Ապրիլ 29, 2024
508 դիտում

Հովհաննիսյան. Չեխիայի նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակը մոռանալ չի լինի


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր երեկոյան տարվա 2-րդ հանդիպումն է անցկացնելու Պրահայում:

Չեխիայի դեմ կայանալիք ընկերական խաղից առաջ Հայաստանի ընտրանու պաշտպան Կամո Հովհաննիսյանը նշել է, որ իրենց բարդ հանդիպում է սպասվում, քանի որ մրցակիցը բավական ուժեղ է:

«Պատրաստվել ենք, ինչպես եւ մեր մյուս մրցակիցների դեմ խաղերին, արտասովոր ոչինչ չենք արել: Ուսումնասիրել ենք Չեխիային եւ գիտենք՝ որակով թիմ է եւ ուժեղ լիգաներում հանդես եկող բազմաթիվ ֆուտբոլիստներ ունի: Ֆիզիկապես ամուր եւ տակտիկապես գրագետ պատրաստված հավաքական է, մեզ բավական բարդ հանդիպում է սպասվում»,- նշել է պաշտպանը:

Չեխիայի դեմ խաղը Հովհաննիսյանի համար 80-րդն է լինելու հավաքականում: Խոստովանել է, որ նախօրեին ինքն էլ է հիշել 12 տարի առաջ թիմում ունեցած նորամուտն ու ջերմ պահեր ապրել. «Ամեն անգամ հաճելի լարվածություն եմ զգում, որովհետեւ նորից կրելու եմ հավաքականի մարզաշապիկը, որն ինձ համար ամենակարեւորն է: Հույս ունեմ՝ Չեխիայի դեմ խաղը վերջինը չի լինի ու էլի հանդիպումներ կանցկացնեմ»:

Հովհաննիսյանը վերհիշել է 2014 թվականի ԱԱ-ի ընտրական մրցաշարում հյուրընկալվելիս Չեխիայի ընտրանու նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակը: Ներկայիս հավաքականից խաղին մասնակցել է նաեւ Վարազդատ Հարոյանը:

«Այդ հանդիպումը մոռանալ չի լինի, այն շատ կարեւոր ու հաճելի էր: Գեւորգ Ղազարյանը վերջին րոպեներին գոլ խփեց ու մեզ հաղթանակ պարգեւեց: Ուրախ ու գոհ էին ցուցադրած խաղից ու արդյունքից: Բայց այս անգամ բոլորովին այլ հանդիպում է լինելու, որովհետեւ հավաքականն էլ բոլորովին այլ է: Կփորձենք լավ հանդես գալ ու դրական արդյունքի հասնել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին