exclusive
272256 դիտում

Արթուր Պետրոսյան. Այս ծանր պահին չէի կարող երես թեքել հավաքականից

Արթուր Պետրոսյանը
Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Էմին Արիստակեսյան


Հայաստանի ազգային հավաքականի ղեկին ընդամենը մեկ հանդիպումը բավական եղավ, որ ֆուտբոլիստ ու ռմբարկու Արթուր Պետրոսյանին սիրեն նաեւ որպես գլխավոր մարզիչ:

Մեկնարկային խաղում նա հայ երկրպագուներին ֆուտբոլային հույս տվեց. 3 տարվա պարտություններից ու ձախողված փորձերից հետո օգնեց կրկին զգալ այդքան մոռացված հաղթանակի համը:

Mediamax Sport-ը հանդիպել ու զրուցել է Արթուր Պետրոսյանի հետ: Մարզիչը պատմել է հավաքականը գլխավորելու որոշման, իր ծրագրերի, առաջին քայլերի ու նախընտրած հանգստի մասին:

Իմ մեջ հավաքականն առաջ տանելու ուժ կա

-Պարոն Պետրոսյան, մեր հավաքականի ամենավառ ու սիրված խաղացողներից եք եղել: Երբեւէ մտածե՞լ եք, որ մի օր կարող եք հենց Դուք գլխավորել թիմը:

-Անպայման, բայց որ այսպես շուտ էր լինելու, չէի պատկերացնում: Կարծում էի, որ ակումբային ֆուտբոլում մի քանի տարի աշխատելուց հետո է գալու այդ պահը: Ամեն ինչ շատ արագ ստացվեց:

-Շատ ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում ստանձնեցիք այդ պաշտոնը: Ինչպե՞ս ընդունեցիք հավաքականը գլխավորելու հրավերը, հե՞շտ տրվեց Ձեզ այդ որոշումը:

-Երբ խոսեցի ՀՖՖ-ի նախագահի հետ, խնդրեցի 3-4 օր ժամանակ տալ ընտանիքիս հետ ամեն ինչ քննարկելու համար: Քանի որ Շվեյցարիայում եմ ապրում դա մեծ փոփոխություն էր լինելու ոչ միայն ֆուտբոլային, այլ նաեւ ընտանեկան կյանքում: 2-րդ օրը զանգահարեցի Ռուբեն Հայրապետյանին, արդեն որոշել էի, որ կաշխատեմ հավաքականում: Երկար տարիներ եղել եմ թիմի խաղացող ու այս ծանր պահին իրավունք չունեի հրաժարվելու նրանից: Գտնում էի, որ իմ մեջ ուժ կա հավաքականի հետ աշխատելու համար:

Արթուր Պետրոսյանը Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Էմին Արիստակեսյան


-Ձեր առաջին հանդիպումը ֆուտբոլիստների հետ արդեն որպես գլխավոր մարզիչ ինչպե՞ս կայացավ: Ի՞նչ ասացիք տղաներին ու տրամադրեցիք Մոնտենեգրոյի դեմ խաղին:

-Ֆուտբոլիստների 90 %-ին ճանաչում էի, Բեռնար Շալանդի հետ աշխատել էի հավաքականում: Ոչ մի արտառոց բան չեմ ասել նրանց: Մեզ համար ամենակարեւորն այն էր, որ հոգեբանական ծանր վիճակը կարողանայինք փոխել ու դրական լիցքեր հաղորդել: Կարծում եմ՝ ամեն ինչ ստացվեց:

-Նորամուտի խաղը հաջող ստացվեց: Հանդիպումից առաջ ի՞նչ մտավախություն ունեիք, սպասո՞ւմ էիք նման արդյունքի:

-Մտավախություն չկար, գիտեի, որ տղաները պատրաստ են: 0:2 հաշվի ժամանակ անհանգստություն կար, բայց ընդմիջման ժամանակ կարողացանք հանգիստ մնալ ու չնյարդայնանալ, որպեսզի տղաները կարողանային հանգիստ նախապատրաստվել 2-րդ խաղակեսին: Ես հավատում էի մեր ֆուտբոլիստների նվիրվածությանը, 4-5 օրերի ընթացքում նկատեցինք, թե դրական արդյունքի հասնելու ինչ մեծ ցանկություն ունեն նրանք:

Լուսանկարը` PAN Photo


 -Իսկ ո՞վ Ձեզ առաջինը շնորհավորեց այդ  հաղթանակից հետո:

-Երբ  3-րդ գոլից հետո այդ ցնծությունն ապրեցինք, ու մտա հանդերձարան, մի քանի րոպե անց մեզ միացավ Ռուբեն Հայրապետյանը: Նա շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց:

-Մամուլի ասուլիսի ժամանակ չկարողացաք պահել հուզմունքը, երեւի աննկարագրելի էին Ձեզ համար այդ ապրումները:

-Նման ապրումներ ունեցել էի 2003 թվականին Հյուսիսային Իռլանդիային հաղթելուց հետո: Այն ժամանակ էլ այսպիսի իրավիճակ էր, 3,5 տարի չէինք հաղթել, ու որոշիչ գոլի հեղինակը ես դարձա: Երեւի այդ նույն զգացողությունն ունեցա Մոնտենեգրոյի խաղից հետո, ուղղակի այլ կարգավիճակում:

Կայուն խաղը մեծ աշխատանք է պահանջում

-Մոնտենեգրոյի նկատմամբ տարած հաղթանակը չափազանց կարեւոր էր, սակայն հասկանում ենք, որ մեկ խաղով ոչինչ չի որոշվում: Առջեւում ընտրական մրցաշարի 2-րդ հատվածն է: Ինչի՞ վրա եք շեշտը դնելու 2017-ին:

-Հավաքականի մարզիչը ֆուտբոլիստների մարզումներին ամեն օր հետեւելու հնարավորություն չունի, դա, իհարկե, դժվարեցնում է գործը: Մշտապես պետք է հետեւել նրանց խաղին ու տեղյակ լինել մարզավիճակից: 2017-ին փորձելու ենք նաեւ այն լավ բաները, որոնք ցուցադրեցինք Մոնտենեգրոյի դեմ խաղում, ամրապնդել: Իսկ թերություններն ու սխալները, միանշանակ, ձգտելու ենք շտկել: Շատ կարեւոր է լինելու կայուն խաղ ցույց տալ, դրա համար շատ աշխատանք կպահանջվի:

-Որո՞նք են այդ թերությունեները:
 
-Այս խաղը կրկին ցույց տվեց մեր խնդիրները պաշտպանությունում: Նախորդ հանդիպումների հետ համեմատած առանընթաց կար, բայց քիչ չէին տակտիկական սխալները: Ճիշտ է, գնդակին ավելի շատ էինք տիրում, կարող էինք խաղին սրություն հաղորդել, բայց չարեցինք: Դրանք ժամանակի ընթացքում կուղղենք:

Լուսանկարը` PAN Photo


-Իսկ հարձակվողական ֆուտբոլ կտեսնե՞նք թիմի կատարմամբ, ինչն այդքան սիրում ու պահանջում են մեր երկրպագուները:

-2-րդ խաղակեսում հարձակվողական ֆուտբոլ էր, մոտ 61 % գնդակին մենք էինք տիրում, պրեսինգ էինք անում: Երբ անհրաժեշտ էր, ֆուտբոլիստներն առաջ էին գնում, պետք է պաշտպանության ու հարձակման ճիշտ բալանսը գտնել: Ժամանակակից ֆուտբոլում միայն հարձակվել կամ պաշտպանվել չկա, այն թիմը, որն ունի այդ երկուսի հավասարակշռությունը, նա էլ հաջողության է հասնում:

-Բեռնար Շալանդի հետ աշխատել եք հավաքականում, նոյեմբերի 11-ի խաղում նա տրիբունայում էր: Ի՞նչ ասաց հանդիպումից հետո:

-Երբ մամուլի ասուլիսից դուրս եկա, նա ինձ էր սպասում: Շալանդն, իսկապես, երջանիկ էր, շնորհավորեց ինձ ու ասաց, որ շատ ուրախ է թե իմ, թե թիմի համար:

-Ամեն մարզիչ իր հետ որոշակի փոփոխություն ու նորություն է բերում: Ինչպիսին՞ է լինելու Արթուր Պետրոսյանի գլխավորած հավաքականը:

-Իմ թիմում պետք է լինի լավ մթնոլորտ, նվիրվածություն ու աշխատելու մեծ ցանկություն:

-Իսկ ինչի՞ պակաս կար մեր թիմում, որը եկաք լրացնելու:

-Լեհաստանի դեմ խաղում էլ նվիրվածության պակաս չկար, բայց երբ եկա տղաների մոտ ընկճվածություն նկատեցի: Մարզչական շտաբով փորձեցինք դա վերացնել  կատակներով ու թեթեւ մթնոլորտով: Հավաքի առաջին 2 օրը ֆուտբոլիստները շատ քիչ էին խոսում թե դաշտում, թե դաշտից դուրս: Երբ նստում էինք ճաշելու, շատ հանգիստ էր լինում, ես ուզում էի, որ աշխուժություն տիրի: Արդեն 3-րդ օրվանից փոփոխությունը տեսանք, օր օրի մթնոլորտն ավելի անկաշկանդ դարձավ: Ինտեսիվ աշխատելու ենք, որ մեր մտահաղացումները կյանքի կոչենք:
Արթուր Պետրոսյանը Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Photolure


Ըմբշամարտից՝ ֆուտբոլ

-Եկեք հետ գնանք ու հիշենք ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանին: Դուք երկար տարիներ «Շիրակի» ու հավաքականի առաջատարն եք եղել: Ինչպե՞ս եք ընդհանրապես ընտրել ֆուտբոլն ու հայտնվել մարզադաշտում:

-Մինչեւ 10 տարեկանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի եմ գնացել, հետո մեր մարզիչը հեռացավ, ես էլ հիասթափվեցի ու սկսեցի ֆուտբոլով զբաղվել: Երկու եղբայրներս բռնցքամարտիկներ են, տնից մեկը պետք է ֆուտբոլով զբաղվեր: Փոփոխությունը շատ արագ եղավ, սկզբում պարզապես խաղում էի, հետո ընտրեցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի ուղին: Փաստորեն իմ տաղանդը ֆուտբոլում պետք է դրսեւորվեր: Գուցե, ըմբշամարտը շատ բան կորցրեց (ծիծաղում է):

-1990-ականները դժվար տարիներ էին Հայաստանի համար: Ֆուտբոլիստի համար ի՞նչ հիմնական խնդիրներ կային: Ինչպե՞ս էիք հաղթահարում վատ պայմանները:

-Ինչպես բոլոր գյումրեցիները, մենք էլ էինք տնակում ապրում, այդ ժամանակների համար դա սովորական երեւույթ էր: Ծանր տարիներ էին բոլորի համար, այնպես չէ, որ մյուսները շքեղ պայմաններում էին ապրում: Երկրաշարժից հետո շատ փոքր դաշտ ունեինք, ու հազիվ 1,5 ամիս էր անցել, մարզվողների թիվն անընդհատ ավելանում էր: Վաղվա օրվա նկատմամբ հավատն էր մեզ ուժ տալիս, մարդիկ հարազատներին էին կորցրել, մենք ողջ էինք ու հավատում էինք, որ լավ է լինելու:

- Հայաստանի հավաքականը նոր էր ձեւավորվել եւ շատ էին խնդիրները: Հիշո՞ւմ եք Ձեր նորամուտի խաղը եւ ի՞նչ էիք զգում:

- Դա տեղի ունեցավ Մոլդովայի դեմ խաղում: Փոխարինման դուրս եկա ու մեծ հպարտություն էի զգում: Իսկապես, շատ ուրախ էի, որ հանդես եմ գալիս հավաքականի կազմում: Իսկ խնդիրներ, անշուշտ, կային: Վերցնենք օրինակ մարզահագուստը. ամեն մեկս մի շապիկ էր հագնում, որովհետեւ միանման չունեինք: Իհարկե, շատ բան էինք ցանկանում, բայց այդ ժամանակ վիճակն այդպիսին էր: Կարծում եմ, երբ նոր գործ է սկսվում, դժվարություններն անխուսափելի են, պետք է աստիճանաբար առաջ շարժվել, չկորցնել հավատն ու միշտ պայքարել:

- Ո՞ր հանդիպումն է Արթուր Պետրոսյանի համար եղել ամենատպավորիչը:

- Երեւի, երբ խաղադաշտում հանդիպեցի Դիեգո Մարադոնային: Նա իմ ֆուտբոլային կուռքն է եղել ու հաճելի էր նրա դեմ խաղալ: Տպավորիչ էր նաեւ Հյուսիսային Իռլադիայի դեմ խաղը, որի մասին արդեն նշեցի:
Արթուր Պետրոսյանը Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Էմին Արիստակեսյան


Ես պարզապես ֆուտբոլիստ էի ու հանկարծ հայտնվել էի հակառակ կողմում

- Խոսենք Շվեյցարիայից, որտեղ Դուք մեկնեցիք որպես ֆուտբոլիստ, ապա անցաք մարզչական աշխատանքի:

- Շվեյցարիայում ես փորցաշրջանը հաջող անցա ու սկսեցի ելույթներս: 2004-ին, ցավոք, վնասվածքի պատճառով ավարտվեցի կարիերաս: Պայմանագիրս նախատեսում էր անցնել մարզչական աշխատանքի, եւ 2006-ից գլխավորեցի «Ցյուրիխի» պատանիների թիմը: Բոլոր փուլերն անցա, եւ դրանցից յունաքանչյուրն էլ հետաքրքիր էր: Գիտեք, երբ 14 տարեկանների հետ էի աշխատում, անսովոր էր ինձ համար: Մինչ այդ ես պարզապես ֆուտբոլիստ էի ու հանկարծ հայտնվել էի հակառակ կողմում, պետք է երեխաներին մարզեի: Բայց հետո ամեն ինչ տեղն ընկավ, կամաց-կամաց ես փորձ հավաքեցի, որն այսօր շատ է օգնում:

- Ի՞նչ տվեց  Ձեզ Շվեյցարիան, ի՞նչ սովորեցիք այնտեղ:

- Ճշտապահություն, մարդկանց հետ վարվելու հմտություն: Հայերը շատ տաքարյուն են, արագ մի բան են անում՝ հետո փոշմանում: Այնտեղ ես սովորեցի հանգստություն պահպանել ու սթափ գլխով հետեւություններ անել:

- Մարզչի համար կարեւո՞ր է արտոնագիր ստանալը, թե՞ ի ծնե է ամեն ինչ տրվում:

- Անպայման պետք է, ուսուցումը պարտադիր է: Մյուս կողմից էլ միայն գրածով չես կարող աշխատել, պետք է այդ ձիրքն ունենալ: Ֆուտբոլը զգալը կամ լինում է, կամ՝ ոչ:

- Ինչպիսի՞ն պետք է լինի  մարզիչը, որպեսզի կարողանա թիմ ղեկավարել:

-Պետք է պահպանի հանգստություն, չտրվի էմոցիաներին, ճիշտ վարվի ֆուտբոլիստների հետ: Նրանք բոլորն էլ տարբեր բնավորություն ունեն. մեկի հետ պետք է խիստ լինել, մյուսին քննադատել կամ խրախուսել: Մի խոսքով՝ անհատական մոտեցում ցույց տալ յուրաքանչյուրին:

- Դուք 11 գնդակով երկար ժամանակ հավաքականի լավագույն ռմբարկուն էիք: Սպասո՞ւմ էիք, որ Ձեր ռեկորդը կանցնի հենց Հենրիխ Մխիթարյանը:

- Եկեք անկեղծ լինենք, 11 գոլը մեծ թիվ չէ: Սպասում էի, որ այն գերազանցվելու է, ու ես առաջիններից էի, որ այդ առիթով շնորհավորեցի Հենրիխին: Հույս ունեմ, որ շատ տղաներ դեռ կանցնեն այդ ցուցանիշը:
Արթուր Պետրոսյանը Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Photolure


Սիրում եմ ազատ ժամանակս տանն անցկացնել

-Մարզչի աշխատանքը դժվար ու ծանրաբեռնված է, սակայն երբ ազատ ժամանակ եք ունենում, ինչո՞վ եք սիրում զբաղվել:

-Ընկերներիս եմ հանդիպում, ֆուտբոլ ենք խաղում կամ էլ գիրք եմ կարդում:

-Իսկ ի՞նչ գրքեր եք կարդում:

- Պատմական գրքեր եմ սիրում, երեւի առանձնացնեմ Րաֆֆու «Սամվելը»:

-Ո՞ր ֆիլմն է Ձեզ վրա մեծ տպավորություն թողել: 

- Ատոմ Էգոյանի «Արարատը» եւ «Լեգենդ համար 17»-ը:

-Դուք Գյումրիից եք, որտեղ հայտնի մարզիկների պակաս չկա: Նրանից ո՞ւմ հետ եք հատկապես մտերիմ:

-Եղբայրներս բռնցքամարտիկներ են, ու նրանց շնորհիվ ես էլ բռնցքամարտիկ ընկերներ ունեմ: Արթուր Ալեքսանյանի համար եմ շատ ուրախացել: Շատ հաճելի էր, որ ժամանակ գտավ ու այցելեց հավաքականին: Կարծում եմ, սա էլ հոգեբանական լիցք հաղորդեց տղաներին:

-Գյումրիում Ձեր սիրած վայրը:

-Տունը: Հավաքվում ենք բոլորով ու շատ լավ ժամանակ ենք անցկացնում: Ընդհանրապես սիրում եմ ազատ ժամանակս տանն անցկացնել:

Լուսանկարը` PAN Photo


-Ինչպիսի՞ն էր 2016 թվականն Արթուր Պետրոսյանի համար:

- «Ցյուրիխում» իմ թիմը երիտասարդ էր, մինչեւ վերջ պայքարում էինք առաջնությունից դուրս չմնալու համար, ինչը մեզ հաջողվեց: Հետո ՊՐՈ արտոնագրի դասընթացների էի մասնակցում, անընդհատ Հայաստան էի ժամանում: Եւ վերջում էլ դարձա հավաքականի գլխավոր մարզիչ: Այսպես կասեմ. տարին դժվար, բայց հաջողված էր:

- Իսկ 2017-ին ի՞նչ աշխատանքներ ունեք անելու:

-Պարապ մնալու ժամանակ հաստատ չենք ունենա: Եթե ստացվեց՝ փետրվարին ընկերական հանդիպում կունենանք, եթե ոչ՝ կմեկնեմ մեր ֆուտբոլիստների ակումբներ ու կհետեւեմ նրանց խաղերին, մարզումներին: Իրականում աշխատելու շատ տեղ ունենք ու պետք է անենք ամեն ինչ, որպեսզի լավ մոտենանք ընտրական հանդիպումներին:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am