Ապրիլ 26, 2024
6928 դիտում

Մխիթարյան. Շատ աշխատեցի, ստացա հնարավորություն եւ օգտվեցի դրանից


Լուսանկարը` Pan Photo


2016 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը 6-րդ տարին անընդմեջ արժանացավ Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանն այժմ Երեւանում է ու հավաքականի հետ պատրաստվում է մարտի 26-ին կայանալիք Ղազախստանի դեմ հանդիպմանը:

Ուրախ եմ, որ կրկին հաղթեցի այս անվանակարգում, սա հետագայում ավելի մեծ ուժ կտա ինձ:

Ես միշտ էլ ասել եմ, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալը մեծ պատիվ է, բայց իմ առաջնային նպատակը չէ: Ես ավելի մեծ նպատակներ ունեմ ու շարժվում եմ առաջ:

Կարեւորը ես գործ անեմ իմ երկրի համար, Հայաստան անունը ճանաչելի դարձնեմ ամբողջ աշխարհում: Իսկ դրա համար մեծ ուշադրություն եմ դարձնում իմ խաղին, անում ամեն ինչ, որպեսզի լավ հանդիպումներ անցկացնեմ:

Անգլիայի առաջնության «Միդլսբրոյի» հետ խաղը բաց թողեցի, որովհետեւ փոքր վնասվածք ունեի: Մարզչի հետ որոշեցինք, որ ավելի լավ է չխաղամ, որպեսզի այն չխորացնեմ: Հիմա ինձ շատ լավ եմ զգում, կարծում եմ, որ Ղազախստանի խաղին 100 տոկոսով պատրաստ կլինեմ:

Առաջիկա հանդիպմանը լավ ենք պատրաստվում, բոլորս էլ գիտենք այս խաղի արժեքը: Պետք է մեզ լավագույնս դրսեւորենք ու խաղանք հաղթանակի համար:

Ցանկացած խաղում էլ մեր հավաքականը նվիրվում է, լինում են անհաջող հանդիպումներ, սակայն մենք միշտ էլ խաղադաշտ ենք դուրս գալիս հաղթանակի համար:

Հեշտ մրցակից չի լինում, դրա համար պետք է պատրաստ լինենք ու լավ ուսումնասիրած: Ղազախստանին դեռ ամբողջովին չենք ուսումնասիրել, ժամանակ ունենք, եւ մարզիչը մեզ ամեն ինչ կներկայացնի:

Երիտասարդներն են մեր հավաքականի ապագան: Ազգային ընտրանին այն տարիքն է հասել, որ երիտասարդները պետք է կամաց-կամաց ընդգրկվեն թիմում, մեզ ասեն, որ այստեղ ենք ու ամեն պահի կարող ենք փոխարինել ձեզ:

Առանց դժվարության այս կյանքը ոչնչի պետք չէ, ցանկացած մարդ պետք է պատրաստ լինի դիմակայել դրան: Ես նույնպես անցա դժվարության միջով, շատ աշխատեցի, ստացա իմ հնարավորությունն ու օգտվեցի դրանից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին