Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ ու խոսել ինչպես իր հրաժարականից, այնպես էլ մի շարք այլ հարցերից:
***
Օրեր առաջ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, փորձում են պարզել Հայաստանի առաջին խմբի 2017-2018 թթ.-ի մրցաշրջանի «Լոռի»-«Էրեբունի» հանդիպման կազմակերպիչներին ու մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները:
ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն ու ՀՖՖ-ն համատեղ միշտ էլ աշխատանքներ են տանում տոտալիզատորների դեմ: Գրությունն ուղարկվել է, եւ ֆուտբոլի ֆեդերացիան, ոչ թե Ռուբեն Հայրապետյանը, ներկայացրել է այն քննչական կոմիտե: Մնացածը չեմ մեկնաբանի, որովհետեւ դա խիստ գաղտի է:
***
Մեր հիմնական ներդրումները վերջին տարիներին կատարել ենք մարզերում, դաշտեր ու ակադեմիաներ ենք կառուցել, որ երեխաների թիվն ավելանա, որպեսզի կարողանանք նաեւ որակ ապահովել: Սակայն ընդհանուր առմամբ դաշտերի պակաս դեռ ունենք, Երեւանի ակադեմիան 11 դաշտ ունի, բայց էլի քիչ է: Նույն պատկերն է նաեւ Վանաձորում եւ Գյումրիում:
***
«Ավան ակադեմիա» ակումբը ձեռք է բերել Սամվել Կարապետյանը եւ Հայաստանի Առաջին խմբում թիմը հանդես է գալու «Արարատ-Մոսկվա» անվամբ: Թիմը միանգամից չի կարող հայտնվել եվրոպական առաջնություններում: Առաջին խմբից նախ պետք է դուրս գա Բարձրագույն խումբ, հետո այնտեղ մրցանակային տեղ գրավի:
***
Արցախում մեծ աշխատանքներ ենք կատարում, ստեղծվում են ենթակառուցվածքներ, որպեսզի ֆուտբոլն այստեղ զարգանա: Արցախի պատանեկան թիմը խաղում է Հայաստանի առաջնությունում: Ուզում եմ, որ մոտ ապագայում այնտեղ փոքրիկ առաջնություն ընթանա:
***
Արգենտինացի մասնագետների հետ ենք համագործակցում, որոնց հետ նախորդ տարեվերջին արդեն հստակեցրել ենք ծրագրերը: Այս ամիս նրանք կժամանեն Հայաստան ու կսկսեն աշխատել պատանեկան հավաքականների հետ: Կարծում եմ, որ լավ աշխատանք կկատարվի, ու մենք մինչեւ 21 տարեկանների ու ազգային հավաքականներում լավ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ունենանք:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: