Մայիս 03, 2024
1256 դիտում

Ամենատիտղոսակիր եւ ամուր զույգը. Անդրե Աղասի ու Շտեֆի Գրաֆ


Լուսանկարը` People

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` WTA

Լուսանկարը` People

Լուսանկարը` People

Լուսանկարը` People

Լուսանկարը` People

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` People

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` eurosport


Թենիսիստներ Անդրե Աղասիի ու Շտեֆի Գրաֆի միությունը համարվում է ոչ միայն ամենաամուրներից մեկը, այլ նաեւ՝ ամենատիտղոսակիրը: Միասին նրանք Մեծ Սաղավարտի մրցումներում 30 հաղթանակ են գրանցել:

Աղասին ATP-ում անցկացրած մրցաշարերում 60 տիտղոս է նվաճել, 8 անգամ հաղթել Մեծ Սաղավարտում՝ 4 անգամ Ավստրալիայի բաց առաջնությունում, մեկական անգամ՝ «Գոլան Ռարոս»-ում ու Ուիմբլդոնում, երկու՝ US Open-ում: 1996-ին նա դարձել է նաեւ Ատլանտայում կայացած Օլիմպիական խաղերի հաղթող: Աղասին թենիսի պատմության առաջին տղամարդ խաղացողն է, ով տիրացել է «Ոսկե Մեծ Սաղավարտի»: Նա կարիերայի ընթացքում 101 շաբաթ առաջին ռակետն է եղել ու վաստակել 31 մլն դոլարից ավելի գումար:

Լուսանկարը` ATP


Շտեֆի Գրաֆը WTA-ում նվաճած 107 տիտղոս ու նույնպես «Ոսկե Մեծ Սաղավարտ» ունի: Ընդ որում՝ մեկ տարում դարձել է եւ 4 Մեծ Սաղավարտի հաղթող, եւ ոսկե մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում՝ այդ պատմական նվաճումն իրեն ենթարկվելով 1988-ին: Գրաֆը 22 տիտղոս ունի մեծ Սաղավարտում՝ 4 անգամ լավագույնն է եղել Ավստրալիայում, 6՝ «Ռոլան Գարոս»-ում, 7՝ Ուիմբլդոնում, 5՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում: Մեկ Սաղավարտ էլ նվաճել է Գաբրիելա Սաբատինիի հետ զուգախաղում: 4 անգամ եղել է WTA-ի ամփոփիչ մրցաշարի հաղթող, 8 անգամ տարին ավարտել առաջին ռակետի կարգավիճակում եւ առաջատար եղել 377 շաբաթ: Կարիերայի ընթացքում վաստակել է մոտ 22 մլն դոլար:

Լուսանկարը` WTA


Սակայն այս պատմությունը բնավ էլ թենիսիստների նվաճումների մասին չէ, այլ յուրահատուկ սիրո եւ ընտանիքի:

Ծանոթությունը

Աղասին ու Գրաֆը ծանոթացել են 1992 թվականին՝ Ուիմբլդոնի մրցաշարից հետո: Նախկինում ավանդույթ կար, որ տղամարդկանց ու կանանց մրցաշարերի հաղթողները պետք է միասին պարեին, սակայն հենց այդ մրցաշրջանում այն չեղարկեցին: Աղասին այդ ամենի պատճառով շատ էր տխրել, քանի որ երազում էր պարել թենիսիստուհու հետ: Նա վաղուց էր հեռուստացույցով տեսել ու հավանել բարձրահասակ գերմանուհուն, եւ այդքան սպասելուց հետո ստիպված էր բավարարվել նրա հետ միայն ծանոթանալով:

Ու միայն 1999-ին Աղասին համարձակություն հավաքեց եւ առաջին քայլն արեց: Այդ ժամանակ դարձել էր «Ռոլան Գարոս»-ի հաղթող ու հավաքել բոլոր Սաղավարտները: Մեծ դժվարությամբ էր գտել Շտեֆիի հեռախոսահամարը, սակայն հետո կորցրել այն: Հիշելով դժվարությամբ վերականգնեց ու զանգահարեց, ինչիս հետո սկսեցին շփվել: Իր «Անկեղծ» ինքնակենսագրական գրքում Աղասին նկարագրել է բոլոր այն հույզերը, վախերն ու անհանգստությունները, որ ունեցել է զանգը կատարելուց առաջ: Նա կատակով գրել է, որ անգամ դաշնակից երկրներն այնքան մանրամասն ծրագիր չեն մշակել համաշխարհային պատերազմում Գերմանիային կասեցնելու համար, որքան ինքը՝ Շտեֆիի սիրտը նվաճելու նպատակով:

Լուսանկարը` People


Թեեւ այդ ժամանակ Գրաֆը միայնակ չէր ու ընկեր ուներ՝ հանդիպում էր «Ֆորմուլա 1»-ի արշավորդ Միխայիլ Բարտելսոնի հետ, սակայն Աղասիի համառությունն ու զգացմունքները հալեցրել են նրա սիրտը: Բաժանումն առանց սկանդալի չի եղել, արշավորդը շատ ծանր է տարել այդ հանգամանքն ու որոշել վրեժխնդիր լինել, թեեւ ինքն էլ պարբերաբար հանդիպել է այլ կանանց հետ ու դավաճանել Գրաֆին:

Սրտակեր Աղասին

Աղասիի համբավը միայն թենիսի շնորհիվ չէր տարածված, նա նաեւ հայտնի սրտակեր էր ու հանդիպել է բազմաթիվ կանանց հետ, որոնց թվում էին դերասանուհիներ Բարբրա Ստրեյզանդն ու Բրուք Շիլդսը՝ ամուսնացած են եղել 2 տարի, եւ իր մանկության ընկերուհի Վենդի Սթյուարտը: Շիլդսն անգամ խոստովանել է՝ ցանկանում էր Գրաֆի պես երկար ոտքեր ունենալ, իսկ Սթյուարտը նշել, որ 1992-ի Ուիմբլդոնը Աղասին հենց թենիսիստուհու սիրտը շահելու համար է հաղթել: Եվ դա այդքան էլ հեռու չէր ճշմարտությունից:

«Այնքան էի լսել չեմպիոնների պարի մասին, որ ինքս էլ անհամբերությամբ էի սպասում դրան: Խելագարվում եմ Շտեֆիի համար հենց այն պահից սկսած, երբ ֆրանսիական ալիքին տված նրա հարցազրույցը դիտեցի: Հիացած էի նրա անբացատրելի նրբանկատությունից ու բնական գեղեցկությունից: Նրա մեջ նկատվում էին բարոյականություն, բարություն ու այն արժանապատվությունը, որը մեր օրերում հազվադեպ կհանդիպես: Ու ինձ թվաց, որ մի քանի վայրկյանով նրա գլխավերեւում լուսապսակ տեսա: Նախորդ տարվա Ֆրանսիայի բաց առաջնությունում փորձել էի հետը կապ հաստատել, բայց չէր պատասխանել: Ու հիմա չեմ դիմանում, թե երբ եմ նրա պետք պտույտներ անելու պարահրապարակում, եւ թքած, որ պարել չգիտեմ»- գրքում խոստովանել է նա:

Լուսանկարը` People


7 տարի շարունակ Շտեֆին նրա համար շարունակում էր անհասանելի երազանք մնալ, մինչեւ որ 1999-ին մեծ դժվարությամբ հաղթեց իր առաջին «Ռոլան Գարոս»-ում: Աղասին գավաթը համեմատում էր անհասանելի թվացող Գրաֆի հետ, ու երբ նրան տիրացավ, մնում էր նվաճել նաեւ թենիսիստուհուն:

Գրաֆին առաջին հերթին Աղասիի ազնվությունն է դուր եկել, քանի որ նրան խոստովանել է արգելված նյութեր օգտագործելու հետ կապված խնդիրների մասին: Դրա հետ մեկտեղ Աղասին անսահման հարգանք ու համբերատարություն էր ցուցաբերում, եւ Գրաֆը որոշեց նրան հնարավորություն տալ:

Միասին ֆիլմեր էին դիտում, ընդ որում՝ ճաշակներն այդ հարցում համընկնում էին, վազում էին լողափին ու վերջապես հասկացան, որ չեն կարող ապրել առանց իրար:

1999-ին Գրաֆը ժամանեց Նյու Յորք՝ ԱՄՆ-ի բաց առաջնությանը, սակայն ոչ մասնակցի կարգավիճակով, այդ տարի արդեն ավատել էր կարիերան, այլ Աղասիին աջակցելու համար: Թեեւ փորձում էր գլխարկի օգնությամբ դեմքը թաքցնել եւ տրիբունայի վերեւի հատվածում էր նստել, սակայն հայտնվեց կադրում: Հենց այդ եզրափակչից առաջ էր Գրաֆն Աղասիին հայտնել, որ բաժանվել է Բարտելսոնից: Հավանաբար, նաեւ դա օգնեց հաղթանակ գրանցել, ինչից հետո սկսեցին այլեւս չթաքցնել իրենց հարաբերությունները:

«Այդպես էլ չհասկացա, թե նա ինչ է գտել իմ մեջ, բայց, հավանաբար, որեւէ բան ամեն դեպքում գտել է: Դեռ չեմ հանդիպել որեւէ կնոջ, որը Շտեֆիի պես քաղցր շուրթեր ունենա»,- ասել է Աղասին:

Լուսանկարը` People


Հարսանիքը

Զույգն ամուսնացավ 2001 թվականին, Գրաֆն այդ ժամանակ հղիության վերջին ամսում էր: Արարողությանը ներկա էին միայն նրանց մայրիկները:

«Երկուսով կանգնած ենք ճակատագրի դիմաց՝ բոբիկ ու ջինսերով: Հարսանեկան մատանիների փոխարեն՝ արմավենու մանրաթելից պարաններ, որով ես ամրացրել եմ նրանից ստացած առաջին բացիկը: Այդ զուգադիպությունն, ի դեպ, նկատել ենք ավելի ուշ: Դատավորը շատ արագ ասաց բոլոր պաշտոնական խոսքերը, ու մենք Շտեֆիի հետ պատրաստվում ենք «այո» ասել այն պահին, երբ աշխատողները փորձում են կարգի բերել մեր տան դիմացի խոտածածկը: Դուրս եմ թռչում տանից ու նրանց խնդրում 5 րոպեով անջատել աղմկոտ սարքերն ու մեզ թույլ տալ ամուսնանալ: Նրանք ներողություն են խնդրում: Դատավորն ասում է. «… ինձ տրված իշխանությամբ …», ու վերջապես մեր մայրերի եւ 3 աշխատակիցների ներկայությամբ Շտեֆի Գրաֆը դառնում է Շտեֆի Աղասի»,-գրքում այդպես է նկարագրել թենիսիստը:

Հարսանիքից շաբաթներ անց ծնվեց նրանց որդին՝ Ջադեն Ջիլը: Աղասին հույզերից տեղը չէր գտնում՝ նա հայր էր ու նաեւ սեփական մարզադպրոցի մարզչի դերում:

Լուսանկարը` ATP


«Ծննդատանը բժիշկը որդուս դրեց ձեռքերիս մեջ, լրիվ շթոփված եմ: Այնքան եմ սիրում նրան, որ սիրտս պատրաստ է պայթել, ասեք՝ հասած միրգ լինի: Չեմ դիմանում, թե երբ եմ նրան ավելի մանրամասն ուսումնասիրելու: Բայց միեւնույն ժամանակ էլ բազում հարցեր ունեմ՝ ո՞վ է այս հիանալի հյուրը, պատրա՞ստ ենք Շտեֆիի հետ մեր տանն ընդունել այս անծանոթին: Ինքս էլ ինձ անծանոթ եմ թվում, փորձելով հասկանալ, թե ո՞վ եմ լինելու որդուս համար: Կսիրի՞ ինձ արդյոք:

Ջադենին տուն ենք բերում, ու ես ժամերով նայում եմ նրան: Ինձ հետաքրքիր է, թե ով է նա, որտեղից է եկել ու ինչպիսին է լինելու: Ինձ հարցնում եմ ինչպես դառնալ նրա համար այն ամենը, ինչի կարիքն ինքս եմ ունեցել, բայց այդպես էլ չեմ կարողացել ստանալ: Ուզում եմ աստիճանաբար թողնել սպորտն ու ողջ ժամանակը հետն անցկացնել: Բայց հիմա դեռ պարտավոր եմ խաղալ՝ ավելի շատ, քան երբեւէ: Հանուն նրա ու իր ապագայի, նաեւ՝ իմ մարզադպրոցի սաների»,- գրել է Աղասին:

2003-ին ծնվեց նրանց դուստրը՝ Ջազ Էլլին, երկուսն էլ ավարտելով կարիերան՝ կենտրոնացան երեխաների դաստիարակության վրա: Երեխաները չեն շարունակել ծնողների ուղին եւ մարզիկներ չեն դարձել:

Լուսանկարը` ATP


«Ցանկացել ենք, որ նրանք սեփական ընտրությունը կատարեն: Երբեք չենք արգելել զբաղվել նրանով, ինչ իրենք կցանկանան: Բայց միեւնույն ժամանակ էլ հետաքրքրել ենք թենիսով: Որոշ ժամանակ մարզվել են, բայց լավ իմացել, թե ինչպիսին է մարզիկների կյանքը: Ուրախ ենք, որ թենիսիստներ չեն դարձել», խոստովանել է Աղասին:

«Լավագույն կինը, որին երբեւէ ճանաչել եմ»

Աղասին ու Գրաֆը զբաղվում են բիզնեսով, բարեգործությամբ ու չեն մոռանում միասին ժամանակ անցկացնելու մասին: Իրենց ներդաշնակ հարաբերություններն ու սերը կարողացել են փայփայել տարիների ընթացքում եւ ավելի մտերմանալ:

Երբ 2004-ին Աղասին հայտնվեց Փառքի սրահում, կնոջն այսպես մեծարեց.

«Ցանկացած տղամարդ պետք է հնարավորություն ունենա իր կնոջը բարձրացնել սեփական փառքի սրահի պատվանդանին: Նայում եմ դահլիճ ու տեսնում երկրպագուների, նախկին չեմպիոնների եւ ցանկանում եմ նրանց պատմել Շտեֆիի մասին: Թող իմանան այն ամենը, ինչ ինքս գիտեմ: Նրան համեմատում եմ վարպետների ու արհեստավորների հետ, որոնք արարել են միջնադարի մեծագույն տաճարները՝ կառուցելով տանիքները, նկուղները եւ հանրության համար անտեսանելի մյուս հատվածները, պահել են նույն բարձրակարգ վարպետությունը եւ մնացել նույնքան պահանջկոտ իրենց աշխատանքի նկատմամբ: Այդպիսին է նաեւ Շտեֆին: Ու միեւնույն ժամանակ նա հենց ինքն է տաճարը՝ կատարելության մեծագույն հուշարձանը: Շտեֆին ամենայուրահատուկ կինն է, որին երբեւէ ճանաչել եմ»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին