Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես միացել է Գյումրու անօթեւաններին բնակարանով ապահովելու բարեգործական աճուրդին:
Մարտի 19-ին կայանալիք աճուրդին ֆուտբոլիստը տրամադրել է իր ստորագրությամբ «Բորուսիայի» մարզաշապիկը:
Ֆուտբոլիստի մայրը`Մարինա Թաշչյանը, Mediamax Sport-ին շապիկը փոխանցելիս հույս է հայտնել, որ աճուրդը հաջող կանցնի, ու կազմակերպիչները կկարողանան հավաքել անհրաժեշտ գումարը:
Ավելի վաղ, մարզաշխարհից բարեգործական աճուրդին միացել էին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը, Օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ու Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, Աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:
Աճուրդի ժամանակ վաճառվելու է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մարզաշապիկը, Յուրի Ջորկաեֆի, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների, Հենրիխ Մխիթարյանի, Խորեն Հովհաննիսյանի ու Սերգեյ Բոնդարենկոյի ստորագրությամբ գնդակներ, Ռուդ վան Նիստելրոյի, Կլարենս Զեեդորֆի, Ջենարո Գատուզոյի մակագրությամբ իրենց լուսանկարները, ինչպես նաեւ «Բարսելոնայի» դրոշը, որի վրա ստորագրել են մոտ 10 ֆուտբոլիստներ՝ Լիոնել Մեսսին, Տիերի Անրին, Չավին, Ինյեստան, Պույոլը, ինչպես նաեւ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: