Ապրիլ 29, 2024
934 դիտում

Արզումանյան. Վրաստանի ֆուտբոլային փորձն ուսումնասիրելը եւ հարցնելն ամոթ չէ


Լուսանկարը` անձնական արխիվից


Երեկ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս է եկել ԵՎՐՈ-2024-ի փլեյ-օֆֆի եզրափակիչ ու նրան մրցաշարի ուղեգիր նվաճելուց մեկ քայլ է բաժանում:

Այդ առիթով Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ու նշել, որ այդ հաջողությունն օրինաչափություն է: Նա համարում է, որ սովորելու համար պարտադիր չէ արեւմուտքի փորձն ուսումնասիրել, քանի որ Վրաստանն ավելի մոտ է:

«Հարցնելն ու ուսումնասիրելն ամոթ չէ, առավել եւս ունենք լավ հարաբերություններ։

Ձեզ եմ ներկայացնում վրացական ֆուտբոլի կերպարանափոխման որոշ հետաքրքիր մանրամասներ 5 փաստով։

1. 2015-ին վրացական ֆուտբոլի զարգացման համար հիմնադրամի բացում

Այն երկու մեծ խնդիր է լուծում՝ օգնություն ֆուտբոլային ակումբներին ու
ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացում ամբողջ երկրով մեկ: Ստացվում է մասնավորի ու պետականի յուրատեսակ համագործակցություն։

Հիմնադրամի շնորհիվ վերջին 9 տարվա ընթացքում պետության կողմից ներդրվել է 260 մլն դոլար։ Դրա շնորհիվ Վրաստանում ֆուտբոլն իրապես է մասսայականացվում։
Այս պահին ունեն 3 պրոֆեսիոնալ լիգա, որոնց մասնակցում է 23 բնակավայրի 32 ակումբ: Ինչպես նաեւ կա 2 սիրողական լիգա՝ ազգային եւ ռեգիոնալ։ Մեկ բառով՝ Վրաստանի առաջնությունը բաղկացած է 5 խմբից։

2. Լեգիոներների սահմանափակում

Մեկ մրցաշրջանի համար թիմի հայտացուցակում կարող է լինել 10-ից ոչ ավել լեգիոներ, ինչը նշանակում է, որ խաղադաշտում կարող են հանդես գալ միաժամանակ բոլոր 10 արտասահմանցիները, բայց վրացական թիմերը նախապատվությունը տալիս են տեղացի ֆուտբոլիստներին։

Այս պահին Բարձրագույն խմբի 10 թիմերը միասին ունեն 74 լեգիոներ, իսկ բոլոր ֆուտբոլիստների միջին տարիքը կազմում է 24,2:

3. Թբիլիսիի «Դինամո»-ն ու իր Ակադեմիան

Հավաքականներ եւ արտասահման ֆուտբոլիստներ մատակարարող գլխավոր դերակատարը «Դինամո»-ն է, չնայած նրան փորձում են մոտենալ նաեւ «Սաբուրթալո»-ն, «Լոկոմոտիվ»-ը, «Տորպեդո»-ն եւ Բաթումիի «Դինամո»-ն: Վերջինս բացել է նոր ակադեմիա, եւ երեխաների հետ աշխատելու համար հրավիրել արտասահմանցի բարձր որակավորում ունեցող մեթոդիստների։ Նաեւ ակադեմիայում մանկապատանեկան մարզիչների աշխատանքը դարձել է բարձր վարձատրվող, որը հասնում է մինչեւ 1500 դոլարի։

4. Ֆուտբոլիստների մասսայական տրանսֆերների իդականացում արտասահմանյան ակումբներ

Վրաստանից բազմաթիվ ֆուտբոլիստներ են վաճառվում: Առաջատարը «Դինամո»-ն է, որը միայն 2023-2024 տրանսֆերային պատուհանների ընթացքում ունեցել է 3,9 մլն եվրոյի չափով վաճառք, իսկ բոլոր ակումբները միասին 12 ֆուտբոլիստի համար ստացել են 6 մլն եվրո։

Վերջին 7 տարում 17 մլն եվրոյից ավել գումարով վաճառել են 40 ֆուտբոլիստի, որն իր մեջ չի ներառում Բաթումիի «Դինամո»-ից «Նապոլի» Խվիչա Կվարացխելիայի տեղափոխությունը:  

Այստեղ շատ կարեւոր դեր է խաղում հիմնադրամը՝ խրախուսելով ֆուտբոլիստի վաճառքն արտասահման։ Եթե ակումբը պայմանականորեն ֆուտբոլիստին վաճառում է 1 մլն եվրոյով, հիմնադրամը նրան տալիս է եւս 1 մլն: Եւ այս քաղաքականության արդյունքում ունեն արտասահմանում հանդես եկող բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնցից ոչ բոլորն են հրավիրվում հավաքական։

Մի քանի վառ անուններ, ովքեր վրացական ֆուտբոլի սաներ են՝

1. Խվիչա Կվարացխելիա- 23 տ., «Նապոլի» (Իտալիա), 80 մլն եվրո
2. Գիորգի Մամարդաշվիլի- 23տ., «Վալենսիա» (Իսպանիա), 35 մլն
3. Օթարի Կիտեիշվիլի- 27 տ. «Շտուրմ» (Ավստրիա), 3 մլն
4. Զուրիկո Դավիթաշվիլի- 23 տ., «Բորդո» (Ֆրանսիա), 2,5 մլն
5. Գիորգի Չակվետաձե- 24 տ., «Ուոտֆորդ» (Անգլիա), 2,5 մլն
6. Գիորգի Գոչոլեիշվիլի- 23 տ., «Շախտյոր» (Ուկրաինա), 2,5 մլն
7. Լուկա Գագնիձե- 21 տ., «Դինամո» (Ռուսաստան), 2 մլն

Կան շատ այլ անուններ եւս։ Եվ հաշվի առնենք, որ Վրաստանը չունի այնպիսի Սփյուռք, ինչպիսին մենք ունենք:

5. Վրաստանի երիտասարդական հավաքական

Այն երիտասարդական ԵՎՐՈ-2023-ում հասավ մինչեւ 1/4 եզրափակիչ, որտեղ 11 մ հարվածաշարով պարտվեց Իսրայելին, 1/8 եզրափակչում հաղթել էր Հոլանդիային։ Ավելացնեմ, որ մրցաշարին չէր մասնակցում գլխավոր աստղը՝ Կվարացխելիան։

Վստահ եմ մենք եւս հաստատապես ունենալու ենք վառ ֆուտբոլ եւ անհատականություններ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին