Ապրիլ 29, 2024
903 դիտում

Նորից պարտություն. Տարվա առաջին խաղում Հայաստանի ընտրանին զիջեց Կոսովոյին


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարում անհաջող ելույթից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այս տարի առաջին հանդիպումն անցկացրեց Կոսովոյի դեմ։

Հորդառատ անձրեւից հետո Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայացած խաղն ավարտվեց հայերի նվազագույն հաշվով պարտությամբ։ Ի դեպ, այն Հայաստանի հավաքականի համար հոբելյանական էր՝ 250-րդը։

 

Հանդիպման մեկնարկային 10 րոպեների ընթացքում թիմերը միմյանց զգոնությունն էին ստուգում՝ մոտենում էին միմյանց դարպասներին, սակայն վտանգավոր հարվածներ կատարել չէին կարողանում։ 

Լուսանկարը` Photolure

Թեեւ ավելի շատ գրոհներ հայերն էին կազմակերպել, սակայն առաջինը 25-րդ րոպեին հաշիվը բացեց Կոսովոն՝ աչքի ընկավ Միլոտ Ռաշիցան։ Ապա 5 րոպե անց տուգանայինից շատ վտանգավոր հարվածեց Վալոն Բերիշան։ Հայաստանի գրոհները վերջնագծում սրություն չունեին եւ նպատակին չէին հասնում։

 

Առաջին կեսի ավարտին կարող էր պատասխան գնդակը խփել Վահան Բիչախչյանը, որի տուգանային հարվածը հետ մղեց դարպասապահ Արիյանետ Մուրիչը։

 

Երկրորդ խաղակեսից 5 րոպե անց էլ կարող էր աչքի ընկնել Լուկաս Սելարայանը, նրա հեռահար հուժկու հարվածը նորից որսաց դարպասապահը։ Ապա հեռվից հարվածեց Էդուարդ Սպերցյանը, այս անգամ գնդակը սլացավ դարպասաձողի կողքով։ Դրվագներից մեկում էլ հուսալի գործեց ու Հայաստանին գոլից փրկեց Ստանիսլավ Բուչնեւը։

Լուսանկարը` Photolure

Մինչեւ հանդիպման ավարտը հաշիվն այդպես էլ անփոփոխ մնաց, եւ Հայաստանի հավաքականն այս տարվա առաջին խաղում պարտությամբ մեկնարկեց։

 

4 օրից հայ ֆուտբոլիստներն ընկերական խաղում հյուրընկալվելու են Չեխիային։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին