Ապրիլ 29, 2024
1376 դիտում

Աղամալյան. Հայաստանի առաջնության պայքարից ու տղաների մարզավիճակից գոհ եմ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր «Դինամո» մարզադահլիճում կայացած Հայաստանի բռնցքամարտի առաջնության ավարտից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփել է արդյունքներն ու խոսել ծավալված պայքարի մասին:



Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ մի քանի նոր անուններ է բացահայտել, բայց այս Օլիմպիական ցիկլում նրանք չեն հասցնի իրենց դրսեւորել:

«Ընդհանուր առմամբ մասնակից տղաների վիճակից գոհ եմ: Որոշ մարզիչներ խնդրել էին առաջնությունից առաջ հավաք անցկացնել, քանի որ ոչ բոլորն իրենց մարզադահլիճներում սպարինգ մրցակիցներ ունեն, սակայն հրաժարվեցի, քանի որ բոլորն էլ պետք է առաջնությանը հավասար պայմաններում պատրաստվեն: Երեւաց, որ ընդհանուր առմամբ վատ չէին պատրաստվել, սակայն պետք էլ չէր, որ առաջատարները գերազանց մարզավիճակում լինեն, քանի որ մեկ ամսից Իտալիայում մասնակցելու են վարկանշային մրցաշարի»,- ընդգծել է Աղամալյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջնության մասնակցությունից ազատված են եղել Հովհաննես Բաչկովը՝ ձեռքի վնասվածքի պատճառով, Նարեկ Մանասյանը՝ թոքաբորբի, եւ Ռուդոլֆ Գարբոյանը: Նրա խոսքով՝ փետրվարի 29-ից մարտի 12-ն իտալական Բուստո Արսիզիո քաղաքում կայանալիք առաջին վարկանշային մրցաշարին Հովհաննես Բաչկովն, ամենայն հավանականությամբ, մասնակցել չի հասցի, եւ ելույթ կունենա Հայաստանի չեմպիոն Նարեկ Հովհաննիսյանը:

«Թեեւ Բաչկովն այդ քաշային կարգում առաջատար է, սակայն ամեն ինչ պետք է մարդկային լինի: Կուրախանանք, եթե Հովհաննիսյանն ուղեգիր ապահովի, բայց եթե չստացվի, հաջորդին կմեկնի Բաչկովը: Մյուսների դեպքում էլ այնպես կանենք, որ նախ չեմպիոնները ելույթ ունենան, բայց եթե անհաջող մասնակցեն, մյուս տղաներին շանս կտանք»,- ավելացրել է Աղամալյանը:

Հունվարի 29-ից բռնցքամարտի հավաքականը երկշաբաթյա հավաք կանցկացնի Ծաղկաձորում, ապա մարզումները կշարունակի Երեւանում: Թիմին կմիանան նաեւ Իրանի ընտրանին, որը համալրված կլինի միայն Օլիմպիական քաշային կարգի մարզիկներով: Նրանց հետ մրցաշարից 10 օր առաջ հայ բռնցքամարտիկները սպարինգ մենամարտեր կանցկացնեն:

Վարկանշային մրցաշարերից բացի Հայաստանի հավաքականն ապրիլի 2-15-ն էլ ելույթ կունենա Եվրոպայի առաջնությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին