Մայիս 07, 2024
12899 դիտում

Լյուբոսլավ Պենեւ. «Հայերը շատ վտանգավոր են, երբ նրանց թույլ են տալիս խաղալ»


Լյուբոսլավ Պենեւ
Լյուբոսլավ Պենեւ
Լյուբոսլավ Պենեւ
Լյուբոսլավ Պենեւ
Լյուբոսլավ Պենեւ
Լյուբոսլավ Պենեւ

Մեդիամաքս-ի բացառիկ հարցազրույցը Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւի հետ

- Ի՞նչ տրամադրություն է տիրում Բուլղարիայի ազգային հավաքականում ՖԻՖԱ-ի 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի նախաշեմին:

- Կարծում եմ, մենք պատրաստ ենք ընտրական փուլին: Մենք աշխատել ենք 8 ամիս  շարունակ` ես ու ֆուտբոլիստները... 4 ընկերական հանդիպում ենք անցկացրել եւ լավ ենք նախապատրաստված: Երբ դարձա հավաքականի մարզիչ, նպատակ ունեի թիմ կառուցել, որը կունենար պինդ հոգեբանություն, միշտ կխաղար հաղթելու համար,  պատրաստ կլիներ կռվելու ու հաղթելու, եւ կարծում եմ, ես քիչ թե շատ հասել եմ դրան: Բուլղարիան ոչ մի հանդիպում հեշտությամբ չի զիջելու, դա հաստատ:   

- Ի՞նչ հաջողությունների կարող է հասնել Բուլղարիան այս ընտրական փուլում:

- Չէի ցանկանա խոսել հեռու ապագայի մասին: Մենք պետք է մեր ազգային հավաքականի յուրաքանչյուր հանդիպման պատրաստվենք շատ մանրակրկիտ, հարգենք մրցակցին, միեւնույն ժամանակ, մտածենք մեր թույլ կողմերի մասին: Յուրաքանչյուր մրցաշրջան պարտավոր ենք շատ աշխատել սխալներն ուղղելու համար եւ զարգացնել մեր խաղաոճը:

- Ի՞նչ ոճի ֆուտբոլ է պետք սպասել Բուլղարիայի ազգային հավաքականից Իտալիայի եւ Հայաստանի դեմ մրցավեճերում: 

- Այն ժամանակ, երբ դեռ ֆուտբոլիստ էի, իմ համոզմունքն էր օգնել թիմիս ցանկացած ձեւով ագրեսիվ խաղալ եւ փորձել որքան հնարավոր է շատ գոլեր խփել: Այսօր էլ եմ այդ համոզմունքին: Հիմա ես մարզիչ եմ եւ հավատում եմ, որ կարգապահության, ինտելեկտի եւ ագրեսիվության միջոցով Բուլղարիան կարող է ստիպել ցանկացած մրցակցի տառապել: 

- Ինչպիսի՞ ն է Բ խումբը, եւ ու՞մ եք այստեղ համարում Ձեր ամենալուրջ մրցակիցը:


- Կոշտ խումբ է: Մրցակիցներից ոչ մեկը չպետք է թերագնահատվի: Սա այնպիսի խումբ է, որտեղ ամեն ինչ կարող է պատահել, բայց ես դրա վրա չեմ կենտրոնանում: Բուլղարիայի նպատակն է յուրաքանչյուր հանդիպմանը լավ ֆուտբոլ խաղալ եւ փորձել հաղթել: Խմբի ֆավորիտն, իհարկե, Իտալիան է: Բայց Չեխիան եւ Դանիան եւս մասնակցել են Եվրոպայի վերջին առաջնությանը:

- Բուլղարիայի առաջին հանդիպումն Իտալիայի ընտրանու դեմ  է: Ինչպիսի՞ն են այս խաղում Բուլղարիայի շանսերը: 

- Մենք ունենք մեկ մեծ առավելություն, եւ դա այն է, որ մենք այդ հանդիպումն անցկացնելու ենք սեփական հարկի տակ: Սոֆիայի Վասիլ Լեւսկու ստադիոնում Բուլղարիան կարող է հաղթել բոլորին: Իտալիան համարվում է աշխարհի լավագույն թիմերից մեկը, ուստի շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում (Բուլղարիա-Իտալիա հանդիպումը կայացել է սեպտեմբերի 7-ին եւ ավարտվել է 2-2 հաշվով): 

- Իսկ ի՞նչ եք ակնկալում սեպտեմբերի 11-ին Հայաստանի հետ խաղից:

- Հաղթանակ:

- Ի՞նչ գիտեք հայկական ֆուտբոլի մասին: Կառանձնացնեի՞ք որոշ ֆուտբոլիստների:

- Ես շատ լավ գիտեմ, թե ինչ ոճով է խաղում Հայաստանի ազգային հավաքականը: Նրանք խաղում են արագ ֆուտբոլ՝ հիմնված հակագրոհների վրա, եւ շատ վտանգավոր են, եթե նրանց թույլ եք տալիս խաղալ: Ես չէի ցանկանա որեւէ առանձին ֆուտբոլիստի անուն նշել, քանի որ Հայաստանը, ընդհանուր առմամբ, լավ թիմ է: 

-Ի՞նչ փոփոխություններ կան ընտրական փուլի մեկնարկին Բուլղարիայի ազգային հավաքականում:

- Մի քանիսն են, բայց հիմնականում միջազգային հանդիպումների փորձ ունեցող ֆուտբոլիստների փոփոխությունները քիչ են:

- Մենք կցանկանայինք նաեւ մեկնաբանություն ստանալ Դիմիտար Բերբատովի` Բուլղարիայի ազգային հավաքական վերադարձի հավանականության մասին: Հնարավո՞ր եք համարում, որ նա երբեւէ կվերադառնա:

- Այս թեման փակված է: Ես հրավիրել եմ Դիմիտարին վերադառնալ ու կրկին ազգային հավաքականի մաս կազմել, բայց նրա վերջնական որոշումն էր այլեւս երբեք չխաղալ հավաքականում: 

- Կանխատեսեք, խնդրեմ, թե խմբում ո՞ր հորիզոնականում կհայտնվի Բուլղարիայի ազգային հավաքականը ընտրական փուլի ավարտին:

- Դա դժվար հարց է: Ես ֆուտբոլային մարզիչ եմ, ոչ թե գուշակ:

Հատուկ Մեդիամաքս-ի համար Լյուբոսլավ Պենեւի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին