղաները, որոնք ԵԱ-ին չեն մասնակցել, միշտ մեր կողքին են եղել, մեզ հետ մարզվելիս շատ զգույշ եղել, որ հանկարծ վնասվածք չստանանք: Երբ անհատական մարզաձեւերում նման թիմային աշխատանք է նկատվում, արդյունք էլ միշտ լինում է:

Գրիգոր. Բոլոր նրանք, ովքեր մեզ հետ տանջվել են, ճանապարհել են մեզ ԵԱ ու դիմավորել, նույնպես մեծ ներդրում ունեն այս ամենում: Առանց տղաների ու մարզիչների ոչինչ չէր ստացվի: Իրարից սովորելով ենք առաջ շարժվում:



-Իսկ ինչո՞ւ եք հենց ազատ ոճն ընտրել ու ինչո՞վ է այն ձեզ համար առանձնանում մնացած մարզաձեւերից:

Գրիգոր. Նախ մարմնամարզության եմ գնացել, սակայն մեծ տարիքում եմ սկսել սպորտով զբաղվել, այդ պատճառով էլ մարզիչս ինձ ազատ ոճի ըմբշամարտի է ուղարկել: Ազատ ոճը շատ եմ սիրում, դրանից բացի ոչ մի ուրիշ մարզաձեւ ոչ սիրում եմ, ոչ էլ՝ նայում:

Վալոդյա. Հայրս հունահռոմեական ոճով է զբաղվել, ու մեր տանն անընդհատ խոսել են ըմբշամարտի մասին: Որոշել էին, որ ես էլ պետք է զբաղվեմ հունահռոմեական ոճով, բայց ժամանակ չէր լինում, որ հայրս ինձ խմբակ տաներ: Մեր թաղամասում բոլորն ազատ ոճով էին պարապում, իմ ընկերներն էլ բացառություն չէին: Դպրոցը տանը մոտ էր ու մենակ կարող էի գնալ: Որոշվեց, որ որոշ ժամանակ կմարզվեմ, այնուհետեւ կտեղափոխվեմ հունահռոմեական ոճ: Բայց հետո ես չհամաձայնեցի, քանի շատ էի սիրում ազատ ոճը:
Վալոդյա Ֆրանգուլյանը Վալոդյա Ֆրանգուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Խոսենք մի քիչ նաեւ ձեր հետաքրքրությունների մասին: Ազատ ժամանակն ինչո՞վ եք սովորաբար լցնում:

Վալոդյա. Ֆիլմեր եմ դիտում, սիրում ենք ընկերներով քայլել կամ գնալ լողավազան, հիմնականում ակտիվ հանգիստ եմ ունենում: Կախված է օրվա տրամադրությունից ու մարզումների ծանրաբեռնվածությունից:

Գրիգոր. Ես էլ հիմնականում ընկերներիս հետ եմ լինում, տարբեր խաղեր ենք խաղում:

- Վալոդյա, դու շատ ակտիվ ես սոցցանցերում, գրեթե ամեն տեղ կաս: Իսկ ո՞րն ես նախընտրում:

Վոլոդյա. Facebook-ն է շատ հարմար նորություններ իմանալու համար, բացի այդ էլ ընկերներիս հետ եմ հաճախակի շփվում: Շատերն արտերկրում են ապրում ու տարբեր երկրներ ներկայացնում, տեղեկանում ենք իրարից կամ մրցաշարերի  հետեւում: Բացի այդ էլ սպորտային նորություններին եմ հետեւում: Բայց չափը երբեք չեմ անցնում, մրցումներից առաջ չեմ չարաշահում:
Գրիգոր Գրիգորյանն ու Վալոդյա Ֆրանգուլյանը Գրիգոր Գրիգորյանն ու Վալոդյա Ֆրանգուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Դու, Գրիգոր, վախենում ես ինքնաթիռներից:  Այդ դեպքում ինչպե՞ս ես կարողանում հաճախակի թռչել մրցումների կամ հավաքների:

Գրիգոր. Իսկապես, շատ եմ վախենում: Ճարահատյալ նստում եմ, չեմ կարող որեւէ բան անել, եթե մրցումները չլինեն, կնախընտրեմ մեքենայով շրջագայել: Աշխատում եմ հանգիստ լինել, որ չվախենամ, բայց դե միեւնույն է այդքան էլ չի ստացվում:

-Եվ վերջում տղաներ, առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք:

Գրիգոր. Մայիսի վերջին Երեւանում հավաք ունենք, որից հետո մրցաշարի ենք մասնակցելու Վրաստանում: Հետո նորից հավաք ու մրցումներ, այդպես շարունակ մինչեւ Աշխարհի առաջնություն:

Վոլոդյա. Մինչեւ օգոստոս որեւէ բանի մասին չենք էլ կարող մտածել, մեր հանգստի ժամանակն անցել է, սկսվել է նախապատրաստական շրջանը:

Գրիգոր Գրիգորյանի ու Վալոդյա Ֆրանգուլյանի հետ զրուցել են Գոհար Նալբանդյանն ու Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am