exclusive
147870 դիտում

Արա Պողոսյան. Հայկական բասկետբոլն ապագա ունի

Արա Պողոսյանը
Արա Պողոսյանը

Լուսանկարը` http://rusarminfo.ru/


Հունիսի 1-ին Երեւանում մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի ազգային ընտրանու հավաքը: Հունիսի 28-ին թիմը կանցկացնի իր առաջին պաշտոնական հանդիպումը:

2011թ. Հայաստանի հավաքականը մասնակցել էր մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, թիմի կազմում ընդգրկվել էին սփյուռքահայ խաղացողներ: Այն ժամանակ թիմը զբաղեցրեց 6-րդ տեղը: 2015թ. մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը նույնպես մասնակցել էր սփյուռքահայ խաղացողներով համալրված Հայաստանի հավաքականը, որը զբաղեցրել էր 11-րդ տեղը:

Հայաստանի ազգային հավաքականը 2016թ. առաջին անգամ կմասնակցի Փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Բացի այդ, այս տարի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի աղջիկների երկու հավաքական՝ մինչեւ 20 եւ մինչեւ 18 տարեկանների: Երկուսի խաղացողներն էլ նույնպես Սփյուռքից են:

Առաջիկա ելույթների ու հայկական բասկետբոլի զարգացման հեռանկարների մասին Mediamax Sport-ը զրուցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանի հետ:

- Պարոն Պողոսյան, մենք երկար տարիներ սպասել ենք Հայաստանի ազգային հավաքականի ձեւավորմանը…

- Այո, եւ դա վերջապես տեղի ունեցավ: Հունիսի 1-ին ազգային հավաքականը հավաք է սկսել Երեւանում, իսկ հունիսի 28-ին կանցկացնի իր առաջին պաշտոնական հանդիպումը: Ինձ համար դա երազանք էր, որը դեռ մեկ տարի առաջ անիրական էր թվում: Ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել այս առթիվ:
 

Լուսանկարը` Facebook


- Ու՞մ է հաջողվել ընդգրկել հավաքականում:

- Թիմը հիմնականում կազմված է պրոֆեսիոնալ եւ NCAA-ի խաղացողներից: Պրոֆեսիոնալներից կարող եմ նշել Ամիրան Ամիրխանովին, Բրայանտ Դանսթոնին, Մայք Դանիելյանին, Կոնստանտին Միրզոյանցին: NCAA խաղացողներից՝ Արկադի Մկրտչյանին, Արտեմ Թավաքալյանին, Անդրե Սպայտին ու Միքայել Պողոսյանին:

Կան NCAA-ից խաղացողներ, ովքեր հայտավորվելու են թե՛ ազգային հավաքականում, եւ թե՛ մինչեւ 20 տարեկանների հավաքականում: Խոսքը, մասնավորապես, Կարեն Չիվիչյանի, Մեթյու Մադոյանի, Պյոտր Ստեփանյանցի մասին է: Նրանք բոլորն արժանի են ազգային հավաքականը ներկայացնելու, սակայն մենք չենք ցանկանա թուլացնել երիտասարդական հավաքականը, որի առջեւ այս տարի լուրջ նպատակներ են դրված: Հիմնական թիմի վերջնական կազմի մասին որոշումը կկայացվի հավաքների ընթացքում:

Ցավոք, մի քանի բարձրակարգ խաղացողներ տարբեր պատճառներով չեն ընդգրկվի հավաքականում: Նրանց թվում են Վիկտոր Հովսեփյանը, ով Բելառուսում է խաղում, ԱՄՆ-ում հանդես եկող Կրիս Յանկուն, Սասուն Աբրահամյանը Իրանից: Ամենայն հավանականությամբ, առաջնությունը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ռուսաստանում հանդես եկող Ալբերտ Թադեւոսյանը:

Հույս ունենք, որ մեզ կհասցնի միանալ Արկադի Մկրտչյանը: Նրա թիմն այժմ Չինաստանում մրցաշարի է մասնակցում: Անդրեյ Կոնստանտինովն ու Միքայել Պողոսյանը վերականգնվել են վնասվածքներից հետո, սակայն նրանց մարզավիճակի մասին կարող ենք դատել միայն հավաքի ընթացքում:

Թեեւ կորուստները բավականին լուրջ են, մենք մարտունակ եւ հայրենասեր թիմ ունենք: Եթե անցած տարի մինչեւ 20 տարեկանների հավաքական մենք մեծ դժվարությամբ հավաքեցինք, ապա այս տարի խաղացողներն իրենք են մեզ գտնում եւ առաջարկում պաշտպանել հայկական դրոշի գույները:

Ուզում եմ նշել, որ հայտնի ամերիկացի մարզիչ Ռեքս Քամալյանը, ով աշխատում է NBA-ում «Տորոնտո Ռապտորս» թիմի հետ, սկսել է համագործակցել ֆեդերացիայի հետ: Նա համաձայնել է հունիսի 15-ին ժամանել Երեւան եւ օգնել ազգային հավաքականի մարզումները կազմակերպելու հարցում:

- Բրայանտ Դանթսոնը շատ հայտնի է Եվրոպայում: Ինչպե՞ս ստացվեց, որ նա համաձայնեց ներկայացնել Հայաստանը:

- Իսկապես, Դանթսոնը Եվրոպայում լավագույն կենտրոնականներից է: Նա մարզական եւ բարեկամական կապեր ունի Եվրոպայի հայկական սփյուռքի հետ եւ ինքն է ցանկություն հայտնել ներկայացնել Հայաստանը: Մենք, իհարկե, մեծ ուրախությամբ նրան ներառեցինք մեր թիմում: FIBA-ն թույլ է տալիս հավաքականում ընդգրկել մեկ խաղացողի, որը ծննդով ՀՀ քաղաքացի չէ: Ինչ խոսք, դա մեծ հաջողություն է: Դանթսոնը մեզ ավելի ուշ կմիանա․ նրա թիմը դեռ մասնակցում է առաջնությունը:

- Հավաքականը մեկ ամիս լինելու է Երեւանում: Անցկացվելո՞ւ են արդյոք ստուգողական հանդիպումներ:

- Այո, իհարկե: Մենք մեկ-երկու խաղ կանցկացնենք երիտասարդական եւ ազգային հավաքականների միջեւ: Այդ ստուգողական հանդիպումների անցկացման օրերը մարզիչները կորոշեն մարզումների ընթացքում:

Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ պայմանավորվել ենք, որ նրանց ազգային եւ երիտասարդական հավաքականները հունիսի 20-ից 23-ը կգան Երեւան եւ մեզ հետ մրցաշար անցկացնեն: Նաեւ բանակցություններ ենք վարում ռուսաստանյան թիմերի հետ՝ Մոսկվայի հավաքականի եւ МБЛ-ի չեմպիոն «Ռոսնեֆտի» հետ:
 

Լուսանկարը` Facebook


- Այս տարի Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացնելու են 4 թիմեր: Հասկանալի է, որ դա ապահովելու համար հարկավոր է բազմաթիվ ֆինանսական եւ կազմակերպչական խնդիրներ լուծել: Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում:

- Ցավոք, հնարավոր հովանավորների հետ բանակցությունները դեռ ոչ մի արդյունք չեն տվել, բայց մենք սկսել ենք այս գործը եւ միտք չունենք հետ կանգնելու: Բասկետբոլի ֆեդերացիայի բյուջեն մեծ դժվարությամբ է բավականացնում զուտ ներքին առաջնությունների անցկացմանը: Երբեմն կարողանում ենք դրամաշնորհներ ստանալ, բայց դա, իհարկե, բավարար չէ:

Այս տարի ֆեդերացիային լուրջ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Օլիմպիական կոմիտեն: Հուսով ենք, մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը մենք կկարողանանք բասկետբոլի զարգացմամբ հետաքրքրված հովանավորներ գտնել: Սակայն նույնիսկ եթե դա տեղի չունենա, երաշխավորում ենք, որ անհրաժեշտ պատրաստությունները տեղի կունենան ողջ ծավալով:

Ինչ վերաբերում է կազմակերպչական կառուցվածքին, ապա խանդավառության ալիքի վրա մի թիմ է ձեւավորվել, որը շատ բաների է ընդունակ: Գրեթե բոլորն աշխատում են կամավորական սկզբունքով՝ գիտակցելով իրենց առջեւ դրված խնդրի կարեւորությունը: Ֆեդերացիայի ղեկավարությունը զգացել է, որ գտել է հաջողության ուղին, բոլորը մեծ ոգեւորություն են ապրում: Ուրախ ենք, որ մեզ միացել է եւ որպես անգային թիմի մարզիչ է աշխատում Տիգրան Գյոկչյանը: ԱՄՆ-ում մեծ աշխատանք է կատարել Արթուր Էլմոյանը: Կա Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իրանից մասնագետների խումբ, եւ նրանք մեծ ոգեւորությամբ մեզ օգնում են իրենց ուժերի չափով: Ֆեդերացիան ավելի ուժեղ եւ փորձառու է դառնում, միավորվում է մեր խնդիրները իրականացնելու համար:

- Իհարկե, կանխատեսում անելը անշնորհակալ գործ է, սակայն կցանկանայինք իմանալ, թե ի՞նչ նպատակներ են դրված Հայաստանի հավաքականի առջեւ:

- Ազգային հավաքականի կազմը թույլ է տալիս Փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը մրցանակային տեղ զբաղեցնել: Հուսանք, որ մեր խանդավառությունն ու ոգեւորությունը մեզ կօգնեն հաղթել այդ առաջնությունում: Բացի Հայաստանից առաջնությանը մասնակցելու են Իռլանդիան, Ուելսը, Մոլդովան, Մալթան, Անդորրան, Ջիբրալթարն ու Սան Մարինոն: Ի դեպ, Ադրբեջանը հրաժարվեց մասնակցությունից, երբ Հայաստանը հաստատեց իր մասնակցությունը:

Չէի ցանկանա առանձնացնել ազգային հավաքականը երիտասարդականից (U20) եւ պատանեկանից (U16), որոնք նույնպես պատրաստվելու են Եվրոպայի իրենց առաջնություններին: Մենք հատուկ բոլոր հավաքները միաժամանակ ենք կազմակերպել, որպեսզի միավորենք այդ գործընթացները, քանի որ U20 եւ U16 խաղացողները ազգային հավաքականի ապագա խաղացողներ են: Մարզիչները պետք է տեսնեն, թե ով կարող է ապագայում համալրել հավաքականի շարքերը:

Երիտասարդական հավաքականի նպատակն է ութնյակի մեջ մտնելը: Մենք լավ արդյունք ենք ակնկալում, սակայն հասկանում ենք, որ այս տարի մեր հակառակորդները շատ ուժեղ են՝ Ռուսաստանը, Խորվաթիան, Հունաստանը, Մոնտենեգրոն, Մակեդոնիան, Լեհաստանը… Բայց մենք էլ շատ մարտունակ թիմ ենք հավաքել:

Պատանեկան հավաքականը համալրվել է առանց Սփյուռքի խաղացողների ներգրավման, բայց բավականին մեծ փորձ ունի եւ լավ արդյունքի հույս է ներշնչում:

Այս տարի մենք շատ ուժեղ մինչեւ 18 տարեկան աղջիկների հավաքական ունենք, որի մեջ ներառվել են Ռուսաստանում եւ Սիրիայում խաղացող հայ բասկետբոլիստուհիներ: 

Մի խոսքով, մեզ թեժ եւ, հուսանք, հաջող ամառ է սպասում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am